ԿարևորՀասարակություն

Խախտո՞ւմ, թե՞ տեխնիկական խնդիր․ ԱԺ-ն Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ չի դիմի

Խորհրդարանն այսօր քննարկել է «Հայաստան» խմբակցության հեղինակած որոշման նախագիծը, որով առաջարկվում էր ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Հարցը քննարկվել է առանց Սեդա Սաֆարյանի մասնակցության: Աժ–ն որոշել է, որ դատավորի լիազորությունները կասեցնելու հարցով ՍԴ չի դիմի։

«Հայաստան» խմբակցության հեղինակած որոշման նախագիծը՝  ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին, բացասական եզրակացություն էր ստացել  պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Դրա շուրջ թեժ քննարկումը շարունակվել է  նաև նիստերի դահլիճում։

Նախագծի հեղինակների խոսքով՝ նախաձեռնության հիմքում  փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունն է և լրատվամիջոցների հրապարակումները: Ընդդիմադիրները վիճարկում են ՍԴ դատավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու խնդիրը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան։

«Սեդա Սաֆարյանը, ԱԺ–ի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր եւ լինելով անհատ ձեռնարկատեր, պահպանել է իր այս կարգավիճակը մինչեւ 2023 թվականի հունվարի 27-ը։  Մինչդեռ ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում պետք է դադարեցներ այդ կարգավիճակը՝ դուրս գար պետական հաշվառումից, ինչպես դա սահմանված է պատգամավորի դեպքում»:

Իշխանական պատգամավորները համոզված են, որ ընդդիմության համար խնդիրը Սեդա Սաֆարյանի անձն է, և ոչ թե խախտումը։  Այդ կարծիքին է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Սեդա Սաֆարյանի գործունեությունը շարունակում է հանգիստ չտալ «Հայաստան» խմբակցության լիդեր Ռոբերտ Քոչարյանին, իսկ հարցը հիմա քննարկվում է, որ Ռոբերտ Քոչարյանի հոգին բավարարվի»:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն արձագանքում է՝ Սեդա Սաֆարյանի «հետևից ոչ ոք չի ընկել», ընդդիմությունն ուզում է կանխել ՍԴ–ն առնչվող խախտումները։

«Սեդա Սաֆարյանի հետևից ոչ ոք չի ընկել, ինքն է իր հետևից ընկել։ Այստեղ չենք քննարկում, թե ոնց է Սաֆարյանն իր ամուսնուն վարորդ նշանակել, հարցը միայն իրավունքի խնդիրն է»։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը հստակեցնում է՝ Սեդա Սաֆարյանը 2022 թվականի նոյեմբերի 30-ին դիմել է Փաստաբանների պալատ՝ խնդրելով կասեցնել փաստաբանական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տվող իր արտոնագրի գործողությունը նույն թվականի դեկտեմբերի 8-ից:

«Դեկտեմբերի 15-ի որոշմամբ՝ Սեդա Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է, ինչի հիման վրա դեկտեմբերի 19-ին որոշում է կայացվել փաստաբան Սեդա Սաֆարյանին ժամանակավորապես հանելու փաստաբանների ցուցակից: Վերը նշվածը վկայում է, որ Սեդա Սաֆարյանը ձեռնարկել է համապատասխան բոլոր միջոցները դեռևս դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ՝ իր ձեռնարկատիրական գործունեության համար հիմք հանդիսացող փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցնելու համար»։

Մինչ ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանն ընդգծում է, որ  տեղի ունեցածը ընդամենը տեխնիկական խնդիր է, ոչ թե օրենքի խախտում, ընդդիմադիր Ագնեսա Խամոյանը հակադարձում է՝ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել օրենքի խախտում, և դա փաստում են նաև իշխանական պատգամավորները։

« Ձևակերպումներ առանձնացրեցի՝  «մոռացություն», «անփութություն» , «տեխնիկական խնդիր»,   իրավիճակը փորձեց ավելի գեղեցկացնել Սերգեյ Բագրատյանը՝  էմոցիոնալ հարցադրում հնչեցնելով՝ ի՞նչ եք հետապնդում։   Ու այս ձևակերպումներն անում են մարդիկ, որոնք Հրայր Թովմասյանի նվիրած գրիչից մի ամբողջ լեգենդ են հյուսել, որոնք դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցրել են, որովհետև մեկ օր զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ, արձագանքելով Խամոյանին,  ընդգծում է՝ իշխանականներն արդարացում չեն փնտրում։

«Փաստ է, որ այո, կարգի խախտում կա, կարգի խախտման պատճառը հստակ է։ Ես այստեղ միայն մոռացության խնդիր եմ տեսնում։  Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, ես առաջարկում եմ ոչ թե ԱԺ–ով դիմել ՍԴ, այլ ճանապարհով դիմել։  Թող նաև հետաքննություն անցկացվի,  հասկանանք՝ արդյո՞ք այդ կարգապահական խախտումը որքանով է ազդում  ՍԴ դատավորի կարգավիճակի վրա։ Եթե հաստատվի, որ իսկապես էական կարգապահական խախտում կա, ես ձեզ խոստանում եմ՝ ոչ միայն կողմ եմ քվեարկելու, այլև իմ գործընկերներին եմ համոզելու կողմ քվեարկել»։

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը պետք է ընդունվի  ԱԺ գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

ՔՊ-ն քվեարկությանը չմասնակցեց։ ՍԴ դիմելու որոշմանը կողմ քվեարկեց  30 պատգամավոր, որոշումը չընդունվեց։  

Back to top button