ԿարևորՀասարակություն

Քուվեյթում բացվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց

Հունվարի 31-ին Քուվեյթի ազգային վարժարանում տեղի է ունեցել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում բացման ելույթներ են ունեցել վարժարանի տնօրենը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը,  «Արմաթ» կրթական ծրագրի տասնամյակի ձեռքբերումները ներկայացրեց ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, ապա Քուվեյթի «Արմաթ» լաբորատորիայի սաները ներկայացրել են իրենց աշխատանքները։

Բացմանը ներկա են եղել Քուվեյթի պետական այրեր, ապագա գործընկերներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ծնողներ, ուսանողներ, ինչպես նաև Քուվեյթի եկեղեցիների, մասնավոր դպրոցների և քոլեջների ներկայացուցիչներ։

Նույն օրը տեղի է ունեցել նաև հանդիպում Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնական գործակալության  (CAIT) գլխավոր տնօրենի պաշտոնակատար դոկտոր Ամար Ալհուսեյնու հետ։ Այնուհետև տեղի է ունեցել այց Քուվեյթի հայկական եկեղեցի։

Հունվարի 29-ից փետրվարի 2-ը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող պատվիրակությունն աշխատանքային այցով Քուվեյթում է։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, Arloopa ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը և  SmartGateVC համահիմնադիր Աշոտ Արզումանյանը։

Այցի նպատակն է բարձրացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի և վերջինիս հնարավորությունների ճանաչելիությունը, ներկայացնել այն Քուվեյթի ոլորտային պետական գործակալություններին, ներկայացնել հայկական ընկերությունների (ներառյալ ստարտափների) հետ ներդրումային և համագործակցային հնարավորությունները, հաստատել կապեր ՏՏ մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև ներկա գտնվել Քուվեյթի ազգային վարժարանում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացմանը։

Հունվարի 30-ին տեղի է ունեցել «Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը և իր հնարավորությունները» թեմայի ներկայացումը Քուվեյթի մասնավոր ընկերությունների հետ հանդիպումների ընթացքում, որն ուղեկցվել է հարց ու պատասխանով։ Այնուհետև պատվիրակությունը մասնակցել է Քուվեյթում Հայաստանի դեսպանության ընդունելությանը։

Փետրվարի 1-ին տեղի է ունեցել հանդիպում Ազգային տեխնոլոգական ձեռնարկությունների ընկերության գործադիր տնօրեն պարոն Անաս Միրզայի հետ։

Քուվեյթում «Արմաթ» լաբորատորիան սկսել է իր աշխատանքները դեռ նախորդ տարվա աշնանը, սակայն բացման արարողությունը նշանակվել է հունվարի 31-ին՝ բոլոր հետաքրքրված կողմերին աշխատանոցի առաջին արդյունքները ներկայացնելու նպատակով։

Back to top button