ԿարևորՔաղաքական

Իշխանությունն ու ընդդիմությունը՝ խորհրդարանում․ «հրադադարը» տևեց մի քանի ժամ

Ընդդիմադիրների նախաձեռնած Աժ արտահերթ նիստում խորհրդարանական ուժերին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ։  Թեև խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ նիստը չի բոյկետլու և մասնակցելու է քննարկմանը,  բայց ընդդիմության հեղինակած հայտարարության նախագիծը չի ընդունվել։ Դրան  կողմ է քվեարկել  31 պատգամավոր, մեծամասնությունը չի մասնակցել քվեարկությանը՝ հիմնավորմամբ, որ տեքստում կան անընդունելի ձևակերպումներ, որոնց փոփոխությանը ընդդիմադիրները համաձայն չեն։ 

Մի քանի օր է խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդիմությունը փորձում են համաձայնության գալ մեկ փաստաթղթի շուրջ։ Արդյունքը միասնական քննարկումն էր, որը տեղի ունեցավ ընդդիմադիրների հրավիրած արտահերթ նիստի ընթացքում, բայց միասնական փաստաթուղթ Հայաստանի խորհրդարանի անունից ընդունել չհաջողվեց։ Պատճառը՝ որոշ ձևակերպումների շուրջ սկզբունքային տարաձայնությունն է։

Ընդդիմությունը խորհրդարանի հաստատմանն էր ներկայացրել հայտարարության տեքստ, որով ենթադրում էր, որ Հայաստանի Աժ–ն կպատասխանի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նոյեմբերի 8–ի հայտարարությանը, որը վերաբերել է 44–օրյա պատերազմին։  

Հայտարարության հիմնավորման մեջ նշվում է, որ Ադրբեջանը նենգափոխել է ղարաբաղյան հակամարտության էությունը, ծագման պատճառները, սխալ գնահատականներ են տրվել 44–օրյա պատերազմի պատճառներին, Հայաստանի հետ այդ հայտարարության մեջ խոսվել է վերջնագրերի և շանտաժի լեզվով, Հայաստանին ներկայացվել են անընդունելի և իրավական հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն, աշխարհագրական անընդունելի ձևակերպումներ, իսկ «խաղաղության համաձայնագիր» կոչվածի հիմքում դրվել է այն գաղափարը, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է։

«Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Թևանյանի փոխանցմամբ՝ իշխանության հետ հիմնականում չի հաջողվել համաձայնեցնել 4 կետ․

«Անհամաձայնությունը վերաբերում է ԼՂ Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն ձևակերպմանը։ «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է այդ ձևակերպմանը և իրենք ջնջել են «Հանրապետություն» ձևակերպումը։ Մեզ մոտ, օրինակ, գրված է «պատմական տարածքում ինքնորոշված ԼՂՀ դեմ հարձակումը Ադրբեջանի կողմից», իրենք դա առաջարկում էին գրել «ԼՂ հայության վրա հարձակում, որը նշանակում է, որ հայ ժողովուրդը Ղարաբաղի դիտարկվում է որպես Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություն»։ Այս ձևակերպումը մեզ համար ընդունելի չէ։ Երկրորդ ֆունդամենտալ հակասությունը այն է, որ ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված իրենք դրան կողմ չեն։ Այսինքն՝ այդ ձևակերպումները ջնջված են։ Երրորդը՝ «Շուշիի հռչակագրի» դատապարտմանը իրենք դեմ են, այդ մասը ընդհանրապես հանել էին։ Չորրորդը՝ հանված էր Հայաստանի հանձնառությունը ինքնորոշման իրավունքի իրացման և անվտանգության ապահովման մասով»։  

Փաստաթղթի շուրջ պատգամավորները աշխատել են արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի շրջանակում։ Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ փաստաթուղթը հանձնաժողովում վերլուծության է ենթարկվել։

«Իրականում մեր նպատակն է շրջել դիվանագիտական մեկուսացման անիվը և հնարավորինս ապահովել միջազգային հանրության և դիվանագիտական կոնսոլիդացիա Հայաստանի շուրջ։ Սրան է ուղղված ՀՀ դիվանագիտության հիմնական գործողությունները․ նվազագույնը՝ խոսել այնպիսի բառապաշարով և օգտագործել այնպիսի տերմինաբանություն, որոնք ընկալելի, հասկանալի և ընդունելի կլինեն միջազգային հանրության համար։ Հենց սրանով է պայմանավորված այն սկզբունքային, որը մենք ունեինք «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ, որովհետև մենք կարծում ենք, որ այն ձևակերպումները, որոնք առաջարկված էին, ոչ միայն չէին նպաստի այդ կոնսոլիդացիայի ձևավորմանը, այլ ուղիղ հակառակը՝ հնարավոր ռիսկեր կառաջացնեին Հայաստանին այս ուղուց հետ մղելու և շեղելու։ Մենք որպես ՀՀ պատասխանատու իշխանություն չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»։  

Հայտարարարության տեքստը լիագումար նիստում քննարկելու համար հատկացվել էր 3 ժամ։ Այդ ընթացքում իշխանությունն ու ընդդիմությունը անդրադարձան հին ու նոր դիվանագիտական սխալներին, որոշ դեպքերում քննարկումը սրվեց փոխադարձ մեղադրանքներով։

Այն, որ Հայաստանի խորհրդարանը Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությանը պատասխանելու տարբերակ չգտավ, խիստ մտահոգիչ է ընդդիմության համար։ Ըստ Անդրանիկ Թևանյանի՝ պատասխանի բացակայությունը երկու կերպ կարող է ընկալվել․

«Լռությունը կնշանակի լավագույն դեպքում վախի նշան, վատագույն դեպքում՝ համաձայնության նշան։ Շատ վատ ավանդույթ է ձևավորվել, որ Ադրբեջանի թե՛ տեղեկատվաքարոզչական, թե՛ ռազմական ագրեսիային համարժեք պատասխան չի տրվում։ Դա բերում է միջազգային հանրության մոտ համոզմանը, որ Հայաստանը համակերպվել է այդ վիճակի հետ, որ Հայաստանը ասելիք չունի Ադրբեջանին։ Սա հարմար առիթ է մեր հանրությանը, մեր թշնամիներին, մեր ռազմավարական գործընկեր–բարեկամներին և ընդհանրապես միջազգային հանրությանը ցույց տալ, որ մենք ունենք հստակ կարմիր գծեր մեր անվտանգային համակարգի հետ կապված, մենք ունենք հանձնառություններ Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և Արցախի անվտանգության ապահովման հարցերում, և մեր մոտեցումները պետք է հասկանալի ձևով ներկայացնել միձազգային հանրությանը, և կոնկրետ Ադրբեջանը պետք է իմանա, որ ՀՀ–ն չի համակերպվում այն մտքի հետ, որ պետք է բավարարել նրանց բոլոր նախապայմանները»։

Կա ևս մեկ պատճառ, թե ինչու իշխանությունը այս անգամ էլ մերժեց ընդդիմադիրների նախաձեռնությունը։ Թեև «Հայաստան» խմբակցության անդամները պնդում են, որ ներքաղաքական խոսք կամ միտք անգամ չկա գրված փաստաթղթում, բայց այդպիսի քողարկված նպատակ, ամեն դեպքում, իշխանությունը զգացել է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան․

«Այս հայտարարության բուն նպատակը մաքուր ներքաղաքական է։ Մտածել եք՝ ի՞նչ առաջարկ անենք իշխող խմբակցությանը, որ չկարողանա դրանից հրաժարվել։ Էլի պտտվում ենք «քաղաքական սոփեստության» շրջապտույտի մեջ՝ անել այնպիսի առաջարկ, որ դրան այո ասելը կառաջարկի ռիսկեր, ոչ ասելը կառաջացնի հեղինակության կորուստ։ Սա է եղել ձեր «քաղաքական խաղադրույքը» այս հայտարարության նախագիծը բերելու»։  

Եթե իր ենթադրություններում սխալվում է, Կոնջորյանը խորհրդարանական մեծամասնության անունից առաջարկում է ընդդիմությանը կրկին աշխատել միասին, բայց ոչ թե բերել իրենց գրած տեքստերը, այլ զրոյից աշխատել փաստաթղթի վրա և իսկապես ընդունել միասնական հայտարարություն։

Քանի որ ներկայացված փաստաթղթում ՔՊ–ի համար կային նաև ընդունելի կետեր, ապա խմբակցությունը որոշեց ընտրել քվեարկությանը չմասնակցելու տարբերակը, քանի որ թեև «կողմ» չէին, բայց նաև չէին ցանկանում «դեմ» քվեարկել։

Back to top button