ԿարևորՀասարակություն

Ի՞նչ է առաջարկում կառավարությունը գիտնականներ և պրոֆեսիոնալներ «որսացող» գործատուին

Կառավարությունն այս տարվանից  աջակցելու է այն ընկերություններին, որոնք  համագործակցում են  բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ։  Նախորդ տարվա օգոստոսին ընդունված  որոշմամբ գործադիրը մանրամասնել է, թե ով է համարվում բարձրագույն որակավորում ունեցող մասնագետ և ինչպես են փոխհատուցվելու նրանց հրավիրելու ծախսերը։ Ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարից, վերջնաժամկետը 2026 թվականն է։  Գործադիրը նախատեսում է ամեն տարի Հայաստան ժամանած շուրջ 400 մասնագետի համար փոխհատուցում տրամադրել։

Ի՞նչ է առաջարկում կառավարությունը

Փոխատուցում գործատուին՝ լավագույն մասնագետներին աշխատանքի ընդունելու համար։ Իսկ ովքեր են համարվում լավագույն մասնագետներ։Կա ԲՈՈՒՄ-ների երեք խումբ․ առաջինը նրանք են, որոնք ավարտել են աշխարհի լավագույն 400 բուհերից մեկը։ Երկրորդ խմբում համաշխահային լավագույն ընկերություններում 10 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող մասնագետներն են։ Երրորդ խմբում գիտական աստիճան ունեցող պրոֆեսորներն են, որոնց բուհերը հրավիրում են դասավանդելու։ Փոխատուցումն առավելագույնը 20%- է, ոչ ավելի, քան ամսական մեկ միլիոն դրամ։ Դոկտորական աստիճան ունեցողներին՝ առավելագույնը 50%, ոչ ավելի քան ամսական 1 500 000 դրամ, իսկ ԲՈՒՀ-երում դասավանդելու դեպքում կփոխհատուցվի 70%-ը, սակայն ոչ ավելի, քան ամսական երկու միլիոն դրամը: Նորարարության և ձեռներերության ազգային կենտրոնի մասնագետ Սոֆիա Փարսադանյան․

«Այս ծրագիրը պահանջում է, որ մարդիկ գան Հայաստան, աշխատեն և ապրեն այստեղ ու ազդեն Հայաստանի միջավայրի փոփոխությունների վրա։ Սա շատ կարևոր է։ Հաճախ ենք լսում, որ մարդկային կապիտալը կարևոր բան է։ Պետական փոխատուցման այս ծրագիրն աշխատում է մարդկային կապիտալն աճեցնելու ձևերի վրա։ Սա շատ ունիկալ է, որովհետև պետական աջակցությունը սովորաբար երկու ուղղություն է ունենում․  կրթական, երբ բիզնեսմենները  կարճաժամկետ սովորում ենու որոշակի իրավասություն ստանում կամ ֆինանսական աջակցություն, որովսարքեր են ձեռք բերում։ Սակայն շատ քիչ երկրներ կան, որտեղ պետականաջակցությունն նպաստում է մարդկային կապիտալ ներգրավելուն»։

Ովքե՞ր են ԲՈՈՒՄ-ները

ԲՈՈՒՄ-ները պետք է համապատասխանեն երկու պարտադիր չափանիշների․ նրանք պետք է առնվազն 12 ամիս այլ երկրում ապրելու , կրթվելու և աշխատելու փորձ ունենան։ Կազմակերպության դիմելու պահին ԲՈՈՒՄ-ն արդեն 2 ամիս պետք է աշխատելիս լինի տվյալ ընկերությունում։ Այս տարվա առաջին եռամսյակին 500-ից ավելի հայտեր են սպասվում։ ՆՁԱԿ-ին են դիմում ՏՏ ոլորտի ընկերություններ և գիտահետազոտական կառույցներ։ Աշխարհի թոփ 400 բուհ ավարտած և 10 տարուց ավելի դրսում աշխատած մասնագետն, ըստ որոշ տվյալների, տարեկան վաստակում է 150 հազար դոլարից ավելի: Եթե ՏՏ ընկերությունը պատրաստ է հրավիրել նման մասնագետի և աշխատավարձի չափով պայմանավորված փոխատուցումը գերազանցի 20 տոկոսը, արդյոք կառավարությունը պատրաստ է վճարել ավելին, թե սահմանափակումներ կան։

«Սահմանափակումները չեն կարող չաշխատել, որովհետև դրանք կառավարությանորոշման տեքստում են նշված։ Դրանք չենք կարող շրջանցել»։ 

Ինչո՞ւ գալ Հայաստան

Կազմակերպությունները կարող են դիմել ծրագրին մինչև 2025թ-ի ավարտը, փոխատուցում ստաnալ մինչև 2026-ը։ ՆՁԱԿ-ը հունիսին արդեն վիճակագրություն կունենա, ըստ որի, կհասկանա՝ ինչպես է ծրագիրն աշխատում և ինչպես կարելի է այն կատարելագործել։ Ծրագրի թիրախում միայն հայ մասնագետները չեն, այլ աշխարհի մասնագետների բազան։  Ինչո՞վ է այս ծրագիրը գրավիչ նման մասնագետների համար, ինչո՞ւ նրանք պետք է իրենց աշխատավայրը, երկիրը թողնեն, գան այստեղ և որոշեն Հայաստանում գտնվող  ընկերությունների հետ համագործակցել։

«Իհարկե, ԲՈՈՒՄ-ները պարտավոր չեն լսել այս ծրագրի մասին և անմիջապես մտածեն՝ երբ են գալու Հայաստան։ Հասկանում ենք, որ դա մեծ գործընթաց է։ Հիմա սոցիալական փաթեթի վրա ենք աշխատում, որովհետև հասկանում ենք՝ ԲՈՈՒՄ-ն ունի ընտանիք, երեխա, ծնողներ։ Եթե նա Հայաստանի որևէ ընկերությունից առաջարկ է ստանում, իր համար կարևոր է՝ ինչ մանկապարտեզ, դպրոց են գնալու իր երեխաները, ինչ բժշկական ծառայությունից կարող է օգտվել։ Մենք հիմա աշխատում ենք այդ տեղեկատվական-սոցիալական փաթեթի վրա, որ ընկերություններին փոխանցենք։ Ընկերություններն էլ իրենց հերթին ԲՈՈՒՄ-ների կփոխացեն, որ ըստ այդմ կարողանան որոշում կայացնել»։

Արդյունքը տեսնում և ստանում է կազմակերպությունը

Ինչպես է վերահսկվելու ծրագրի արդյունավետությունը և ինչպես է չափվելու մասնագետի տված արդյունքը։ Պատասխանում է Սոֆիա Փարսադանյանը․

«Վերահսկողություն այս պահին կառավարության որոշման մեջ նշված չէ։ Սակայն փոխատուցումը ստանում է կազմակերպությունը։ Սա նշանակում է, որ կազմակերպությունն աշխատավարձ է վճարում իր աշխատակցին։ Եթե կազմակերպությունն արդյունք չտեսնի իր աշխատակցից չի շարունակի աշխատել նրա հետ։ Եթե ինչ-որ մասնագետ գալիս է և միայն երկու ամիս է աշխատում այդ կազմակերպությունը հնարավորություն չունի երկու ամսվա համար փոխատուցում ստանալու։ Փոխատուցում կազմակերպությունը կարող է ստանալ մինչև 36 ամիս, սակայն սկսում է ստանալ հայտը հաստատվելու հետո միայն։ Հայտը կարող է լրացնել այն պահին, երբ այդ մասագետն արդեն երկու ամիս աշխատել է։ Արդյունքը տեսնում և ստանում է կազմակերպությունը, հայկական միջավայրը և պետությունը, որովհետև այդ կազմակերպությունը հարկեր է վճարում, աշխատանքային տեղեր է ստեղծում։ Իսկ այդ ԲՈՈՒՄ-ը այստեղ է ապրում և այս միջավայրի անդամ է»։

Առաջին դիմորդները

Cyberhull ընկերությունը հիմադրվել է 2008թ-ին Ռուսաստանում։ Գրասենյակ ունեն նաև Պորտուգայիայում, ԱՄՆ-ում։ Հայաստանում են 2022-ի մարտից։ Ընկերության հիմնական պատվիրատուները Միացյալ Նահանգներից են։  CyberHull-ն օգնում է ընկերություններին մեծացնել իրենց ծրագրային ապահովման մշակման թիմերը՝ ՏՏ լավագույն տաղանդներով: Ընկերության թիմն այժմ ընդլայնման փուլում է: Երևանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Յուրի Նշանյան․

«Մասնագետներն արդեն աշխատում էին մեզ մոտ, մենք տեսանք, որ նրանք համապատասխանում են այս արտոնության պահանջներին և որոշեցինք հայտը լրացնել։ Այս ամիս լրանում է մյուս արտոնության ժամկետը, որը մեզ անցյալ տարի էր տրամադրվել։ Այն, բնականաբար, մեզ ֆինանսական առումով օգնել է: Մենք բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջ ունենք։ Իհարկե, կադրային համալրում անում ենք, երբ դա կարող ենք մեզ թույլ տալ։ Վճարում ենք նրանց կրթության համար։ Եթե անգամ աշխատակցին վերցնում ենք, սովորեցնում, միևնույն է նրանց աշխատավարձ ենք վճարում։ Փաստացի նրան սովորեցնելով մինուսով ենք աշխատում՝ հաշվի առնելով հեռանկարները։ Այդ պատճառով մեզ համար դա միշտ լուրջ ներդրում է։ Այս պահին, ցավոք, համաշխարհային տնտեսությունը քայլերի որոշակի պահպանողականություն է թելադրում։ Սակայն ծրագրում ենք ընդլայնվել, և շահագրգիռ կողմերի հետ շփվելով կարող եմ ասել, որ նրանք Հայաստանում երկար են մնալու, սա երկարաժամկետ ներդրում են համարում»։ 

Ընկերության ԲՈԱՄ-ները ծրագրավորողներ են,   ծրագրային տեստավորւմ ստեղծող մասնագետներ, ամպային(Cloud) ինժեներներ:

Նախագիծը նպաստում է փո՞քր, միջի՞ն, թե՞ խոշոր բիզնեսին

Փորձագետների դիտարկմամբ, մասնագետների ներհոսքի ծրագրից հիմնականում օգտվելու են միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։ Ստացվում է, որ խոշոր բիզնեսը, որն ավելի լավ պայմաններում է, քան փոքրը, նման աջակցություն է ստանալու և  ավելի գերազանցի մյուսներին։ Խոշոր, միջին և փոքր բիզնեսների միջև խզումը կանխելու համար կառավարությունը պետք է կադրերի աջակցման ծրագիր մշակի նաև միջին և փոքր բիզնեսների համար, քանի որ վերջիններս արտերկրի մասնագետների ներգրավման և վերապատրաստումներ անցկացնելու սուղ ռեսուրսներ ունեն։ Այս դիտարկման հետ համաձայն չէ ՆՁԱԿ-ի ներկայացուցիչը։ Սոֆիա Փարսադանյան․

«Բացարձակ համաձայն չեմ այդ մտքի հետ։ Փոքր բիզնեսը մասնագետների ամենամեծ պահանջն ունի, սակայն ամենփոքր ֆինանսական հնարավորությունը, որ ԲՈՈՒՄ-ներ բերի։ Այս ծրագիրը փոքր բիզնեսին հնարավորություն է տալիս նախատեսել՝ ինչ արդյունքների համար ինչ մասնագետ է պետք ու ներգրավել։ Մինչև 3 տարի փոխատուցում ստանալ այդ մասնագետի համար։ Ծրագիրն ավելի շատ հնարավորություն է տալիս փոքր բիզնեսին, որովհետև միջին և խոշոր բիզնեսն ավելի շատ ֆինանսական հնարավորությւոններ ունեն՝ մասագետներ ներգրավվելու համար»։

Գործատուները կարող են պետության կողմից աջակցությամբ ներգրավել նաեւ արտասահմանցի փորձագետների։  Բայց այս պահին չկա հնարավորություն գրանցվել Հայաստանում, սակայն աշխատել հեռավար տարբերակով։

Back to top button