Սփյուռքի ձայնը

Սփյուռքահայ ներդրողները պետք է մտածեն Հայաստանում ապրելու մասին. Րաֆֆի Մխչյան․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանում ներդրումային դաշտում սփյուռքի մասնակցությունը նվազել է, սակայն վերջին շրջանում արտահանման ծավալները ավելացել են, ասում է ՀՀ արտահանողների միության նախագահ, Լիբանանից Հայաստան տեղափոխված գործարար Րաֆֆի Մխչյանը։

Նա նշում է, որ այս տարվա արտահանման ծավալները ավելացել են՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ «Տնտեսության ցուցանիշների ավելացումը նաև դրանով է պայմանավորված, որը մեր երկրի կառավարության գործունեության հետ որևէ կապ չունի»,- ասում է։

Հայաստանում ներդրումներ արվում են, սակայն դրանց թիվը մեծ չէ, նկատում է միության նախագահը։ Խոշոր ներդրումներն ակնկալում են արտահանում։ Իսկ ինչպիսին են ներդրումների և արտահանման ծավալներն ու համամասնությունը։

«Ներդրումներ քիչ են լինում, դա կապված է տարածաշրջանում տիրող իրավիճակով։ Վերջերս, օրինակ, մի քանի ամիս առաջ ամերիկահայերն ուզում էին խոշոր ներդրում անել Հայաստանում, սակայն սեպտեմբերի դեպքերից անմիջապես հետո դադարեցրին իրենց մտահղացումը և հրաժարվեցին ծրագրերից»։

Րաֆֆի Մխչյանը, որն արդեն 3 տասնամյակից ավելի բնակվում է հայրենիքում, նկատում է, որ ներդրումներ անել ցանկացող սփյուռքահայերին Հայաստանում գործ սկսելու համար չի խանգարում անգամ չհաջողված օրինակների պատմությունը։ Հիմնական խնդիրն այսօր կապված է պետության անվտանգության հետ։

«Քանի դեռ Արցախի հարցը լուծում չի ստացել, քանի դեռ անվտանգային հարցերը առաջնային են, ներդրումները պակասելու են։ Բացի այդ, այսօր Հայաստանի դատական համակարգում ևս կան բացեր։ Ներդրողը պետք է վստահ լինի, որ իր ունեցվածքը ապահովագրված է և իր շահերը պաշտպանված»,- ավելացնում է արտահանողների միության նախագահը։

Սփյուռքահայ ներդրողները պետք է մտածեն Հայաստանում ապրելու մասին։ Զգացական երևույթները պետք է փոխարինել գործնական քայլերով, այդ ժամանակ միայն մենք տնտեսական աճ կգրանցենք, համոզված է զրուցակիցս։

Ապահով ու խաղաղ հայրենիքում են ուզում իրենց գործն ու կյանքը շարունակել սփյուռքահայերը, համոզված է Րաֆֆի Մխչյանը։ Արդյո՞ք դժվարություններն ավելի միավորող չպետք է լինեն, հարցնում եմ։

«Երբ հարցը դրվում է այսպես՝ կյանքը կամ հայրենիքը, շատերը ընտրում են առաջինը։ Հայրենիքի հանդեպ սերը մնում է միայն հեռվից սիրելու սկզբունքով»,- ցավով նկատում է հայրենադարձ Րաֆֆի Մխչյանը։

Հայաստանում, այնուամենայնիվ, սփյուռքահայ այն ներդրողները, որոնք արդեն գործունեություն են սկսել, շարունակում են իրենց գործը։ Ծավալները տարբեր են, նկատում է։ Շա՞տ են արդյոք նրանք և որ ոլորտներում են։

«Կան, սակայն քիչ են։ Նրանցից որոշները տեքստիլ արդյունաբերությամբ են զբաղվում, արտահանում Եվրոպա, կան նաև ոսկերչությամբ զբաղվողներ, որոնք ևս արտահանման լայն շրջանակ ունեն»։

Արտահանողների միության նախագահը նշում է` արտահանման խնդիրները շատ են` սկսած երկրների ընտրությունից մինչև շուկաների ուսումնասիրություն։

«Խնդիրները ծագում են հիմնականում վճարումների ժամանակ։ Ինչ վերաբերում է շուկային, ապա մենք պետք է ընդլայնենք մեր շուկան՝ ռուսականից բացի ընտրելով այլ երկրներ ևս»,- ասում է գործարարը։

Րաֆֆի Մխչյանը վերջերս է ստացել հայկական անձնագիր։ Ասում է, որ քաղաքացի չլինելը իրեն Հայաստանում չի խանգարել ոչ աշխատանքում, ոչ էլ կյանքի այլ ոլորտներում։

Back to top button