ԿարևորՀասարակություն

Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Սահմանադրական դատարանն այսօր՝ մարտի 24-ին, հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։

Բարձր դատարանը որոշել է, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

Հարցը քննարկվել է գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, որ հատուկ կարծիք են ներկայացրել դատավորներ Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը։

2022-ի տարեվերջին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կանոնադրության ճանաչման հարցին անդրադարձը, ըստ Կառավարության, պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։

Չնայած Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1999 թվականին, սակայն 2004 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ կանոնադրությունը մասամբ անհամատեղելի է Հայաստանի սահմանադրության հետ և չի կարող վավերացվել։

Միջազգային քրեական դատարանն աշխարհի առաջին մշտական միջազգային դատարանն է, որը հետաքննում է պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը:

Դատարանի մանդատի առանցքային նշանակությունը փոխլրացման սկզբունքն է, ինչը նշանակում է, որ Դատարանը կմիջամտի միայն այն դեպքում, եթե ազգային իրավական համակարգերը չեն ցանկանում կամ չեն կարողանում հետաքննել և հետապնդել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների մեղավորներին:

Back to top button