ԿարևորՀասարակություն

Ռացիոնալ, բայց ոչ կոնսենուսային․ գործադիրը  ՏՏ ոլորտին աջակցելու որոշում է ընդունել

ՏՏ համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունները շղթայաբար ազդում են հայաստանյան ոլորտի վրա։  Դրամի արժևորման հետևանքով այս դաշտում գործող ընկերությունների՝ արտահանումից ստացված եկամուտները դրամային արտահայտմամբ նվազել են։ Խոշոր կազմակերպությունները վնասներ են կրել  20-25 տոկոսի չափով, փոքրերը ստիպված են եղել կրճատումների գնալ կամ պարզապես փակվել։ ՏՏ ոլորտում ցնցումները կանխելու նպատակով էկոնոմիկայի նախարարությունը սեպտեմբերին փոխհատուցման նախագիծ էր մշակել, որ շուրջ կառավարությունում համաձայնության գալ չէր հաջողվել։ Այսօր գործադիրն  ընդունել է պետական աջակցության մեկ այլ նախագիծ։ Ի՞նչ է առաջարկվում դրանով և որքանո՞վ կփոխհատուցվեն  ընկերությունների կրած վնասները։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտն ավելի քան 90 տոկոսով արտահանվող ոլորտ է համարվում, ինչը նշանակում է, որ պատվերները ստացվում են արտարժույթով։ Այս տարվա փետրվարից դոլարի և եվրոյի  արժեզրկումը լուրջ խնդիրների առջև կանգնեցրեց  ՏՏ ընկերություններին։  ԲՏԱ, Էկոնոմիկայի նախարարությունների և ԿԲ-ի համատեղ  քննարկումների արդյունքում սեպտեմբերին ոլորտի  աջակցման նախագիծ մշակվեց, որի շուրջ, սակայն, պետական կառույցները համաձայնության չեկան։ Բազմաթիվ քննարկումներից հետո կառավարությունն ընտրել է  պետաջակցության ռացիոնալ, բայց ոչ կոնսենուսային տարբերակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան․

«Մենք, իհարկե, պատրաստ էինք աջակցել, բայց մեր նախկին փորձը հաշվի առնելով խնդիր ունեինք, որ աջակցություն մաքսիմալ հասցեական լինի և աջակցության էֆեկտը ոչ միայն տեղային լինի, այլև ընդհանուր դրական ազդեցություն ունենա ոլորտի և տնտեսության վրա։ Հիմա չեմ կարող ասել՝  կոնսեսուսային, բայց բազում քննարկումների արդյունքում գտել ենք, որ ռացիոնալ տարբերակը հենց սա է։ Մենք ՏՏ ոլորտին 10 մլրդ դրամի աջակցություն ենք ցուցաբերելու»։

Նախագծով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022թ հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը 20 տոկոսից ավելի չեն կրճատել, ինչպես նաև արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյան․

«Հավատարիմ մնալով կառավարության որդեգրած սկզբունքին՝ դեմ էինք պարզապես սուբսիդիա տրամադրելուն։ Բազում առաջարկներ են եղել, որ չեն ընդունել, սակայն հաշվի առնելով ոլորտի համակարգաստեղծ լինելը՝ կառավարության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում ներկայացվում է համեմատաբար հավասարակշռված որոշման նախագիծ»։

Տրամադրվող աջակցության չափը նախնական գնահատմամբ կազմում է շուրջ 10 մլրդ դրամ։ Յուրաքանչյուր շահառու կստանա առավելագույնը 400 մլն դրամ: Աջակցության տրամադրումը հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերը՝ չկրճատելով աշխատավարձերը։ Esterox ընկերությունը իրավիճակով պայմանավորված կրճատել է 40 աշխատակիցներից  10-ին։ Ընկերության  հիմնադիր Արմեն Ադամյանի դիտարկմամբ՝ կառավարությունը ուշացած, բայց կարևոր որոշում է ընդունել։

«Կփոխհատուցի այն ընկերություններին, որոնք դիմացել են։ Այստեղ գրված է, որ փոխհատուցում կստանան այն ընկերությունները , որոնց աշխատանքային ֆոնդը 20 տոկոսից պակաս  չի կրճատվել։ Այսինքն՝ այն ընկերությունները, որոնք ունեցել են հնարավորություն, մեծ միջոցներ, որոնք կրճատում չեն արել, թիմը չի փոքրացել, նրանք կստանան։ Իսկ այն ընկերությունները, որոնք այդ հնարավորությունը չեն ունեցել, կրճատումներ են արել և փոքրացել, չեն ստանա»։  

Նախագծի նպատակն է ժամանակային հնարավորություն տալ ոլորտի կազմակերպություններին բիզնես մոդելի վերափոխման, գործող պայմաններին հարմարվելու  համար։ Նախագիծն, ըստ կառավարության ներկայացուցիչների, կմեծացնի ոլորտի մրցունակությունը միջազգային շուկայում՝ երկարաժամկետ կտրվածքով։ Արմեն Ադամյան․

«Ուղիղ չեմ կարող ասել՝ որքանով կփոխհատուցի, բայց ողջունում եմ այս քայլը։ Տարբեր վնասներ արդեն կրված են, ընկերություններն արդեն աշխատակիցներին կորցրել են, փոքրացել ,իսկ որոշներն էլ փակվել։ Միայն գումարով փոխհատուցում ստանալն, իհարկե, քիչ է։ Որոշումը կարճաժամկետ առումով է լուծում, բայց երկարաժամկետ առումով պետք է նորից մտածել։ Այսինքն, չպետք է ասենք, սա արեցինք ու վերջ, այդքանով բավարարվենք»։

Երկու ամիս առաջ կառավարությունն աջակցության այլ տարբերակ էր առաջարկում։ Սեպտեմբերի 12-ից հանրային քննարկման ներկայացված («Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին»)   որոշման նախագծով նախատեսվում էր աջակցություն տրամադրել 2022 թ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար՝  պետբյուջե վճարված եկամտային հարկի 100 տոկոսի չափով։

Back to top button