ԿարևորՄիջազգային

Սիրիայի հայ համայնքում մի քանի տասնյակ վիրավորներ կան․ երկրաշարժից հետո Հալեպում մարդիկ դրսում են գիշերում

Հալեպում երկրաշարժից հետո մարդիկ դեռ խուճապի մեջ են։ Տեղի հայկական «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլաբոշյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ երկրաշարժին հաջորդող գիշերը քաղաքի բնակիչները հիմնականում դրսում են անցկացրել․ շարունակվող հետցնցումները վախի մեջ են պահում 2 ուժգին ցնցումներից փրկված մարդկանց։

«Մարդիկ խուճապի մատնվեցին, քանի որ ցնցումները բավական երկար էին, մոտ 2 րոպե բնակարանները ցնցվում էին, բոլորը դրսում էին։ Խուճապը մինչև հիմա մարդկանց մեջ է․ գիշերը Հալեպի ամբողջ բնակչությունը փողոցներում է անցկացրել՝ իրենց մեքենաների մեջ, եկեղեցիներում կամ փոքր շինություններում։ Մենք էլ ընտանիքով մեր մեքենայով բացօթյա տարածք գնացինք ու այնտեղ ենք գիշերել՝ անձրևի ու ցրտի պայմաններում»,– պատմում է Զարմիկ Չիլաբոշյանը։

Հալեպի հայկական համայնքի եկեղեցիներն այս պահին մարդկանց համար ապաստարաններ են դարձել։ Նյութական վնասների մասին ամբողջական պատկեր դեռ չունեն, բայց ուժգին երկրաշարժի հետևանքով շատերի բնակարաններն ավերվել են․ անօթևաններ շատ կան։ Զարմիկ Չիլաբոշյանն ասում է ՝ Սիրիայի ու մասնավորապես Հալեպի՝ առանց այն էլ վերջին տարիներին դժվար կյանքը մի գիշերվա մեջ էլ ավելի մեծ մղձավանջի վերածվեց։

«Գիտեք՝ պատերազմից հետո Սիրիայի տնտեսական վիճակը շատ վատ է, շրջափակման մեջ է, հիմա այս երկրաշարժը մարդկանց դժվարություններն ավելի է մեծացրել, դեղորայքի, սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների կարիք կա։ Սիրիայում հիմա արտակարգ դրություն է հայտարարված, ամեն ինչ փակ է, միայն հիվանդանոցներն են գործում, պետական անվճար կենտրոններ կան, որտեղ մարդիկ կարող են գնալ, եթե ինչ-որ օգնության կարիք ունեն։ Հիմա Սիրիան օգնության, հատկապես շարժական բուժսարքավորումների սուր կարիք ունի»։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն անընդմեջ կապի մեջ է Սիրիայի և Թուրքիայի հայկական համայնքի հետ։ Գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների ամբողջական ամփոփ տվյալներ դեռ չկան, շատերին փրկարարները դեռ փնտրում են։

«Ցավոք, կորուստներ ունենք նաև հայերի շրջանում։ Այս պահի դրությամբ հստակ կարող ենք ասել Մալաթիայում հայ ընտանիքի 3 զոհերի մասին և տեղեկություններ ունենք, որ Թուրքիայի Հաթայ նահանգում մի հայ ընտանիք կա փլատակների տակ, դեռ նրանց մասին ինֆորմացիա չունենք։ Սիրիայի հայ համայնքից 2 զոհի մասին է հայտնի, սակայն այստեղ էլ դեռ վերջնական չեն տվյալները»,– մանրամասնում է Հովհաննես Ալեքսանյանը։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ–արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին գրանցված 7.8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժը Թուրքիայում և Սիրիայում նախնական տվյալներով շուրջ 5000 մարդու կյանք է խլել․ ավելի քան 20 հազար մարդ վիրավոր է։ Սառնամանիքը, ձյունն ու անձրևները բարդացնում են փլատակների տակից մարդկանց դուրս բերելու գործընթացը։ «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլաբոշյանը պատմում է, որ երկրաշարժից ամենաշատը տուժած Հալեպում վիրավորների շրջանում ևս տասնյակ հայեր կան։

«Շուրջ 2 տասնյակ վիրավորներ ունենք այստեղ, սակայն շատ լուրջ վիրավորումներ չեն, հիմնականում կոտրվածքներ են, բոլորը համապատասխան բուժում են ստանում հիվանդանոցներում»,– ասում է «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։

Հայաստանը պատրաստ է և այս պահին քննարկում է Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ առաջին անհրաժեշտության ապրանքների, հումանիտար օգնության փոխանցման հարցը։ Այս մասին Բեռլինում հայտարարել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը և նշել, որ քննարկվում է նաև փրկարար ծառայության ջոկատների գործուղման հարցը։

Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանն էլ «Հայերն այսօր»–ի հետ զրույցում ասել է, որ Դամասկոսում Հայաստանի դեսպանատանը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ օպերատիվ շտաբներ՝ 24–ժամյա հերթապահությամբ՝ տեղում հայ համայնքին անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար։  

Back to top button