ԿարևորՔաղաքական

ԱՄՆ ցանկանում է հնարավորինս շուտ տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու խաղաղության համաձայնագիրը

«Միացյալ Նահանգները կցանկանար տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը որքան հնարավոր է շուտ», — այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը։

«Միացյալ Նահանգները ակտիվ ներգրավվածություն ունի այս գործընթացում,  շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ապահովման մեջ, և մենք կշարունակենք ուղիներ փնտրել նախարարներին և առաջնորդներին միավորելու համար»,-ասել է դեսպանը:

«Գաղտնիք չէ, որ մենք շատ սերտորեն աշխատում ենք ԵՄ-ի մեր գործընկերների հետ այս հարցում, մեծապես աջակցում է սահմանին ԵՄ ջանքերին, նաև դիտարկում ենք ԵԱՀԿ-ի գործիքակազմի տեղակայումը, որը Հայաստանի խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղակայեց կարիքների գնահատման խումբ»,- հավելել է նա:

«Մեր նպատակը պարզ է. կցանկանայինք տեսնել սահմանազատումը որքան հնարավոր է շուտ. մենք կցանկանայինք տեսնել խաղաղության համաձայնագիրը երկու կողմերի միջև որքան հնարավոր է շուտ, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, հարգվեն մարդու իրավունքները և այս տարածաշրջանում ապրող բոլոր անհատների անվտանգությունը, և մենք կարողանանք նոր իրավիճակ ստեղծել, նոր էջ բացել Հարավային Կովկասի պատմության մեջ։ Ակնհայտ է, որ այդ վերջնական վիճակին հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց մենք պարտավորվում ենք անել ամեն ինչ՝ աջակցելու այդ արդյունքին»,-ասել է Մայքլ Քարփենթերը:

Back to top button