Երաժշտական եռանկյունի

«Երևան» լարային քառյակ․ «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանը հարուստ է իր նվագախմբերով, երգչախմբերով և դասական երաժշտության ոլորտում ընդունված այլ ձևաչափի երաժշտական կազմերով:

Վերջիններիս շարքում է լարային քառյակը: Այդ մշակույթը ձևավորվել է դեռևս անցած դարասկզբին, երբ Մոսկվայի կոնսերվատորիայում սկսեց գործել հայկական «Կոմիտաս» կվարտետը:

Կարելի է ասել, որ տասնամյակների ընթացքում քառյակի մշակույթը բուռն զարգացում ապրեց, ստեղծվեցին և դադարեցրին իրենց գոյությունը բազմաթիվ կոլեկտիվներ, բայց այսօր Հայաստանում գործում են մի քանի լարային քառյակներ, որոնցից աչքի է ընկնում արդեն վեց տարի գործող «Երևան» լարային քառյակը:

«Կվարտետի համար գրել են բազմաթիվ կոմպոզիտորներ, ամենատարբեր ժամանակաշրջաններում, և Եվրոպայում ձևավորված այդ երևույթը հաստատվեց Հայաստանում: Մենք որպես վեցամյա կոլեկտիվ ձևավորում ենք մեր նվագացանկը՝ ընդգրկելով և՛ դասական ստեղծագործություններ, և՛ ժամանակակից հայրենական և համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործությունները»,- ասում է «Երևան» քառյակի հինադիր, ջութակահար Նարեկ Սահակյանը:

Տարիների ընթացքում քառյակի կազմը փոփոխվել է, բայց գեղագիտական և գեղարվեստական տեսլականը նույնն է մնացել, այն է՝ համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործությունների հետ ներկայացնել և հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այդ առումով առանձնանում են քառյակի նախապատրաստած հատուկ համերգային ծրագրերը՝ նվիրված Ռուբեն Ալթունյանին, Լևոն Չաուշյանին, ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսին:

Քառյակը ակտիվորեն մասնակցում է տարբեր միջոցառումների՝ հատկապես բարեգործական ուղղվածությունը կարևորվում է երաժիշտների կողմից: Դաունի համախտանիշով տառապող երեխաների հիմնադրամի կազմակերպած համերգին քառյակը հանդես եկավ ոչ միայն մենանվագով, այլ նաև «Արևային զանգակներ» ներառական համույթի հետ միասին:

Հատուկ ծրագրերից է նաև «Աշխարհի պարեր» նախագիծը, որը քառյակը իրականացրել է կոմպոզիտոր և հայկական վիոլայի նվագող Գրիգոր Առաքելյանի հետ համատեղ՝ նվագացանկում ներառելով Կոմիտասի, Ռավելի, Բելա Բարտոկի, Իգոր Ստրավինսկու, Բրամսի, Գրիգի և Գաբրիել Ֆորեյի ստեղծագործությունները:

Քառյակը նաև իր մասնակցությունն է բերում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնած «Տետ ա տետ» նախագծում, որը սիրվեց և ընդունվեց հայ հանդիսատեսի կողմից:

Աչքի է ընկնում նաև այն հանգամանքը, որ քառյակի մասնակիցները ոչ միայն կատարողներ են, այլ նաև ստեղծագործում են՝ Հայկ Տեր Հովհաննիսյանը, ով քառյակի ալտահարն է, գրում և գործիքավորում է երաժշտություն: «Երևան» լարային քառյակը համագործակցում է տարբեր կառույցների հետ, որոնց թվում է հայկական ֆիլհարմոնիան և Armenian National Music հարթակը, որն ապահովում է իրենց ներկայությունը համացանցում:

Հաղորդման ընթացքում հնչում են «Երևան» լարային քառյակի կատարումները:

Back to top button