ԿարևորՀասարակություն

Հաշմանդամությունը խնդիր չէ կարողութունները դրսևորելու համար. «Ես ուժեղ եմ» նախագիծ

Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ ամիսներ առաջ Արմավիրում մեկնարկած «Ես ուժեղ եմ» նախագծի եզրափակիչ փուլի հաղթողը երգչուհի Քրիստինե Հովհաննիսյանն է: Ավարտել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը, հեղինակային երգի կատարող է։ Նախագիծը բարեգործական է: Հեղինակիներն ասում են՝ փորձել են բացահայտել հաշմանդամություն ունեցող անձանց տաղանդն ու թաքնված կարողությունները:

Դեռ օգոստոսին Արմավիրում մեկնարկեց «Ես ուժեղ եմ» նախագիծը, որին մասնակցում էին լսողական, տեսողական, հենաշարժական խնդիրներ ունեցող անձինք: Նախագիծը մրցութային էր, մասնակիցների ընտրած ուղղությունները տարբեր՝ ակրոբատիկա, հումոր, անվասայլակային պար, երգ և երաժշտություն: 44-օրյա պատերազմով անցած Հայկ Թովմասյանը վերականգնողական բուժումների պատճառով դուրս է մնացել եզրափակիչ փուլից։ Նախագծի հեղինակ Նաիրի Մանվելյանը։

«Մենք սկզբից էլ նախատեսել էինք 1-ին, 2-րդ  և  եզրափակիչ փուլ: Եզրափակիչում Հայկ Թովմասյանն էլ պետք է մասնակցեր, բայց քանի որ գտնվում էր վերականգնողական կենտրոնում, չկարողացավ ելույթ ունենալ»:

Եզրափակիչ փուլում հանդես եկան երգչուհի Քրիստինե Հովհաննիսյանն ու սաքսոֆոնահար Մանվել Բարսեղյանը, երկուսն էլ Երևանից են: Քրիստինեն Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի  շրջանավարտ է,  հեղինակային երգի կատարող, բայց երկար տարիներ դադարել էր երգել: «Ես ուժեղ եմ» նախագիծը հնարավորություն է տվել բեմ վերադառնալու:

Քրիստինե Հովհաննիսյանը խոստովանում է՝  հեշտ չէր նորից երգել,  բարդույթներն ու կաշկանդվածությունը շատ են խանգարել, բայց փորձել է հաղթահարել:

«Ավելի շատ պատասխանատվություն ունեի,  երգելու, ստեղծելու ցանկությունն ավելի մեծացավ, ոգևորեց ինձ, որպեսզի ես շատ աշխատեմ»:

Եզրափակիչ անցած մյուս մասնակիցը Մանվել Բարսեղյանն էր։  Սաքսոֆոնը մշտական ընկերն է, երաժշտությունը՝ կյանքի անբաժան մասը։

«Ինձ շատ հաճելի էր ու միաժամանակ աշխատանքային ընթացք: Իհարկե, ինչպես ցանկացած աշխատանք ունենում է իր բարդությունները, բայց դա շատ նորմալ է»:

Քրիստինեն ու Մանվելը տեսողական խնդիրներ ունեն: Նրանց միջև ընտրություն կատարելը դժվարացրել էր ժյուրիի աշխատանքը: Վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի խոսքով՝ հաղթողին ընտրել են իրատեսորեն։

«Այո, դժվար էր, բայց մենք մի քանի պարամետրեր հաշվի առանք, առանց որոնց հմնարավոր չէր: Որոշումը ոչ թե էմոցիոնալ էր, այլ՝ շատ ռացիոնալ: Տարաձայնություններ կային, բայց կան մրցույթներ, որտեղ դու չես կարող ելնել միայն ինչ-որ մի բանի առավելություն տալով: Այդպես չի լինում, բեմն իր օրենքներն ունի»:

Անթաքույց հիացմունքով էր ելույթներին հետևում նաև դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը:

«Ամենաբարդ ընտրության առջև էինք կանգնած, քանի որ երկուսն էլ շատ տաղանդավոր են ու լավ էին պատրաստվել»:

Նախագծի հաղթողը Քրիստինե Հովհաննիսյանն է: Հաղթանակը նոր  ճանապարհներ է բացելու երգարվեստում, նոր բեմահարթակների ուղենիշ դառնալու։

«Պահ է եղել, երբ մտածել եմ, որ այլևս չեմ երգի, իսկ հիմա ավելի շատ ցանկություն կա երգելու: Երգն ինձ համար ինքնաարտահայտման միջոց է, որտեղ ես կարող եմ  անկեղծ արտահայտվել: Ես իմ երգի մեջ շատ անկեղծ եմ»:

«Ես ուժեղ եմ» նախագիծը բարեգործական է: Հեղինակ  Նաիրի Մանվելյանը ստեղծագործական խմբի հետ նպատակադրվել էր բացահայտել հաշմանդամություն ունեցող անձանց տաղանդն ու թաքնված կարողությունները:

Back to top button