ԿարևորՀասարակություն

Հասարակությանը հասարակագիտական կրթություն է պետք

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հեղինակները որոշել են մոբիլիզացվել՝ մարդու կյանքը արժևորող, քաղաքացիական պարտքը գիտակցող, երկրի զարգացման հարցերով մտահոգվող երիտասարդներ կրթելու համար։ Հնգամյա ծրագրի ավարտին ակնկալվում է սեփական և համաշխարհային խաղաղաշինության գործին ներգրավվելու պատրաստ երիտասարդություն ունենալ։ Թե ինչպես է դա արվելու, ներկայացնում է ծրագրի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը․

«Ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանում արտադպրոցական և դպրոցական քաղաքացիական կրթության որակը և ընդլայնել դրա ազդեցության շրջանակը, որ խթանվի երիտասարդների ներգրավումը հանրային կյանքում։ Ծրագիրը կազմված է երկու բաղադրիչից՝ ֆորմալ քաղաքացիական կրթության բաղադրիչը և երիտասարդների ներգրավածության բաղադրիչը։ Անելիքների բավական լայն շրջանակ կա․ 1000-ից ավելի հասարակագիտության ուսուցիչների վերապատրաստում, ուսումնական նախագծերի կազմակերպում, 7 ուսումնական հաստատություններում քաղաքացիական կենտրոնների գործարկում, փոդքասթեր, մամուլի հետ համագործակցություն, աշխատաժողովներ, երիտասարդական-քաղաքացիական համաժողովներ»։

Ծրագրի հիմնական խնդիրը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջոցով հասարակագիտական մտքի զարգացումն է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հիմնականում կարևորվում է բնագիտական, տեխնոլոգիական, մաթեմատիկական, ճարտարագիտական կրթությունը։ Բաց է մնում այն հարցը, որ առանց հասարակագիտական պատշաճ կրթության բոլոր գիտելիքները կարող են երկրի համար ոչ միայն անօգուտ, այլև վտանգավոր դառնալ․

«Քաղաքացիական կրթության և մասնակցության շուրջ մեր աշխատանքները երբեք չեն կարող ավել լինել, որովհետև մենք խոսում ենք շատ լուրջ ու մեծ փոփոխությունների մասին, և այստեղ յուրաքանչյուրիս կողմից արված աշխատանքը գալու է նպաստելու ընդհանուր գործի կայացմանը։ Կարևորում եմ, որ ծրագիրը հասցեագրում է ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթությունը, որովհետև այսօր մի իրողության մեջ ենք, որտեղ ֆորմալ կրթությունը այևս չի հանդիսանում կրթություն ստանալու միակ և որոշ մակարդակներում նաև գերակայող համակարգը»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ փորձում ենք պարզել՝ ինչու՞ այնպես ստացվեց, որ հասարակությունը թերարժևորեց հասարակական գիտությունն, ու նման ծրագրերով քաղաքացիական կրթություն ապահովելու անհրաժեշտություն առաջացավ․

«Որովհետև այդ մասնագիտությամբ ֆակուլտետներում (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, հոգեբանություն) կան բավարար թվով դիմորդներ, և մեզ թվում է, որ քանի որ դիմորդներ կան, ոնց որ թե կարգին է վիճակը, իսկ եթե, օրինակ՝ բնագիտական ֆակուլտետներում դիմորդ չկա, ուրեմն հենց դա պիտի խրախուսենք։ Բայց չպետք է խաբվենք քանակական գործոնով։ Մենք շատ քիչ գործ ենք արել վերջին 30 տարիներին, որովհետև խորհրդային տարիներին այդ գիտությունները հիմանկանում գաղափարայնացված էին, բայց հետո, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, մեզ պետք էր հասարակագիտական կոնցեպտներ ստեղծել, ինչը, ցավոք, մենք չարեցինք և հիմնականում, տարբեր տեղերից կրկնօրինակելով, ինչ-որ մոդելներ փորձեցինք տեղակայել»։

2022-27 թվականները ընդգրկող ծրագիրը թիրախավորել է կարողությունների զարգացումը։

«Մենք գիտելիքահեն ուսումնառությունից արդեն անցնում ենք կարողունակահեն ուսումնառության, որով կարևորվում է ոչ միայն գիտելիքի, այլ հմտությունների փոխանցումը, արժեքների և դիրքորոշումների ձևավորումը։ Դա մեր ցանկալի վերջնարդյունքն է՝ ժողովրդավարական կարողունակությունը, որովհետև դրա իրացմամբ է, որ մենք կարող ենք ունենալ ժողովրդավար հասարակություն»,- ասում է Մարիամ Մարտիրոսյանը։

Ժամանակն է, որ կարողությունների զարգացման խնդիրը դրվի ինչպես ոչ ֆորմալ, այնպես էլ ֆորմալ կրթություն ապահովող կառույցների առաջ՝ կարծում է կրթության փորձագետը։ Նա վստահ է՝ դա հենց դպրոցի գործառույթն է․

«Դրանք կոչվում են փափուկ կարողություններ, և հենց դրանցով է որոշվում՝ տվյալ հասարակությունը ի՞նչ որակի հարաբերություններ, կառուցվածք ունի։ Դրա համար դա դպրոցի համար առաջնային խնդիրն է։ Այո, գիտելիքը կարևոր է, դա չպետք է անտեսենք, բայց նաև դպրոցը մեզ պետք է սովորեցնի համակեցություն, որի խնդիրը մենք այսօր ունենք Հայաստանում։ Ինչպես տեսնում եք՝ հասարակությունը շատ բևեռացված է, մարդիկ իրար չեն ընդունում, շատ տարբերվում են իրարից և հաճախ չեն ուզում իրար հետ խոսել, խոսում են միայն յուրայինների հետ, նրանց, ում հետ համամիտ են։ Մենք չունենք տարբեր մտածելակերպների առողջ բանավեճը, և սա էլ, իհարկե, հասարակագիտական կրթության բացերից է»։

Այս բացերը լրացնելու համար է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ֆինանսավորել «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը։ Այն իրականացնողները՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը», «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն — ՍԻՎԻՏԱՍ»-ը, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը», «Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի» կազմակերպության գլխավորությամբ, վստահ են՝ երկարաժամկետ ծրագրերը կրթության որակ ու մտածողություն են փոխելու։

Back to top button