ԿարևորՄշակույթ

«Հայկական ջազ, ֆիննական տանգո» ներկայացումը բեմադրվել է Հելսինկիում

Ապրիլի 2-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Քյու» թատրոնում տեղի է ունեցել Ֆինլանդիա-Հայաստան միության ջանքերով ներկայացվել է հայ-ֆիննական «Valo/Լույս» երաժշտական խմբի բեմադրած «Հայկական ջազ, ֆիննական տանգո» ներկայացումը, գրում է ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը։

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրուցում նշել է միության վարչության անդամ եւ գանձապահ Հրաչ Զաքարյանը, միջոցառմանը ներկա են եղել ոչ միայն Ֆինլանդիայում գտնվող Հայաստանի արտգործնախարարության եւ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, այլեւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։ Վերջինս ներկայացումից հետո շնորհավորել է խմբի անդամներին, եւ նշել, որ հավանել է բեմադրությունը։

Ներկայացման հիմնական գաղափարն էր հայկական պոեզիան եւ երաժշտությունը ներկայացնել ֆիններեն, եւ ֆիննականը՝ հայերեն։ Այս անգամ ընտրվել էին հայկական ջազն ու ֆիննական տանգոն։

Ֆինլանդիա-Հայաստան միության վարչության եւ «Valo/Լույս» պոեզիայի եւ երաժշտության խմբի անդամ Մարինա Դանոյանը հայտնել է, որ խումբը ստեղծվել է 2018 թվականին հայ-ֆիննական մշակույթային կամուրջ ստեղծելու նպատակով։

«Խումբը ամեն տարի իր աշխատանքը ներկայացրել է «Քյու» թատրոնում, նախ միայն շեշտը դնելով պոեզիայի վրա, ապա նաեւ ներառելով երաժշտություն։ Այս տարվա ծրագրում նախապատվությունը տրվեց երաժշտությանը, եւ ընտրեցինք ջազն ու տանգոն, որոնք բնորոշ չեն մեր մշակույթներին, բայց դարձել են ջազը՝ հայկական ու տանգոն՝ ֆիննական մշակույթի մասը։ Ցանկացանք ուսումնասիրել, թե ինչու են այս ժանրերը մեր մշակույթներում տեղ գտել։ Ինքներս կատարեցինք այդ երգերը, քանի որ մեր խումբն ըստ էության նաեւ երգչախումբ է դարձել։ Մեր ղեկավարն է «Քյու» թատրոնի պրոդյուսեր Հյուդե Հյուտին, որը մեր ներկայացման սցենարի հեղինակն էր եւ աջակցողը»,- պատմել է Մարինա Դանոյանը։

Նախորդ տարիներին «Valo/Լույս» խումբը բեմադրել է ներկայացումներ նվիրված լեզուների տարբեր դրսեւորումներին, համավարակի հետ կապված՝ մեկուսացման թեմային, պոեզիային՝ «Խարույկի շուրջ» անվանումով։ Քանի որ հաջորդ տարի Ազնավուրի 100-ամյակն է, ցանկանում են նաեւ մեծ երգչին ու դերասանին նվիրված ներկայացում բեմադրել։

Նշվում է, որ Ֆինլանդիայի հայ համայնքը փոքրաթիվ է, թեեւ մարդահամար չի եղել, բայց հայերի թիվը հասնում է 1500-ի։ Հայերը հիմնականում բնակվում են Հելսինկի, Էսպո, Տուրկու, Տամպերե քաղաքներում։ Ամեն ամիս երեխաների համար հայերենի դասընթացներ են կազմակերպում, իսկ տարվա ընթացքում մի քանի միջոցառումներ են անցկացվում նվիրված Ապրիլի 24-ին, Հայաստանի անկախության տոնին եւ հայ մեծերին։

Համայնքի ջանքերով հանգանականություն է կատարվել եւ Հայաստանից խաչքար է բերվել Ֆինլանդիա, որը մոտ ապագայում կտեղադրվի Էսպո քաղաքի Տապիոլա ուղղափառ եկեղեցու բակում։

Back to top button