ԿարևորՏնտեսական

Զրոյից սկսելը հեշտ չէ, բայց անհրաժեշտ է. շրջափակված Արցախում խաղողի նոր այգիներ են հիմնում

Մոտ երկու ամիս է, ինչ Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատրվակով փակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը։ Բայց անգամ շրջափակված Արցախում նոր ներդրումներ են կատարվում, խաղողի այգիներ են տնկվում։ «Ռադիոլուրի» այսօրվա հերոսը արցախցի Սամվել Գրիգորյանն է։ 44-օրյա պատերազմից հետո նրա գինեգործական ողջ բիզնեսը մնաց թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում։  Չնայած կորստին, Սամվել Գրիգորյանն այժմ կրկին խաղողի նոր այգիներ է հիմնում Ծաղկաշատ համայնքում։

Արցախում, անգամ շրջափակման պայմաններում,  խաղողի նոր այգիներ են հիմնում։  Գործարար Սամվել Գրիգորյանը 44-օրյա պատերազմից հետո Հադրութի շրջանի Տող և Մեծ Թաղեր համայնքներում թշնամուն թողեց  7 տարվա  աշխատանքի արդյունքը՝ 300 հազար վազից բաղկացած  խաղողի այգիները, գինու գործարանը, որոնք 250 աշխատատեղ էին ապահովում արցախցիների համար։ Այդ այգիներում  խաղողի 21 տեսակ էր մշակվում, 20-ը՝ ֆրանսիական, իսպանական, իտալական, 1-ը՝ տեղական՝ խնդողնին։

Պատերազմից հետո ստիպված էր այդ ամենը թողնել թշնամուն։ Բայց կորուստը չհուսալքեց Գրիգորյանին։

«Ես  ծնվել եմ Արցախում, հայրս ծնվել  է Արցախում, երեխաս էլ է ծնվել Արցախում, թոռս էլ Արցախում կծնվի։ Ինչու ՞ ենք ընտրել Արցախը։ Նախ՝ մեր հայրենիքն է։ Բացի այդ,  աշխարհում խաղողագործության համար նման բարենպաստ աշխարահագրական դիրք  ունեցող  մի քանի տեղ կա, մեկը Արցախում է։ Դա ես չեմ ասում, դա ասում է մեր ֆրանսիացի մասնագետը։ Ֆրանսիացին զարմացած է, որ  նման տարածաշրջան գոյություն ունի։ Այն բացահայտված չէ, բայց խաղողագործության զարգացման համար նման ներուժ ունի»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է գործարարը։

Խաղողի նոր այգիները տնկվում են  Ծաղկաշատ գյուղում։ «Այգի՝ այգու դիմաց, գործարան՝ գործարանի»․ այս սկզբունքով  են սկսվել աշխատանքները։ Գործարարը խոստովանում է՝ հեշտ չէր ամեն ինչ նորից սկսելը, բայց՝ անհրաժեշտ էր․

«Նախկին աշխատակիցները հաճախ էին հարցնում՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք։ Ես ու ընկերս որոշեցինք, որ պետք է վերականգնել  խաղողի այգիները։ Նույնը մեզ նաև Արցախի ղեկավարությունն առաջարկեց»։ 

3․5 մլն դոլարի ներդրումային ծրագիրը կֆինանսավորի Արցախի կառավարությունը։ Արցախի իշխանություններն անգամ  տարածքի ընտրության հարցն են  թողել  գործարարի հայեցողությանը։ Ֆրանսիացի մասնագետն էլ ընտրել է Ծաղկաշատը։ Ընդհանուր տարածքը  մոտ 40 հա է։ Դրանից 14 հա-ը այգիներն են ու ճանապարհը։  Ներդրումային գումարը կտրամադրվի երեք փուլով՝ առաջին և երկրորդ փուլերով100 հազարական վազ ունեցող այգիներ կտնկվեն։ Իսկ արդեն երրորդ փուլում՝  300 հազար շիշ հզորությամբ գինու գործարանը կսկսի աշխատել։

Back to top button