Վերնատուն

Մեր բոլոր պարտությունները չկարդալու արդյունք են․ «Վերնատուն»

Հրատարակչի մշակույթը դեռ չի էլ հասել Հայաստան` ասում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Հրատարակիչ դառնալու համար պետք է ունենալ ամենակարևորը՝ ընթերցող։

«Մենք «խելքից դուրս» գիրք ենք հրատարակում ու չենք էլ հասկանում, թե ինչո՞ւ ենք դա անում», — ասում է Մարտիրոսյանը։ Ինչ վերաբերում է բիզնեսին, շուկան պետք է 12 անգամ ընդլայնվի։ Իրանում և Վրաստանում ընթերցողների քանակն աճում է, Հայաստանում՝ ոչ։

Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ մեր բոլոր պարտությունները 20–30 տարի չկարդալու արդյունքում են։ «Ինչպե՞ս է եղել, որ տարիներ շարունակ Հայաստանում ոչ մի գիրք չի արգելվել։ Որովհետև ընթերցողին հենց սկզբից սպանել են, գրքից վախ չկա, 10 հոգի պիտի կարդա, դա ոչինչ չի փոխի»։

Հրատարակիչը նշում է, որ մեր ամենամեծ խնդիրը ընթերցող ստեղծելն ու դաստիարակելն է։ «Գիրքը, ընթերցողը հասարակություն են փոխում։ Հասարակություն, որը կարողանա պահանջել, պաշտպանել իր իրավունքնեը, խոսքի ազատությունը, կարծիք ունենալու ազատությունը, սեփականության իրավունքը և այլն»։

«Գիրք կարդալը ճիպոտով չի լինում, ընթերցողը ընտրյալ է, ամեն մեկին պետք չէ ասել` գիրք կարդա. գիրք կարդում են ունակները, կարողները, սա շնորհք է», — ասում է հրատարակիչը։

Արմեն Մարտիրոսյանը կարևորում է գրադարանների միջոցով կրթության մակարդակի բարձրացումը։ Գրադարանները, ինչպես ինքն է ասում, պետք է ընթերցողին «ձուկ բռնել» սովորեցնեն և լճին հասնելու հնարավորություն տան։ Նշում է, որ յուրաքանչյուր հացի խանութի հարևանությամբ պետք է գրադարան լինի, իսկ գրադարանավարը՝ ամենակարևոր և լավ վարձատրվող մարդը։

«Երկու բանի վրա է պետք ուշադրություն դարձնել՝ գրադարանավարների կրթության և երեխաներին ընթերցել սովորեցնելու», – ասում է Արմեն Մարտիրոսյանը։

Back to top button