ԿարևորՄշակույթ

Հայ-վրացական բարեկամություն՝ թումանյանական ուղիով․ Թումանյանի հիշատակի միջոցառումներ Թբիլիսիում

Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի կապակցությամբ Թբիլիսիի Գիորգի Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում բացվել է «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 13-ը։

Ցուցադրությանը ներկայացված են Թումանյանի ձեռագրեր, լուսանկարներ, վրաց մշակույթին նվիրված բացառիկ ստեղծագործություններ, ինչպես նաև «Խորհրդավոր տուփը», որի մեջ 100 տարի առաջ՝ մինչ հողին հանձնելը, ամփոփվել էր բանաստեղծի սիրտը:

Թումանյանը, որ վաղ պատանեկան հասակից մինչ կյանքի վերջին օրերը ապրեց և ստեղծագործեց Թիֆլիսում, մինչև ուղն ու ծուծը դարձել էր թիֆլիսցի․ Թումանյանի թիֆլիսյան տներից մեկում այսօր գործող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ներկայացուցիչ Գոհար Մազմանյանի խոսքով, գալով Թիֆլիս՝ Թումանյանն ամբողջովին ընդունել էր այն կենցաղը, դեմքը և տեսքը, ինչ հարյուր տարի առաջ հարիր էր Թիֆլիս քաղաքին․ դա է պատճառը, որ Թումանյանն ու Թիֆլիսն ուղղակի անքակտելի են․   

«Դա խոսում է այն մասին, որ ինքը որպես մեծ մարդասեր, կարողացավ իր շուրջը հավաքել հայ, վրաց և ռուս մտավորականությանը՝ վայելելով նրանց սերն ու հարգանքը։ Եւ այսօր՝ 100 տարի անց, հայ և վրաց մտավորականության ներկայությամբ կրկնում ենք այդ ուղին՝ կարևորելով թումանյանական գաղափարները, մարդասիրությունը, հայ-վրացական բարեկամությունը»։  

1883-ին, առաջին անգամ Թումանյանը Թիֆլիս եկավ՝ ուսումնարան մտնելու․ «ինձ թվաց, թե ընկա մի հսկայական հարսանքատուն: Զուռնա, դհոլ, դայիրա, նաղարա, ծափ-ծիծաղ, պար, երգ … Էն էլ ոչ թե տներում, այլ դուրսը, դռներին, կտուրներին: Մանավանդ իրիկնապահերին: Կիրակի ու տոն օրերս հո — գլուխ բեր, որ դիմանա: Զուգված, զարդարված շրըխկում ու զրընգում էր ամբողջ քաղաքը», — այսպես էր գրել Թումանյանը, որ Վրաստանին ու վրաց գրականությանը ոչ միայն առօրյա կյանքում էր ծանոթանում այլև նաև գրքերի միջոցով․ Երևանի Հովհ․ Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշում է, Երևանից Թբիլիսի է բերվել 26 թանգարանային առարկա․

«Նրա անձնական գրադարանում Վրաստանին առնչվող բազմաթիվ գրքեր կան։ Իհարկե, բոլորը հնարավոր էր չէր այստեղ բերել, բայց կատարվել է շատ նուրբ ընտրություն՝ առանձնացվել են հատկապես վրացի գրողներ Գրիշաշվիլիի, Աբաշիձեի, Ռոբաքիձեի ընծայագրերով գրքերը՝ նվիրված Թումանյանին։ Եւ ամենկարևոր թանգարանային առական, որ այստեղ ցուցադրվում է մի խորհրդավոր տուփ է, որում ժամանակին պահվել է Թումանյանի սիրտը»։  

Ցուցադրությանը մեջ ներառվել են նաև վրացական գրականության թանգարանում պահվող Թումանյանի ձեռագրերը։ Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանին հանձնվեց Թումանյանի մասին պատմող գիրք, տնօրեն Լաշա Բաքրաձեին՝ խորհրդանշական պարգևներ՝ Թումանյանի և Շոթա Ռուսթավելիի մեդալիոններ․  

«Սա կարևոր ցուցահանդես է, քանի որ այսօր, ցավոք հայերն ու վրացիները միմյանց մասին քիչ գիտեն։ Հայ մեծ, թբիլիսցի գրողին նվիրված ցուցահանդեսը կարևոր է նաև վրացիների համար։ Սա ավելի ու ավելի կամրապնդի հայ -վրացական բարեկամությունը, որի ջատագովն էր հենց ինքը՝ Թումանյանը»։  

Թումանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Թբիլիսիում կշարունակվի մինչև ապրիլի 13-ը։

Back to top button