Մտքի ուժը

Ֆիքսատոր՝ շենքերի ամրությունն ապահովելու համար․ հայ գիտնականի բացառիկ առաջարկը․ «Մտքի ուժը»

Քանի՞ տարի կարելի է աշխատել, հետազոտել, հաշվարկներ անել. մեկ տարի, երկու, հինգ, տասը․ ավելի քան քսան տարի Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի  ազգային համալսարանի շինարարության տեխնոլոգիաների կազմակերպման ամբիոնի վարիչ Վարդգես Գրիգորյանը հաշվարկներ է անում, փորձում է հասկանալ, թե ինչպես կարող է օգնել, որ շինարարությունն ավելի հուսալի դառնա։ Հանրապետության վաստակավոր շինարարն ասում է՝ հաշվարկներն ավարտված են, վերջնարդյունք՝ կա.  

«Երկաթբետոնի նախագծային պահանջներն ապահովելն էր՝ մինչև բետոնացումը։ Ամլարային կմախքի դիրքի ճիշտ տեղադրումը կաղապարի մեջ։ Անվանում ենք ունիվերսալ ֆիքսատորներ։ Շինարարության մեջ օգտագործվող մոտ 14-15 տրամագծի մետաղները մենք ֆիքսում ենք մեկ դետալով։ Ներկայիս պայմաններում ամեն ֆիքաստոր պետք է իր չափն ունենա՝ 10 մմ-ից մինչև 30-35 մմ։ Մեզ մոտ մեկ ֆիքսատորը լուծում է բոլոր մետաղների հարցերը։ Մի անկյուն ենք որոշել, որը, եթե դուք որպես շինարար, մետաղի այդ դիրքը չեք ապահովում, կորցնում եք կոնստրուկցիայի կրողունակությունը»։

Բազմահարկ շենքեր կառուցելիս անգամ մեկ մետաղյա ձողի դիրքի ճիշտ ընտրությունից է նաև կախված կառույցի ամրությունը։ Վարդգես Գրիգորյանը փաստում է՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ շենքերի փլվելու պատճառներից մեկն էլ այն էր, որ մետաղե ամրանները ճիշտ տեղում չեն եղել։ Ավելին՝ առաստաղներում էլ ժանգոտած ամրաններ են եղել։ Վարդգես Գրիգորյանի գիտական առաջարկը լուծում է այդ խնդիրը՝ բացառելով մարդկային գործոնը։ Այն ավտոմատ կերպով ապահովում է ամրանի աշխատանքային ճիշտ բարձրությունը։

Հայաստանում գործող շինարարական նորմերով ու միջազգային ստանդարտներով ամրաններում կիրառվող յուրաքանչյուր մետաղաձողի համար սահմանված բարձրություն կա։ Հենց դա է ապահովում ամրանի աշխատանքային ճիշտ բարձրությունը։ Այստեղ հաջողության հիմնական գրավականն անկյունային ճիշտ հաշվարկն է։ Վարդգես Գրիգորյանի առաջարկած ֆիքսատորը հնարավոր է արտադրել տարբեր նյութերից՝ փայտից, պլաստիկ թափոններից և այլն։ Ընդ որում՝ արտադրությունը հնարավոր է արագ կազմակերպել։ Ֆիքսատորն ունի նաև մի կարևոր առանձնահատկություն՝ տեղադրվում է միայն այն հատվածում, որտեղ անհրաժեշտ է ֆիքսել ամրանի բարձրությունը։ Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի  ազգային համալսարանի դասախոս Աշոտ Մխիթարյանը պատմում է․

«Ֆիքսատորը և այն անկյունը, որը սահմանվել է, ապահովվում է այն նախագծային նորմով ու դիրքով սահմանված բարձրությունը, որը նախագծով անհրաժեշտ է, ու պետք է շինարարության ընթացքում պահպանել։ Բացի ապահովությունը, նաև աշխատանքի ժամանակի խնայողություն է»։

Հայաստանի բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը կառուցվել է խորհրդային տարիներին։ Դրանք կրել են 1988 թվականի երկրաշարժի ազդեցությունը, ենթարկվել են բնական մաշվածության: Բացի այդ, շենքերը նախագծվել և կառուցվել են 7-8 բալային կայունությամբ, ինչի արդյունքում ունենք բարելավման կարիք ունեցող «ծերացած» բնակֆոնդ։ Այսօրվա սեյսմակայունության շինարարական նորմը 9 և ավելի բալն է։ Այդ հաշվարկով են 1990-ից հետո կառուցվել շենքերը։ Այսինքն՝ դրանք բավարարում են նորմերի պահանջներին ու սեյսմակայուն են, վստահեցնում են փորձագետները։

Վարդգես Գրիգորյանի առաջարկածֆիքսատորի գաղափարը սոսկ գիտական առաջարկ չէ, այլ գրանցված գյուտ։ Այն փետրվարին ներկայացվել էՔուվեյթում անցկացված ամենամյա մասնագիտական հավաք-փառատոնին։ Չնայած միջոցառումն արդեն 13 տարի անցկացվում է, Հայաստանը դրան մասնակցել է առաջին անգամ։ Եռօրյա ցուցադրությունից հայ գիտնականը մեդալով է վերադարձել․

«Հիմնականում աշխարհի բոլոր երկրներն էին մասնակցում։ 40 երկիր 183 արտոնագրերով էր մասնակցում։ Մենք հավաստագիր ստացանք, այն ընդունեցին որպես գյուտ։  Ես նաև արժանացա արժաթե մեդալի»։

Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Աշոտ Մխիթարյանի ատենախոսության թեման կրկին շինարարության ոլորտին՝ այս դեպքում սողանքներին ու դրանց կանխարգելմանն է վերաբերում։

Պատմում է․ «BIM  (շենքերի շինությունների տեղեկատվական մոդելավորում) տեխնոլոգիաներն ամբողջ աշխարհում են տարածում գտնում։ Նախագծման փուլում շատ ռիսկեր կրճատվում են ու այն շինարարության փուլ չի տեղափոխվում»։  

Մի քանի տասնամյակ գիտությամբ զբաղվող Վարդգես Գրիգորյանը կարծում է, որ գիտությամբ հեշտ է զբաղվելը։ Այստեղ կարևորը ցանկությունն է։ Հայաստանում, գուցե նաև ամբողջ աշխարհում երիտասարդների մի մասը որոշում է գիտությամբ զբաղվել, բայց նրանց մի մասը կարճ ժամանակ անց փոխում է ոլորտն ու ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնում։ Երիտասարդները գիտության մեջ մնալու տարբեր պատճառներ ունեն։ Աշոտ Մխիթարյանին օրինակ գիտության մեջ պահում է մոտիվացիան։  

Back to top button