ԿարևորՎերլուծական

«Փետրվարի 21-ից հետո կտեսնենք այլ Ռուսաստան»․ քաղաքագիտական կանխատեսումներ ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ

Այսօր առավոտյան ողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Ըստ ուկրինական լրատվամիջոցների՝ պատճառը Բելառուսում ռուսական ռազմական օդանավերի թռիչքն է եղել։ Նախօրեին հաղորդվել էր, որ Խերսոնում պայթյուններ են որոտացել։

Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանությունը հորդորել է իր երկրի քաղաքացիներին՝ շտապ հեռանալ Ռուսաստանից։ Դեսպանության հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել ճանաչել երկքաղաքացիների՝ ԱՄՆ քաղաքացիությունը, զրկել հյուպատոսական օգնությունից, զորակոչել և թույլ չտալ նրանց հեռանալ եկրից։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարվան ընդառաջ կողմերից հնչող հայտարարությունները վերջնագրեր են հիշեցնում։ Քաղաքագետները շրջադարձային հնարավոր իրադարձություններ են կանխատեսում։

Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան կոչ են անում իրենց քաղաքացիներին շտապ հեռանալ Ռուսաստանից ու Բելառուսից։ Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը իր քաղաքացիներին Ուկրաինա ռուսական հնարավոր լայնամասշտաբ ներխուժման «անկանխատեսելի հետևանքների» մասին է հուշում։ Իսկ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ ոչ միայն կոչ է արվում անհապաղ հեռանալ Բելառուսից, այլև առաջարկվում է այդ երկրի տարածքը լքել ոչ թե օդային, այլ ցամաքային ճանապարհով՝ Լիտվայով, Լեհաստանով կամ Լատվիայով։

Անգամ նշվում է, որ Լիտվայի և Լատվիայի սահմանները բաց են, իսկ Լեհաստանով անցնող հասանելի միակ անցակետը Բրեստ-Տերեսպոլն է:

10 օրից լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին: Արևմուտքից ու Ռուսաստանից հնչող հայտարարությունները վերջնագրեր են հիշեցնում։ Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մատնանշում է հատկապես վերջին օրերի ռազմավարական բնույթի հայտարարությունները․

«Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Բայդենին տեռորիստ անվանեց և ասաց, որ պետք է փոխհատուցի իրենց գործողություններից տուժած երկրների քաղաքացիների համար, Հյուսիսային հոսքի պայթեցման համար։ Այս հայտարարությունները հենց այնպես չեն արվում, սրանք նախապատրաստական հայտարարություններ են։ Եթե նախորդ տարվա փետրվարի 24-ից հետո տեսանք այլ Ռուսաստան, քան կար մինչ այդ, ապա մի քանի օրից փետրվարի 21-ին կտեսնենք այլ Ռուսաստան՝ քան կա մինչ այդ»։

Քաղաքական վերլուծաբանը ուշադրություն է հրավիրում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հրապարակած տվյալների վրա, ըստ որոնց Միացյալ Նահանգները «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» հետ կապված ջիհադական խմբավորումներից  զինյալների է հավաքագրում Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ահաբեկչություններ իրականացնելու համար։ Տպավորություն է, որ Արևմուտքն ու Ռուսաստանը ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարվան ընդառաջ պատրաստվում են վճռական գործողությունների։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը գտնում է, որ արդեն այսօր կարելի է Ռուսաստանին պարտված համարել, եթե իհարկե, Մոսկվան չորոշի տակտիկական միջուկային սպառազինության դիմել։ Հանգուցալուծման մասին խոսք անգամ չկա, կողմերը բավականին լարված են, իրավիճակը պայթյունավտանգ է և սպառնալից ողջ աշխարհի համար։

«Ռուսաստանի՝ օրեր առաջ ձեռնարկած գրոհի առաջին փուլը ձախողվել է, և ծովային հետևակները հիմնովին ջախջախվել են ուկրաինական բանակի կողմից։ Լուրեր են պտտվում, որ անգամ որևէ մեկը ողջ չի մնացել, և չեն կարողացել Բախմուտը գրավել։ Վտանգավորության շեմը հատել են։ Եթե  էմոցիոնալ  դաշտում ՌԴ ռազմաքաղաքաական ղեկավարությունը որոշի ռազմավարական միջոցների դիմել, այսինքն՝ ոչ կոնվենցիոնալ սպառազինության, ապա այս ամենը շատ վտանգավոր կարող է լինել աշխարհի համար»,-ասում է Գուրգեն Սիմոնյանը։

Իսկ Արևմուտքն, ըստ նրա, որոշել է՝ մինչև այս տարվա վերջը ավարտին հասցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Հակառակ դեպքում, եթե մինչև 2024 թվականի գարունը, մինչև ամերիկյան ընտրությունները այն չավարտվի ու իշխանության գա Թրամփի վարչակազմը, այն կկասեցնի զենքի մատակարարումը Ուկրաինային և իրավիճակը կփոխվի։

«Եթե հանկարծ քաղաքական իրողություն փոխվեց  ու Թրամփը կամ թրամփիստները գան իշխանության, ապա անմիջապես կկասեցնեն լայնածավալ ռազմական օգնությունը Ուկրաինա և հարցը կբեկվի ռուսական ուղղություն և, եթե Ռուսաստանը հաջողության հասավ, տարբեր օջախներ կբացվեն՝ Չինաստան-Թայվան ուղղությամբ, Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան ուղղությամբ, և կստացվի, որ համաշխարհային բռնատիրական համակարգը մեծ հարված կհասցնի ժողովրդավարական բևեռին»,-ընդգծում է քաղաքագետը։

Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը հորդորում է հետևել փետրվարի 21-ին Ռուսաստանի Դաշնային ժողովում նախատեսված Վլադիմիր Պուտինի ելույթին։ Այն, վերլուծաբանի կարծիքով, բեկումնային կլինի․

«ՌԴ ոչ թե միջուկային զենք կկիրառի, այլ գործի կդնի միջուկային զսպման մեխանիզմը։ Իրականում միջուկային զենքը ստեղծված է ոչ թե կիրառման, այլ զսպման համար։ Այսինքն՝ հակառակորդը, հասկանալով, թե ինչ աղետ կարող է լինել, ինքը կզսպի իր քայլերը։ Թեև մի անգամ ԱՄՆ կիրառել է միջուկային զենք»։

Պուտինի ենթադրվող վճռորոշ հայտարարությանը մնացել է ուղիղ մեկ շաբաթ։

Back to top button