ԿարևորՀասարակություն

Անտառուտի և Օրգովի դպրոցներում հիմնվել են ֆոտովոլտային կայաններ. էլեկտրաէներգիայի ծախսը կկրճատվի 80 %-ով

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում մեկնարկած ծավալուն դպրոցաշինական ծրագրերն ակտիվ փուլում են։ Տարեվերջն այդ ծրագրերն ամփոփելու և դպրոցներում կատարված վերակառուցման աշխատանքները դիտարկելու ժամանակահատված է։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանի ներկայացուցիչների հետ եղել է երկու՝ Անտառուտի միջնակարգ և Օրգովի Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցներում, որտեղ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ։ Դրանք հիմնվել են մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների բյուջեներից խնայված միջոցների վերաբաշխմամբ հատկացված գումարով։

Կայանների հանդիսավոր բացմանը մասնակցել են դպրոցի տնօրենությունը, ուսուցչական կազմն ու աշակերտները։

Ողջույնի խոսքում մարզպետը երկու կրթօջախներում էլ ընդգծել է, որ կրթության որակի բարձրացումը թե՛ Կառավարության, թե՛ մարզպետարանի ուշադրության առանցքում է, և տնտեսված միջոցների շնորհիվ կյանքի են կոչվում վերակառուցման կարևոր ծրագրեր։

«Ուրախ եմ նշել, որ միայն այս տարի Արագածոտնի մարզի 8 տասնյակ դպրոցների շենքային պայանների բարելավման և գույքի ձեռքբերան համար տրամադրվել է 324 մլն 292 հազար դրամ։ Մարզպետարանում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է բոլոր 118 դպրոցների կարիքները և արձանագրել հրատապ լուծում պահանջող խնդիրները, որոնք էլ ըստ առաջնահերթության լուծում են ստանում»,-ընդգծել է մարզպետը։

Այսպիսով, ներդրված կայանների համար մարզպետարանը Անտառուտի միջնակարգ դպրոցին տրամադրել է 6 մլն դրամ, Օրգովի միջնակարգ դպրոցին՝ 6 250 հազար մլն դրամ։

Արդյունքում, դպրոցների էլեկտրաէներգիայի ծախսը կկրճատվի 80 %-ով կամ յուրաքանչյուր դպրոցում կխնայվի տարեկան 1 մլն 300 հազար դրամ։ Տնտեսված միջոցները կրկին կծառայեն մարզի դպրոցների շենքային պայմանների բարելավման գործին։

Հանդիպման ընթացքում Սերգեյ Մովսիսյանը զրուցել է ուսուցիչների հետ, լսել նրանց բարձրաձայնած հարցերն ու պատասխանել դրանց։

Շրջայցի ավարտին մարզպետը եղել է Օրգովի դպրոցի հերոսների՝ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Խաչատրյանի և 2022թ․ սեպտեմբերի 13-ին սահմանին զոհված Կարեն Կարապետյան անվան դասարաններում։

Back to top button