ԿարևորՀասարակություն

Բաքուն ոչ միայն անտեսում, այլև աղավաղում է ՄԱԿ–ի դատարանի վճիռը

Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնելու  ուղղությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն աշխատում է՝ խորհրդարանում հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է՝  խուսափելու համար միջազգային իրավական պրոցեսներից։ Բայց  որոշումն ունի քաղաքական կշիռ։ Այն դաշտ է բացում նաև դիվանագիտության համար։

Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն իրավական պարտադիր ուժ ունի՝ համաձայն ՄԱԿ-ի և Դատարանի կանոնադրության․ այն Ադրբեջանի կողմից ենթակա է պարտադիր կատարման՝ վերահաստատում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Փետրվարի 22–ին Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել հնարավոր  բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի  անխափան տեղաշարժը: Բայց շուտով մեկ ամիսը կլրանա, ու Լաչինի միջանցքը դեռ փակ է։

«Ադրբեջանի վարքագիծն իր տրամաբանությամբ հակասում է միջազգային իրավունքին»,– ասում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Եղիշե Կիրակոսյանը հստակեցնում է՝  Հաագայի որոշմանը պետք չէ վերաբերվել որպես լոկալ կամ ներդատական որոշման։ Միջազգային դատարանների որոշումները տարբեր են։ Ցանկալի կիներ, որ որոշումն անմիջապես կատարվեր ու բացվեր միջանցքը․ այս որոշումն անհապաղ կատարման ենթակա վճիռ է։

«Ցավոք, մենք գործ ունենք մի երկրի հետ, որն ամեն ինչ անում է, հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է՝ խուսափելով միջազգային իրավական պրոցեսներից ու իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակելով։ Դա իրականությունն է»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր՝ արդյո՞ք Արդարադատության միջազգային դատարանը, դիտարկելով ակտը՝ որպես պարտադիր կատարման ենթակա, ինքը կկիրառի հարկադրանքի միջոցներ․

«ՄԱԿ կանոնադրության 7–րդ գլխով սահմանված հարկադրանքի միջոցները կամ առնվազն սկսի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Կամ արդյո ՞ք Հայաստանն այդ ուղղությամբ քայլեր կատարել է կամ մտադիր է կատարել»։

Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնելու առնվազն 2 տրամաբանություն կա, և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ՝  հստակեցնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Իրականությունը, սակայն, այն է, որ Ադրբեջանն առհասարակ անտեսում է որոշումը․

«Ոչ միայն անտեսում է, այլև ամենաբարձրից մինչև ցածր պաշտոնական մակարդակներ փորձում է աղավաղել որոշման բովանդակությունը: Դա նաև վերջերս արտահայտվել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի նամակում, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին ի պատասխան նամակ ներկայացվել է նաև մեր նախարարի կողմից»:

Կիրակոսյանի խոսքով՝ ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածը որոշակի նեղ ձևակերպում է տալիս, վերաբերում է վճիռներին: Բայց հոդվածի կիրառման պրակտիկան մի քիչ ավելի լայն է: Եղել են փորձեր՝ դատարանի միջանկյալ որոշումները կամ ժամանակավոր միջոց կիրառելու որոշումները ներկայացնել Անվտանգության խորհուրդ: Ցավոք, այդ դեպքերը հաջողությամբ չեն պսակվել: Դեպքերը վերաբերել են մշտական անդամին: Եվ մշտական անդամը, որպես կանոն, կիրառել է վետոյի իրավասությունը, և ԱԽ-ում հարցը վերջնական քննարկման չի արժանացել:

Եղիշե Կիրակոսյանը վստահ է՝ որոշումն ունի քաղաքական  կշիռ և դաշտ է բացում դիվանագիտության համար։ Այս պահին պետք է աշխատել ու սպասել։ Հստակ է, որ որոշումը հայկական կողմի օգտին է՝ ասում է Կիրակոսյանը։ Միջանկյալ միջոց կիրառելու դիմումը 2020 թվականին Ադրբեջանի դեմ ՄԱԿ–ի միջազգային դատարան ներկայացված միջպետական առաջին հայցի բաղկացուցիչ մասն է։ Ամբողջական գանգատով հայկական կողմը Բաքվին մեղադրում է ռասայական խտրականությունը բացառող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր ու համաձայնագրեր խախտելու մեջ։ Պահանջներն, ընդհանուր առմամբ, վերաբերում են Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ խտրական վերաբերմունքի հետևանքով առաջացած խախտումների արձանագրմանն ու պատճառած վնասի հատուցմանը։

Եվրոպական խորհրդարանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված  իրավիճակը դաժան, ծանր մարդասիրական ճգնաժամ էր բնորոշել։ Հայաստանի  իրավախորհրդատուներն ընդգծել են, որ ճանապարհի փակման բնապահպանական հիմնավորումները համոզիչ  չեն ո՛չ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ո՛չ ԵԽԽՎ–ի և ո՛չ էլ միջազգային այլ կառույցների համար։ Բայց սեպտեմբերի 12–ից ապօրինի փակած ճանապարհն Ադրբեջանն այս պահին բացելու մտադրություն չունի։

Back to top button