ԿարևորՀասարակություն

Կառավարությունն առաջարկում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն

Գործադիրը հավանություն է տվել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով ամրագրված է արտաքին հետախուզական ծառայություն ունենալու հրամայականը:

Ըստ հիմնավորման, հաշվի առնելով արցախյան 2016թ. և 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտությունը՝ Հայաստանն ունի նոր որակի Հետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության և ոլորտի բարելավման ապահովման  նպատակով:

Հետախուզության առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն: Նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում է ունենալ ժամանակակից ենթակառուցվածքներով և նյութատեխնիկական ապահովածությամբ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացում ուրույն դերակատարում ունեցող, ՀՀ վարչապետին ենթակա մասնագիտացված արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ծառայություն:

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռնելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ու համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին:

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աշխարհը փոխվում է դինամիկ ձևով, և արտաքին հետախուզական ձևերը և մեթոդները նույնպես շատ էական փոփոխություններ են ապրում: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք  մեր կարողությունները տրանսֆորմացնել և զարգացնել ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխան: Այդ իմաստով կարծում եմ՝ կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ աշխարհում հետախուզական մեթոդները, ձևերը և բանաձևերը  զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ  ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ: Եվ մենք այս առումով որոշում ենք կայացրել, և դա նշված է նաև Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության մեջ, ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես Վարչապետին ենթակա մարմին»:

Վարչապետը հույս է հատնել, որ օրինագծերի ընդունումը կնպաստի  երկրի արտաքին հետախուզական կարողությունների զարգացմանը: «Իհարկե, դա արագ տեղի չի ունենա: Ընդ որում, շատ կարևոր է արձանագրել, որ այս որոշումով այս պահին մեր ունեցած ստատուս քվոն որևէ կերպ չենք խախտի: Այսինքն՝ այս պահի գործող բոլոր մեր հետախուզական ծառայությունների կյանքում ոչինչ չի փոխվի այնքան ժամանակ, մինչև մենք չհամոզվենք, որ նոր ստեղծված արտաքին հետախուզական ծառայությունը կարող է կլանել այն գործառույթները, որոնք իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության հետախուզության դեպարտամենտը և դեռ մի բան էլ ավելին: Այսինքն՝ ի վիճակի է լիարժեք, առանց որևէ վնաս հասցնելու մեր կարողություններին դա պատշաճ մակարդակով իրականացնել»,-ասել է կառավարության ղեկավարը:

Back to top button