ԿարևորՎերլուծական

Ալիևի ցնորամիտ հայտարարություններն ու թյուրքախոս երկրների ղեկավարների «արձագանքները»    

Ալիևը կրկին հիստերիա է բարձրացրել մի հարթակում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ։ Խոսքն այս անգամ թյուրքախոս երկրների ղեկավարների՝ նախօրեին Անկարայում տեղի ունեցած արտահերթ գագաթաժողովի մասին է։

Ձեռքի հետ սրբագրելով սեփական երկրի պատմությունը, Ադրբեջանի նախագահը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածելու և Հայաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու իր քաղաքականությունը: Ալիևի կեղծ պնդումներին և ռազմատենչ հայտարարություններին արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ն։

Տարածաշրջանային ու միջազգային հարթակներում Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հիստերիկ դրսևորումներով։ Նա իրեն չափազանց անկաշկանդ է զգում հատկապես այն կառույցներում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ և տեղում ասվածին հակազդելու հնարավորություն չունի: Ալիևն այս անգամ էլ ստահոդ ու սպառնալի հայտարարություններ է արել Անկարայում ՝ թյուրքախոս երկրների ղեկավարների արտահերթ գագաթաժողովում։

Այնուամենայնիվ, նրա այդ հայտարարություններին հայկական կողմի արձագանքը չի ուշացել։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարությամբ է հանդես եկել։ Մեջբերում հայտարարությունից․

«Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր Ադրբեջանի նախագահի՝ թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովում ելույթը»։

Ալիևն իր ելույթում Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է անվանել, հայտարարելով՝ «ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք»։

Արձագանքելով Ադրբեջանի ղեկավարի հոխորտանքին, ՀՀ ԱԳՆ-ը հայտարարում է․

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը  կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ  ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում»:  

Տարածաշրջանային փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ մեծ հաշվով թյուրքախոս պետությունների գագաթաժողովում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները չընդունվեցին այնպես, ինչպես կարող էր ակնկալել Ալիևը․

 «Ակնկալում էր, մասնավորապես, գագաթնաժաղովին մասնակցող թյուրքախոս երկրների ղեկավարներից առնվազն, գոնե, արձագանք։ Մինչդեռ, այն բոլորովին անարձագանք է մնացել և, այս համատեքստում, կարելի է պարզապես փաստել, որ Ադրբեջանի նախագահը այդ հարթակը օգտագործել է ևս մեկ անգամ՝ ուղղակի բարձրաձայնելու կամ առաջ մղելու արհեստածին, իրենց համար ստեղծված նոր թեմաները»։

Պետք է նկատել, որ այս հարթակում առաջին անգամ Թուրքիայի նախագահի շուրթերից ևս զարմանալիորեն որևէ վատ խոսք չի հնչել Հայաստանի կամ հայերի մասին։ Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի գնահատմամբ՝ դա նախևառաջ պայմանավորված է այս պահին այդ երկրի համար գոյություն ունեցող ներքին և արտաքին լուրջ մարտահրավերներով։ Այդ համատեքստում էլ տեղավորվում է Էրդողանի նման պահվածքը։ Թուրքագետը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանեց, թե հատկապես ինչ գործոնների ազդեցության հետևանք է դա։

«Առաջին հերթին Թուրքիայի իշխանությունները՝ ի դեմս Էրդողանի, կանգնած են ընտրությունների շեմին և, ըստ սոցհարցումների, վարկանիշն այնքան էլ հուսադրող չէ։ Ներքաղաքական լուրջ խնդիրներ կան։ Էրդողանն ու իր իշխանությունը փորձում են ստանալ Արևմուտքի և նաև ՌԴ-ի աջակցությունն առաջիկա ընտրություններում։ Այս համատեքստում կրկին փորձել ռազմատենչ հայտարարություններով հանդես գալ՝ այդքան էլ Էրդողանի համար, այսպես ասենք, լավ ազդեցություն չէր ունենա։ Մանավանդ՝ հաշվի առնենք, որ նաև երկրաշարժից հետո երկրում ստեղծված իրավիճակը և դրանից հետո իր հարևան երկրների նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականության (հիմնականում հայտարարությունների տեսքով) մեղմացումը կամ չեզոք դիրք պահելը, այդ թվում՝ Հայաստանի, հաշվի առնելով նաև, որ վերջին շրջանում Հայաստանի հետ, կարծես, փորձում են զուտ հանդիպումների ու հայտարարությունների մակարդակով, ինչ-որ շփումներ և ինչ-որ դրական ֆոն ստեղծել»։  

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ ընդհանրապես, Ալիևն իր նման հայտարարություններով  ավելի շատ փորձում է նմանվել Թուրքիային.

 «Ուզում է Թուրքիայի օրինակով Ադրբեջանը դարձնել մի այնպիսի պետություն, որտեղ ով, որ «ապրեց»՝ տարբեր ազգեր, բայց նրանք կլինեն «ադրբեջանցիներ», ինչպես որ Թուրքիայում. ապրում են տարբեր ազգեր՝ քրդեր, հայեր, հույներ, թուրքեր, բայց բոլորը «թուրք» են՝ մեծ հաշվով բոլորին համարում են «թուրք»։ Ադրբեջանի նախագահը այս ցնորված մտքերով է տարված և իր բոլոր հայտարարությունները հենց այդ տրամաբանության մեջ են տեղավորվում»։    

Տարածաշրջանային փորձագետի կարծիքով՝ նման հայտարարությունների ֆոնին Հայաստանի համար պարարտ հող է ստեղծվում՝ դիվանագիտական ճակատում Ալիևին «ջախջախելու» համար․

 «Որովհետև իր ծավալապաշտական, բացեիբաց թշնամական նկրտումները մեր սուվերեն պետության նկատմամբ, կարող են շատ լավ գործիքակազմ լինել, որ մենք կարողանանք միջազգային ասպարեզում Ադրբեջանի նախագահին և իրեն սատարողներին, այսպես ասած, իրենց տեղը ցույց տալ։ Ինչու չէ՝ նաև «կորզել» ոչ ադրբեջանամետ հայտարարություններ»։ 

Մինչ Ալևը շարունակում է իր ցնորամիտ հայտարարություններով հոխորտալ և արձագանքի սպասել, Եվրախորհրդարանը, այսպես ասենք՝ «սառը ցնցուղ» է ապահովել նրա համար։15-ի լիագումար նիստում, քննարկելով ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան 2021-2022 թթ հարաբերություններին վերաբերող զեկույցները, ԵԽ-ը դատապարտել է Ադրբեջանի ղեկավարի պահվածքը, որը խաթարում է կայուն խաղաղության հաստատման ջանքերը:

Երկու զեկույցներով էլ ԵԽ-ը վերահաստատել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Արցախում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Բանաձևերում ընդգծվում է նաև այն, որ Արցախյան հակամարտությունը միջազգային իրավունքին համապատասխան համապարփակ քաղաքական կարգավորում է պահանջում՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքների վրա։Խոսքը, մասնավորապես, ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականությանը, ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թ. հրապարակված բանակցային հիմնարար սկզբունքների մասին է։

Այս համատեքստում ԵԽ-ն նաև կոչ է անում ԵՄ Խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ Միջազգային դատարանի որոշումը չկատարելու դեպքում։

Back to top button