ԿարևորՔաղաքական

Բլինքենի այցը Թուրքիա չի վկայում Էրդողանի իշխանության հետ մտերմության մասին. թուրքագետ

Փետրվարի 6-ի երկրաշարժից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Թուրքիա չի վկայում Էրդողանի իշխանության հետ մտերմության մասին, ընդհակառակը` ամերիկյան նման բարձրաստիճան պաշտոնյայի այցը զուտ արարողակարգային բնույթ ունի, ասում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։  Ըստ նրա` Արևմուտքը չի սատարում  Էրդողանի իշխանությանը, ավելին՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հակված են այն տեսակետին, որ Էրդողանը չի վարում այն քաղաքականությունը, որը բխում է Հյուսիս-Ատլանտյան դաշինքի շահերից, ուստի Թուրքիայի հետ Արևմուտքի հարաբերությունները մի հարթությունում են, իսկ էրդողանի իշխանության հետ՝ մեկ այլ։

Ինչ վերաբերում է սպասվող ընտրություններին, ապա «Ռադիոլուրի» զրուցակիցը նշում է, որ երկրաշարժից հետո Թուրքիայի ներքաղաքական զարգացումների թիվ մեկ թեման մայիսի 14-ին նշանակված ընտրությունների հետաձգման հարցն է։ Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը նշում է, որ ընդդիմադիր քաղաքական շրջանակներում դեմ են նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաձգելուն, իշխող ուժը  փորձում է, երկրաշարժի թեման շահարկելով, ժամանակ առ ժամանակ ինֆորմացիոն դաշտ նետել ժամկետների վերանայման թեման։ Օրերս թուրքական մամուլը շրջանառում էր Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից  երկրում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունները վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով հետաձգելու հնարավոր նախաձեռնության մասին, սակայն Թուրքիայի սահմանադրության համաձայն` ընտրությունները պետք է կայանան ոչ ուշ, քան հունիսի 18-ը։

Նախընտրական Թուրքիայի համար խնդիրներ կարող են առաջանալ ընտրողների ցուցակների պատրաստման հետ կապված։  Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը պետք է ուսումնասիրություններ կատարի երկրաշարժի տարածքում քաղաքացիների քվեարկելու հետ կապված հարցերի վերաբերյալ։

Back to top button