ԿարևորՏնտեսական

2023–ին Արցախի բյուջեն փոխելու է բովանդակությունը փորձագետները նաև տնտեսության կառուցվածքի փոփոխություն են առաջարկում

Շինարարություն, հանքադյունաբերություն, զյուղատնտեսություն, զբոսաշրջություն․ սրանք Արցախի տնտեսության առաջատար ու հիմնական ճյուղերն են։ Շրջափակման հետևանքով բոլոր ոլորտներում անկումն ակնհայտ է։ Արցախի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով 2023 թվականի հունվարին հարկային եկամուտներն ու տուրքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 28.5 տոկոսով։ 2021թ.-ի ընթացքում 300 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել շուրջ 25 մլրդ դրամի հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ՝ պետական բյուջեի ընդհանուր մուտքերի ավելի քան 73 տոկոսը։ Այժմ բոլոր այդ ցուցանիշերը վտանգված են։

Մոտ երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում տնտեսական խնդիրներն ակնհայտ են դարձել։ Շինարարություն, հանքարդյունաբերություն, զյուղատնտեսություն, զբոսաշրջություն․ բոլոր այս ոլորտներում անկումն ակնհայտ է։ Շինարարությունը գրեթե դադարեցված է։

«Կանխատեսելի է, որ շինարարության ոլորտում անկում է լինելու։ Շինարարություն ասելով, նկատի ունենք շինարարության բոլոր ճյուղերը։ Շրջափակումը պարտադրել է շինաշխատանքների դադարեցում։ Բացառություն են այն կազմակերպությունները, որտեղ կարելի է աշխատանքը կազմակերպել նախապես ձեռքբերված շինանյութով»,– «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է «Օրբելի»  հետազոտական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյանը։

Արցախի տնտեսվարողների մեծ մասը դադարեցրել է գործունեությունը։ Հիմնականում տեղական հումքով աշխատող որոշ կազմակերպություններն են շարունակում աշխատել՝ չնայած ներկրվող օժանդակ նյութերի պակասությանը։ Խնդիրներն ակնհայտ են հանքադյունաբերության ոլորտում։ Մոտ1․5 ամիս է՝ «Բեյզ Մեթըլս» ընկերությունը դադարեցրել է Կաշենի հանքավայրի շահագործումը։ Այն Արցախի տնտեսության խոշորագույն հարկատուն է, ինչպես նաև աշխատատեղեր ապահովողը։

2021թ.-ին ԱՀ 300 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել շուրջ 24 մլրդ 892 մլն դրամի հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ։ Դա պետական բյուջեի ընդհանուր մուտքերի 72.7%-ն է: 300 խոշոր հարկատուների ցանկում 1-ին հորիզոնականում հենց «Բեյզ Մեթըլս» ընկերությունն  էր։

Այս տարվա պետբյուջեով Արցախում 50 մլրդ դրամի եկամուտ էր ակնկալվում, բայց շրջափակման առաջին օրվանից ակնհայտ էր, որ հնարավոր չէ ապահովել այդ մակարդակը՝ արձանագրում է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

«Բազմաթիվ ընկերություններ, բազմաթիվ ոլորտներ հնարավորություն չունեն աշխատելու։ Սա ոչ միայն  հարկային եկամուտների, այլ նաև աշխատատեղերի էական նվազեցում է առաջացնելու։ Այս պահին, ցավոք, պետք է արձանագրենք, որ հազարից ավելի աշխատատեղերի կրճատում, բիզնեսի փակում է տեղի ունենում։ 2023–ի պետական բյուջեն էականորեն իր կառուցվածքը փոխելու է, բայց 1/3–ը բաժին է ընկնում սոցիալական ծախսերին»,– ասում է պաշտոնյան։

Արցախի տնտեսությունում առանցքային նշանակություն ունի նաև գյուղատնտեսությունը։ Վառելիքի  պակասն ու պարբերաբար անջատվող գազամատակարարումը լուրջ խնդիրների առաջ են կանգնեցրել գյուղացիներին։

«Օրբելի»  հետազոտական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյան․

«Մսամթերք ընդհանրապես չի ներմուծվում։ Անասնակերի, կաթնամթերքի զգալի պակաս կա։ ԱՀ գյուղատնտեսության փոխնախարարի տեղեկացմամբ, վիճակը կրիտիկական է խոզաբուծության ու թռչնաբուծության ուղղություններում, քանի որ նրանք սնվում են  բացառապես հատիկային կերով, որն էլ ներմուծվում էր Հայաստանից։ Շրջափակման շարունակման դեպքում խտացված ու հատիկավոր կերերի մասով կարող է խնդիր առաջանալ»։

Առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ Արցախը բացառապես ներմուծում է.  նախքան շրջափակումը ՀՀ-ից ներկրվում էր օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք, այդ թվում` հացահատիկ, ալյուր, բանջարեղեն, միրգ։ Մրգի ու բանջարեղենի պակասը, ըստ ԱՀ գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանի, ունի  իր բացատրությունը․    

«Չմոռանանք, որ բազմաթիվ տարածքներ անցել են  թշնամու վերահսկողության  տակ։ Որոշ գյուղեր կան, որ ունեն, բայց դա չի կարողանում բավարարել 120 հազար արցախցու պահանջարկը»։

Էլիզա Մաթևոսյանը հիշեցնում է՝ գյուղատնտեսական աշխատանքներ, մասնավորապես՝ գարնանացան, գրեթե չեն իրականացվում դիզվառելիքի, սերմացուի, ինչպես նաև պարարտանյութերի, թունաքիմիկատների բացակայության պատճառով։ Էլեկտրաէներգիայի սղությունը  խոչընդոտում է ոռոգման աշխատանքներին։ Այս օրերին զգալի վնասներ են կրում նաև գազով ջեռուցվող ջերմոցային տնտեսությունները։ Արցախում զբոսաշրջության ոլորտը նույնպես խնդիրների առաջ է կանգնած, ասում է փորձագետը․

«Բնական է, որ շրջափակման պայմաններում զբոսաշրջային հոսքերը դադարել են։ Սա իր բացասական ազդեցությունն է թողել նաև հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսի վրա»։

Ընդհանուր առմամբ՝ մոտ 5 հազար մարդ այս ընթացքում կորցրել է եկամտի աղբյուրը, դառնաով գործազուրկ։ Թվային ամբողջական տվյալներ դեռ չկան, բայց ակնհայտ է, որ Արցախի ողջ տնտեսությունն է մարտահրավերների առջև կանգնած։ Ուստի փորձագիտական դաշտում վստահ են՝ ապաշրջափակումից հետո Արցախում առաջնահերթը տնտեսության կառուցվածքի  փոփոխությունը պետք է լինի։ Այսինքն՝ առաջնային պետք է լինեն ոչ թե առևտրի ու սպասարկման, այլ տեղական արտադրանքը խթանող ոլորտները։ Նպատակը՝ հնարավորինս շուտ ինքնաբավ դառնալն է։

Back to top button