ԿարևորՀասարակություն

Փոխհատուցում գործատուին՝ գիտնականին «որսալու» համար․  կառավարության նոր առաջարկը

Ըստ պաշտոնական աղբյուրների` Հայաստանում 1 ժամում միջին արտադրողականությունը 6 դոլար է՝ 2940 դրամ, ԵԱՏՄ-ում՝ 11 դոլար՝ 5,390 դրամ, իսկ զարգացած երկրներում՝ 43 դոլար է՝ 21 080 դրամ։ Երկրի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդլայնել է  ոլորտները, որոնցում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, ֆինանսական վարձակալությամբ՝ լիզինգով մեքենա-սարքավորումների ձեռք բերել կկարողանան։ Ավելացել ենլոգիստիկա, տեղեկատվություն և կապ, առողջապահություն, կրթություն և հանքարդյունաբերության ոլորտները։ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ մեկ գործարքի առավելագույն սահմանաչափը  10 մլրդ դրամ է։ Մինչ օրս 200 ընկերություն 11,4 միլիարդ դրամի սարք-սարքավորում է ներմուծել։

«Օրինակ, եթե մի բիզնեսմեն որոշել է գնել մեկ միլիոն արժողությամբ որոշակի հոսքագիծ, գնում է բանկ, կնքում պայմանագիր, և պետությունը տոկոսների զգալի մասը 3-4 տարում սուբսիդավորում է ՝ կախված գումարի չափից և տևողությունից։ Ներկա դրությամբ 200-ից ավելի կնքված գործարք ունենք»։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ բիզնեսի մրցունակությունը կախված է արտադրողականությունից։  Այս ծրագիրն անգամ ուշացած է՝ հաշվի առնելով դոլար-դրամ փոխարժեքը, որն արտահանողներին մեծ հարված է հասցրել՝ ասում է։

«Այս ծրագրի կարիքը դեռ երեկ ունեինք, և դրա արդյունավետությամբ է պայմանավորված լինելու Հայաստանի ապագա զարգացումը։ Շատ կարևոր է ծրագրի կիրառական մասը ո՞վ է կիրառում, ինչպե՞ս, ի՞նչ արդյունավետություն ունի, արդյո՞ք մարդիկ վստահում են այդ ծրագրին, ընթացքում ինչպիսի՞ խնդիրներ են ի հայտ եկել»։

Արտադրողականությունը բարձրացնելու կառավարության հաջորդ քայլը բարձր որակավորմամբ մասնագետների ներգրավումն է։ Նախատեսվում է 2023թ. հունվարից Հայաստան ժամանած տարեկան շուրջ 400 մասնագետի փոխհատուցում տրամադրել: Փոխատուցումն առավելագույնը 20%- է, ոչ ավելի, քան ամսական մեկ միլիոն դրամ։ Դոկտորական աստիճան ունեցողներին՝ առավելագույնը 50%, ոչ ավելի քան ամսական 1 500 000 դրամ, իսկ ԲՈՒՀ-երում դասավանդելու դեպքում կփոխհատուցվի 70%-ը, սակայն ոչ ավելի, քան ամսական երկու միլիոն դրամը: Աշխարհի թոփ 400 բուհ ավարտած և 10 տարուց ավելի դրսում աշխատած մասնագետն, ըստ որոշ տվյալների, տարեկան վաստակում է 150 հազար դոլարից ավելի: Եթե ՀՀ-ում գործատուն պատրաստ է այդքան վճարել մասնագետին, իսկ կառավարության փոխատուցումն այդ դեպքում գերազանցում է 1 մլն դրամը, ապա գործատուն կարո՞ղ է օգտվել ծրագրից՝ հարցին պատասխանում է փոխնախարարը։

«Դրամային առումով սահմանափակում կա դրված, եթե վերցնում ենք բակալավր և մագիստրոս, ապա կառավարության կողմից  փոխատուցումների  սահմանաչափը մեկ միլիոն դրամն է։ Եթե դրանից բարձր կլինի՝ ոչ մի սահմանափակում չկա, այսինքն, եթե աշխատավարձը շատ ավելի բարձր կլինի, կառավարությունը, միևնույն է, առավելագույն նշված չափով կփոխատուցի, բայց արգելք չկա, այդ մարդիկ նույնպես կարող են մասնակցել։ Սակայն այդտեղ որոշակի նյուանս կա, նշվեց 150 000 դոլար աշխատավարձ, որն արտասահմանում են տրամադրում, ու ենթադրվում է, որ նույն աշխատավարձը պետք է վճարվի Հայաստանում, ինչն ամենևին այդպես չէ»։

Ծրագրի թիրախում միայն հայ մասնագետները չեն՝ ասում է Գևորգյանը։ գործատուները կարող են պետության կողմից աջակցությամբ ներգրավել նաեւ արտասահմանցի փորձագետների։  Բայց այս պահին չկա հնարավորություն գրանցվել Հայաստանում, սակայն աշխատել հեռավար տարբերակով։

Սարք-սարքավորումների ներկրումը պետք է ուղեկցվի կադրերի «ներկրմամբ», քանի որ տեղում նման կադրեր չեն «արտադրվում»՝ ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նրա խոսքով՝ կադրեր բերելուց զատ շատ կարևոր է որոշակի արդյունքների ապահովումը։

 «Այստեղ արդյունքի տեսանկյունից հենց սկզբից պետք է խիստ որոշակի վերահսկողություն դնել, այսինքն՝ այդ ծրագրի շրջանակում կադրը եկել, ի՞նչ արդյունք է տվել սարքավորում է ներդրել, թե՞ ուղղակի եկել է դասախոսություն կարդացել ու գնացել, թե՞ խորհրդատվություն է մատուցել»։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝  տնտեսության արդիականացման ծրագիրը երկու խնդիր է լուծում՝ մասնագետների ներհոսք և վերապատրաստումների խրախուսում։ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ՝ ծրագրից հիմնականում օգտվելու են միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։ Ստացվում է, որ խոշոր բիզնեսը, որն ավելի լավ պայմաններում է, քան փոքրը, նման աջակցություն է ստանալու և  ավելի գերազանցի մյուսներին։ Խոշոր, միջին և փոքր բիզնեսների միջև խզումը կանխելու համար կառավարությունը պետք է կադրերի աջակցման ծրագիր մշակի նաև միջին և փոքր բիզնեսների համար՝ կարծում է տնտեսագետը, քանի որ վերջիններս արտերկրի մասնագետների ներգրավման և վերապատրաստումներ անցկացնելու սուղ ռեսուրսներ ունեն։

Back to top button