ԿարևորՀասարակություն

Երևանի միջանկյալ պահանջները Բաքվին․ Հաագայի դատարանում լսում են Լաչինի միջանցքի հարցով հայկական փաստարկները

ՄԱԿ-ի  արդարադատության դատարանում սկսվել են  Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումները։  Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ հայցով Երևանը  պահանջում է, որ Բաքուն դադարեցնի իր օժանդակությունը, այսպես կոչված, ցույցերին, որոնք խաթարում են Լաչինի միջանցքով երկկողմանի տեղաշարժը, երաշխավորի ճանապարհի անխափան գործունեությունը և ձեռնպահ մնա  բնական գազի ու հանրային ծառայությունների մատակարարումը խաթարելուց։

Լաչինի միջանցքում Ադրբեջանի գործողությունները հայկական կողմն էթնիկ զտման քաղաքականության դրսևորում է համարում։ Հայցում իրավիճակը ներկայացվում  է բազմաթիվ փաստերով, լուսանկարներով, նաև՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին միջազգային տարբեր կառույցների հնչեցրած գնահատականներով ու կոչերով, որոնք Բաքուն անտեսում է։  

Երեք խնդրանք-պահանջ, որոնցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի միջանկյալ միջոց կիրառելու համար։ Դրանք Հաագայում ներկայացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։  

«Հայաստանը  խնդրում է դատարանին հետևյալ միջանկյալ միջոցները՝ նախքան գործը  պարտադրել  Ադրբեջանին, որ վերջինը դադարեցնի իր մասնակցությունը և օժանդակությունը, այսպես կոչված, բողոքի ակցիաներին, որոնք խափանում են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Ադրբեջանը պետք է երաշխավորի շարունակական ազատ տեղաշարժը՝ անձանց, բեռների ու մեքենաների, Ադրբեջանը անմիջապես ու լիովին պետք է վերականգնի բնական գազի ու հանրային այլ ծառայությունների մատակարարումը»։

Միջանկյալ միջոց կիրառելու դիմումը 2020 թվականին Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի բաղկացուցիչ մասն է։ Ամբողջական գանգատով հայկական կողմը Բաքվին մեղադրում է ռասայական խտրականությունը բացառող բազմաթիվ  միջազգային փաստաթղթեր ու համաձայնագրեր խախտելու մեջ։  Պահանջներն ընդհանուր առմամբ վերաբերում են Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ տարվող ատելության և խտրական վերաբերմունքի հետևանքով առաջացած խախտումների արձանագրմանը և պատճառված վնասի հատուցմանը:

Լսումների ընթացքում մոտ երկու ժամ Հայաստանի ներկայացուցիչն ու եվրախոհրդատուները ներկայացնում էին, թե ինչ վիճակում են հայտնվել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից,  երբ Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

Եթե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել՝ հայտարարեց Եղիշե Կիրակոսյանը․

«Երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից։ Ի հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի՝  Ադրբեջանը փորձում է արդարացնել իր շրջափակումը բնապահպանական թեական հորինվածքների միջոցով, որոնց ոչ ոք չի հավատում։ Նա այդպես է անում՝ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած  իր աներկբա պարտավորությանը ՝ երաշխավորել մարդկանց, մեքենաների ու բեռների անխոչընդոտ տեղափոխումը Լաչինի միջանցքով։ Նա այդպես է անում միջազգային դատապարտման լույսի ներքո»։ 

Հայաստանի ներկայացուցիչը հիշեցրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրահանգել է Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները ՝ երաշխավորելու ծանր հիվանդների անվտանգ շարժը, որոնք Հայաստանում բուժսպասարկման կարիք ունեն: Ադրբեջանը անտեսել է Ստրասբուրգի դատարանին պահանջները ևս:

«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել: Նախագահ Ալիևը դա հստակ է դարձրել: Նա բացահայտորեն պահանջել է, որ ԼՂ հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին «իրենց» հողերից վտարելն է: Նա ասել է, որ ոչ մի հայերեն երգ չի երգվելու և որ այսուհետև ադրբեջաներենն է իշխելու այդ հողում»։

Եվրոպական խորհրդարանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված  իրավիճակը դաժան, ծանր մարդասիրական ճգնաժամ է բնորոշել՝ հիշեցրեց  Հայաստանի եվրախորհրդատու  Լոուրենս Մարտինը։ Փաստերն իսկապես լուրջ են և համարժեք մոտեցում են պահանջում ՝ ելույթներում  նշում էին Հայաստանի իրավախորհրդատուները՝ ընդգծելով, որ ճանապարհի փակման բնապահպանական հիմնավորումները համոզիչ  չեն  ոչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ոչ ԵԽԽՎ-ի և ոչ էլ միջազգային այլ կառույցների համար։

«Եկել ենք խնդրելու, որպեսզի հրատապ միջամտեք, որ վերջ դրվի մարդասիրական աղետին։ Նախորդ  տարվա դեկտեմբերի 12–ից ի վեր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը գրեթե ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից։ Նրանք շարունակում են զրկված մնալ սննդամթերքի, դեղորայքի ու այլ անհրաժեշտ պարագաների հասանելիությունից։ Եթե դատարանը անհրաժեշտ քայլեր չձեռնարկի, նրանց կյանքը վտանգված կլինի»։

Զեկուցողը հիշեցրեց 2020թ․ 44-օրյա պատերազմի մասին, մեջբերեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Շփման գծում ռուս խաղաղապահների ներկայությունը, ըստ նրա, հիմնավորվում էր «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային մահը» կանխելու անհրաժեշտությամբ։

«Ադրբեջանն ակնհայտորեն չի թաքցրել իր նպատակը։ Բաքվում վետերանների ու նրանց ընտանիքների համար կառուցվող համալիրի բացման  ժամանակ Ադրբեջանի նախագահը  ասել է՝ մեր հիմնական պարտքն է վտարել հայերին մեր հողից։ Սա մարդ է, որը սիրում է հայերին անվանել շներ վանդալներ, բարբարոսներ, վայրենիներ»։

Արդեն 50 օր Հայաստանից Լեռնային Ղարաբաղ օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք չի մտնում։ Խանութները դատարկ են, պլանային վիրահատությունները՝ դադարեցված։  Իրավիճակը լսումների ընթացքում ներկայացվում էր  փաստերով, լուսանկարներով ու միջազգային տարբեր ատյանների՝ Լաչինի միջանցքը հնարավորինս արագ ապաշրջափակելու  կոչերին հղումներով։ Ելույթների հիմնական շեշտադրումն այն էր, որ այդ հորդորները Բաքուն անտեսում է, իսկ  իրավիճակն օրեցօր վատթարանում է։

Լսումները նախատեսված էին հունվարի 30-31-ին։ Ենթադրվում էր, որ Երևանը պետք է ներկայացնի իր պահանջները, հետո Բաքուն  հանդես գա իր հիմնավորումներով։  Դատարանի նախագահի տեղեկացմամբ՝  Ադրբեջանը պնդել է, որ ՀՀ-ն բավարար հիմնավորումներ չուներ սպասելու մեկ աշխատանքային օր նախքան լսումները և որ Ադրբեջանը չի կարող նոր հայցին պատասխանել բանավոր լսման ընթացակարգով։

2023-ի հունվարի 26-ի նամակով ՀՀ ներկայացուցիչը դատարանին փոխանցել է լրացուցիչ հայց միջանկյալ միջոցների վերաբերյալ, որն առնչվում էր բնական գազի և կոմունալ այլ ծառայությունների մատակարարմանը։ Ուստի,  հաշվի առնելով կարճ ժամկետերը՝ դատարանը որոշել է, որ Ադրբեջանը կարող է նախնական պատասխան ներկայացնել այսօր և որ իրավունք կունենա ներկայացնել իր գրավոր դիտարկումները նոր միջանկյալ միջոցի վերաբերյալ ոչ ուշ, քան  փետրվարի 1-ը՝ ժամը 15-ը։

Back to top button