ԿարևորՔաղաքական

Ի՞նչ սպասել Թուրքիայի ընտրությունների նախաշեմին. երկրաշարժը՝ անորոշության լրացուցիչ գործոն

Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին կառաջարկի հաստատել մայիսի 14-ը որպես համընդհանուր ընտրությունների օր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, զգուշացնելով, որ մերժելու դեպքում ինքը կօգտագործի նախագահի լիազորությունները։ Դրանք բավարար են հրամանագրից 60 օր հետո խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու համար։ Առաջիկա ընտրություններում Էրդողանը լինելու է «Հանրապետության միության» թեկնածուն, իսկ ընդդիմադիր վեց կուսակցությունների կոալիցիան հայտարարել է, որ միասնական թեկնածու է առաջադրելու, սակայն դեռ թեկնածուի անուն չի հրապարակել։ Որոշ փորձագետներ, սակայն, կարծում են, որ արդեն 20 տարի երկիրը կառավարած Էրդողանի շանսերը մեծ չեն ու չեն բացառում, որ այդ իսկ պատճառով նա գնա ընտրությունները անորոշ ժամկետով հետաձգելու ճանապարհով։ Իսկ դրա համար Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն էլ լրացուցիչ պատճառ կարող է դառնալ։   

Նախընտրական Թուրքիայում Արևմուտքին հասցեագրված մեղադրանքները ավելի հնչեղ են դառնում։ Այդ երկրի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միացյալ Արևմուտքին մեղադրել է մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների վրա ազդելու փորձի մեջ։ Այդին քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը ասել է․

«Գլոբալ տերությունները՝ Եվրոպայից մինչև Ամերիկա, ակտիվ ջանքեր են գործադրում մայիսի 14-ի ընտրությունների վրա ազդելու համար: Այդ նպատակով իմ դեմ նենգ արշավներ են իրականացվում»։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ մայիսի 14-ին երկրում համընդհանուր ընտրություններ են նշանակված (նախագահական և խորհրդարանական): Խորհրդարանին կառաջարկվի հաստատել վաղաժամկետ ընտրությունների օրը։ Եթե այն մերժի կառավարության առաջարկը, Էրդողանը կօգտագործի նախագահի իր լիազորությունները։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր դաշնակից ԱՄՆ-ին մեղադրել խառնակչության մեջ։ Նա հայտարարել էր, որ նախագահական ընտրաշավի շեմին ամերիկացիները ցանկանում են գցել նախագահ Էրդողանի հեղինակությունը։

ԱՄՆ-ի դավադիր նպատակի մասին հրապարակավ հայտարարել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ «Ամերիկացի դեսպաններն Անկարա ոտք դնելու առաջին իսկ օրերից Թուրքիայում հեղաշրջում անելու պլաններ են գծում»,– հայտարարել էր Սոյլուն, շեշտելով, որ այդ ծրագրերը խափանող մի մարդ կա, և դա  Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Սոյլուն նաև դիմել էր Միացյալ Նահանգների դեսպանին՝ կոշտ ձևակերպումով․  

 «Հեռու տարեք ձեր կեղտոտ ձեռքերը Թուրքիայից։ Ուզում եք Թուրքիայի հասարակությանն իրար խառնե՞լ, սա՞ է ձեր նպատակը։ Հեռու գնացեք Թուրքիայից ձեր կեղծ ժպիտներով»։    

Արևմուտքի նկատմամբ Թուրքիայի զայրույթը գագաթնակետին հասավ, երբ Միացյալ Նահանգներն  ու Եվրոպական մի շարք պետություններ, ահաբեկչության վտանգի պատճառաբանությամբ, փակեցին Ստամբուլում տեղակայված իրենց հյուպատոսությունները։ Հենց այս քայլից հետո Թուրքիայի արտգործնախարարություն կանչվեցին  ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի և Իտալիայի դեսպանները։

Թուրքական իշխանությունները կասկած չունեն, որ այդ երկրները միտումնավոր են փակել հյուպատոսությունները՝ ցույց տալու համար աշխարհին, որ Թուրքիան անկայուն ու անպաշտպան երկիր է։

Որոշ թուրքագետներ կարծում են, որ ոչինչ պատահական չէ. Արևմտյան այդ երկրների հյուպատոսությունները փակվել են այն պահին, երբ Էրդողանի մեծապետական հավակնությունները հասել են գրեթե գագաթնակետին, ու նա իր երկիրը հռչակել է տարածաշրջանի տեր ու տիրականը։

Արևմտյան վերլուծաբաններից ոմանք գտնում են, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը չի կարողանալու  հավաքել ընտրողների ձայների կեսից ավելին, իսկ ընդդիմության համար առաջիկա ընտրությունները մարտահրավեր են լինելու։

Այս դիտարկումները կիսում է նաև Ստամբուլում հրատարակվող  «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը․

«Հանրային կարծիքը շոշափող հարցախույզներից հայտնի է դառնում, որ իշխանության վիճակը բավականին ծանր է։ Դժվար է, որ այս ընտրություններում հաջողություն ունենա։ Տվյալներն այդպես են ցույց տալիս, բայց, թե ի՞նչ կլինի, ինչպիսի՞ զարգացումներ կլինեն. անորոշությունն էլ տակավին շատ հստակ է» ։   

Արևմտյան որոշ մեկնաբաններ նկատում են, որ Թուրքիան վերջին երկու տասնամյակների ընթացքում դարձել է ավելի ավտորիտար, իսկ նախընտրական այս շրջանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բանտարկել է ընդդիմության շատ անդամների և փակել գրեթե բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները: Հաշվի առնելով Էրդողանի շարունակվող ճնշումները ընդդիմության վրա, նրանք կարծում են, որ Թուրքիայում սպասվող ընտրությունները որևէ աղերս չեն ունենա ժողովրդավարության հետ:

Այս մասին «Jpost» պարբերականի հոդվածագիր Սեթ Ֆրանցմանն է շեշտել։ Վերլուծելով Էրդողանի քայլերը,  նա իր հոդվածում գրել է, որ այդ ամենը նշանակում է, որ տարածաշրջանը պետք է մտածի, թե ինչ քաոս կարող է ստեղծել Անկարան ընտրություններից առաջ։

Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ՝ այդպիսի մտահոգություններ կան նաև Թուրքիայի հասարակության ներսում․«Էրդողանը բացարձակապես չի գնա այնպիսի ընտրության, որում հայտնի է, որ պիտի պարտվի։ Եվ ընտրությունը չեղարկելու համար էլ ձեռքից եկածը կարող է անել՝ մինչև վերջին օրերը»։  

Եթե մինչ երկրաշարժը Թուրքիայի հասարակության տարբեր շերտերում դիտարկում էին մեծ պատերազմ հրահրելու միջոցով ընտրությունները անորոշ ժամկետով  հետաձգելու վարկածը, ապա հիմա կարծում են, որ տեղի ունեցած երկրաշարժն այդ առումով լրացուցիչ անորոշություն է ստեղծում։ Սա նկատում են նաև արևմտյան վերլուծաբանները։ «Reuters» գործակալության հետ զրույցում ֆինանսիացի վերլուծաբան Պետր Մատիսն նշել է.

«Թուրքիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի պատճառով ծավալվող ողբերգական իրադարձություններն անորոշության հավելյալ գործոն են հանդիսանում առաջիկա վճռորոշ ընտրությունների շեմին»։

Նշենք նաև, որ երկրաշարժի ֆոնին թուրքական լիրայի փոխարժեքն ու Ստամբուլի բորսայի հիմնական ցուցանիշերը կտրուկ նվազել են։ 

Back to top button