ԿարևորՀասարակություն

Համակերպվե՞լ, թե՞ չհանդուրժել․ թափառող շների խնդիրը դեռ մնում է անլուծելի

Հայաստանի կենդանասեր ակտիվիստների ջանքերով թափառող շները ոչ թե ոչնչացվում, այլ ստերջացվում են և շարունակում են ապրել մեր կողքին՝ բակերում, փողոցներում։ Բնակավայրերում թափառող շների առկայությունը, սակայն, խիստ վնասակար է մի քանի առումներով։ Այն վտանգում է մարդկանց հանգիստը, առողջությունը և նույնիսկ կյանքը։ Թափառող շները նաև նվազեցնում են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը։ Մինչ հյուրերն ու տեղացիները ահազանգում են այս բոլոր վտանգների մասին, կենդանասերները պնդում են՝ պետք է պահպանել կենդանիների հետ համակեցության կանոնները, քանի որ բնակավայրերը նաև նրանց համար են։

Թափառող շների խնդիրը կրկին արդիական է։ Հանրապետության տարբեր բնակավայրերից մարդիկ ահազանգում են, որ վերջին շրջանում շատացել ու ակտիվացել են թափառող շները։ Հաճախ ենք լսում այդ կենդանիների ագրեսիվ պահվածքի և որոշ դեպքերում՝ նաև մարդկանց վրա հարձակվելու մասին։ Այդ հարձակումներից տուժողներն ասում են, որ նույնիսկ ժամանակ անց, վախը չի անցնում։ Երեխաները վախենում են տանից մենակ դուրս գալ, ծնողներն էլ անհանգիստ են՝ հանկարծ դեպքը նորից չկրկնվի։

Չնայած այս ահազանգերին ու մտահոգություններին, կենդանասերները շտապում են հիշեցնել կենդանիների իրավուքների մասին։ 2019-ից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար Հայաստանի օրենսդրությամբ քրեական պատիժ է սահմանվել։ Ըստ այդմ՝ թափառող շներին այլևս չեն վերացնում․ ստերջացնում են, վնասազերծում ու բաց թողնում։ Սակայն այդ պրակտիկան կիրառվում է միայն մայրաքաղաքում։ Մարզերում այդ խնդրի լուծման համար հաստատված կանոնակարգ ու գումար չունեն։ Արդյունքում՝ ոչ միայն մարզերի բնակիչների կյանքն է վտանգվում, այլ նաև մայրաքաղաքի, քանի որ հաճախ թափառող կենդանիները մերձակա բնակավայրերից Երևան են գալիս։

«Ռադիոլուրի» զրուցակիցը Արարատի մարզից է։ Նրա երեխան վերջերս է դպրոցի ճանապարհին շների հարձակման ենթարկվել․ «Երեխան վախենում, սթրեսով է գնում դասի, գալիս։ Հասկանում եմ, որ իրենց երեխաները Ջիպով են գնում դասի, թող մի քանի օր ոտքով գնան՝  կհասկանան ինչի մասին եմ խոսում։ Համայնքապետարան դիմել ենք, լուծում չկա։ Դիմել եմ նույնիսկ ՄԻՊ․ պատասխանեցին, որ դա իրենց գործառույթը չէ։Այդ դեպքում շների իրավունքների պաշտպանության գրասենյակ բացեք, իրենց դիմենք, գուցե մի լուծում լինի»։

Հսկողության առումով՝ մայրաքաղաքում պատկերը համեմատաբար հուսադրող է: 2022 թվականին քաղաքապետարանի ենթակայությամբ գործող  «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» է տեղափոխվել 3673 շուն, ստերջացվել ու պատվաստվել է 2272-ը, վերապատվաստվել՝ 549-ը, քնեցվել է 852-ը։ Կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանը պարզաբանում է՝ քնեցվում են միայն օրենսդրությամբ ու կառավարության որոշմամբ սահմանված վտանգավոր հիվանդությունների հայտնաբերման դեպքում։

«Հիվանդությունների տարածումը կանխելու համար ոչ թե պետք է կենդանիներին հավաքել, այլ պայքարել վարակի տարածման դեմ։ Երկու հայտնի հիվանդություն կա, որոնք բնորոշ են թափառող շներին։ Դրանք են՝ լեյշմանիոզն ու  ժանտախտը, այդ  երկու դեպքում էլ մենք շներին քնեցնում ենք»,–ասում է կենտրոնի տնօրենը։

Հարություն Առաքելյանը «Ռադիոլուրին» նաև հայտնեց, որ կենտրոնի նպատակը ոչ շներին վերացնելն է, ոչ էլ՝ մշատապես նրանց ներկայությանը հարմարվելը։ Թափառող շները ժամանակավոր բնույթ են կրում։ Ստերջացումն էլ հենց այդ նպատակով է կատարվում, որ չբազմանան։ Նա վստահ է, որ կգա ժամանակ, և այդ շները մի օր պարզապես չեն լինի, ինչպես առաջադեմ շատ երկրներում։ Մինչ այդ, սակայն, պետք է ամեն ինչ անել, որ այդ համակեցության կանոնները պահպանվեն․

«Մեզնից ոչ ոք չի պնդում ու չի տանում նրան, որ մարդիկ առհասարակ չվախենան։Դրան ուղղված մի ծրագիր ունենք, որը ապրիլից կգործարկենք համայնքային դպրոցներում՝ ավելի շատ ուսուցողական ծրագիր է։Երեխաներին ամենատարրական քայլերով  կփորձենք ցույց տալ՝ ինչ կարելի է անել փողոցում թափառող շների հետ, կամ ինչ չի կարելի անել»։

Նա նաև ասում է, որ հաշվի առնելով բոլոր ռիսկերը, փորձում են նվազագույնի հասցնել, կամ առհասարակ բացառել թափառող շների առկայությունը մանկապարտեզների, դպրոցների և հիվանդանոցների մերձակա տարածքներում։ Կենդանասերների մի մասը կարծում է, որ առողջ, պատվաստված ու ստերջացված կենդանիները պետք է ապրեն ազատ, մյուսներն էլ պնդում են՝ դա լուծում չէ. պետք են կացարաններ։

Բնապահպան Սիլվա Ադամյանը սիրում է շներ, բայց նաև  կարծում է, որ  թափառող շների խնդիրը լուծելիս չպետք է մտածել միայն մարդկանց կամ միայն շների մասին: Չպետք է անտեսել թափառող շներից եկող  վտանգը, ասում է բնապահպանը․   

«Ինձ համար ընդունելի են քաղաքացիների բողոքները, որովհետև իմ շրջապատում էլ  բոլորը գիտեն, որ ես զբաղվում եմ կենդանիների պաշտպանությամբ, և առավոտյան, երբ երեխաներին դպրոց են տանում, երեխաները ենթարկվում են հարձակման, սա մասսայական երևույթ է դարձել Երևան քաղաքի համար, և սրան պետք է լուծում գտնել»։

Կենդանասերն առաջարկում է քաղաքի ծայրամասերում տարածքներ հատկացնել թափառող կենդանիներին պահելու համար: Նա ընդգծում է, որ ոչ բոլոր թափառող շներն են ստերջացված․ դրա հնարավորությունը Հայաստանը դեռ չունի։ Ավելին՝ ասում է, որ ստերջացումը հարցի լուծում չէ.

«Թափառող շանը  վերցնել ստերջացնել և բաց թողնել փողոց՝ դա խնդրի լուծում չէ: Մենք հիմա կանգնած ենք լուրջ համաճարակային վիճակի առաջ։ Թափառող շները նպաստում են տարբեր վարակների տարածմանը։ Ամբողջ աշխարհն է ահազանգում խնդրին, իսկ մենք մտածում ենք՝ ստերջացնել, գցել փողոց, ոչ, նման կերպ հարցը չի լուծվի երբեք»։

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրեն Հարություն Առաքելյանն ընդունում է, որ կացարաններ անհրաժեշտ են։ Բայց առայժմ միայն մեկ այդպիսի կացարան կա, այն էլ՝ ժամանակավոր։ Այստեղից շներին հիմնականում «որդեգրման» են տալիս կամ նորից վերադարձնում փողոց։ Կենդանասերները գտնում են, որ պետք է պահպանել կենդանիների հետ համակեցության կանոնները, քանի որ քաղաքը նաև նրանց տունն է։ Նրանք հորդորում են թափառող կենդանիներին կերակրել, սիրել, ու նրանց միջոցով երեխաներին կարեկցել սովորեցնել:

Ուշագրավ մի փաստ. թափառող շների մեծ մասը տնային կենդանիների սերունդ են, այսինքն՝ նաև մարդու անպատասխանատվության հետևանքով են չորքոտանիները շատանում փողոցներում:

Back to top button