ԿարևորՀասարակություն

Փոքր համայնքները մեծ ազդեցություն չունեն մեծ քաղաքականության վրա

Սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 27 քաղաքական միավոր՝ 11 դաշինք և 16 կուսակցություն։ Չնայած քաղաքական այս ծանրակշիռ մասնակցությանը՝ փորձագետներն ընտրությունները քաղաքական չեն համարում: Ասում են, որ քաղաքական ուժերը փոքր համայնքներում ընտրություններն առանձնապես չեն կարևորում։

Տեղական այս ընտրությունների մյուս առանձնահատկությունը համայնքների իրար հաջորդող խոշորացումներն են, որոնք մեծ հաշվով չեն փոխում քաղաքացիների կյանքի որակը։ Լոռու մարզի 4 համայնքներից երկուսը կրկնախոշորացվել են, երկուսում հաղթանակ են գրանցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները:

Լոռու մարզում վերջին ՏԻՄ ընտրությունները 4 համայքներում էին՝ Լոռի Բերդ, Գյուլագարակ, Ալավերդի և Տաշիր։  Վերջին երկուսը  կրկնախոշորացան։ Գյուլագարակում ընտրապայքարի մեջ էին 2 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» և  «Ապրելու երկիր» կուսակցությունները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորում էր Գյուլագարակն արդեն 1 տարի ժամանակավորապես ղեկավարող Խաչիկ Վարդանյանը, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը՝  մասնագիտությամբ իրավաբան, անհատ ձեռներեց Վրույր Այվազյանը:

Ըստ ԿԸՀ ամփոփումների՝ 48  ձայնի առավելությամբ Գյուլագարակ համայնքի ղեկավար  ընտրվեց համայնքի  ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը: 7 մանդատ ստացած «Ապրելու երկրի» համայնքապետի թեկնածու Վրույր Այվազյանն ընտրություններն ընդհանուր առմամբ բավարար է գնահատում: «Մենք հաջողեցինք ավագանու ընտրություններում, սակայն իշխանություն չձևավորեցինք: Քվեարկության արդյունքների հարցում, ասում է մեծ ազդեցություն է ունեցել վարչական ռեսուրսի չարաշահումը:

 «Բավական վարչական ռեսուրսներ են չարաշահվել, թիրախավորում է եղել աշխատակիցների նկատմամբ, ամբողջ թիմը ձևավորված է եղել համայնքապետարանի աշխատակիցներից, այսինքն՝ թիմը ձևավորվել է ոչ կամայական, այլ պարտադրական, ի տարբերություն  մեր թիմի: Մարզպետարանից հստակ հրահանգներ են իջեցվել դպրոցների տնօրեններին: Հրահանգավորվել են աշխատակիցները, մանկապարտեզները ևս, անգամ սպառնացել են աշխատանքից ազատել: Շատ ցավալի է, որ մեր դպրոցները քաղաքականացված են»:

Բավական ուշագրավ պատկեր էր ձևավորվել Ալավերդի կրկնախոշորացված համայնքում: ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայ ազգային կոնգրես» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները: «Քաղպայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում էր ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Ապրելու երկիր» կուսակցության 1-ին համարը Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը: «Հայ ազգային կոնգրեսի» ընտրացուցակը գլխավորում է մասնագիտությամբ հաշվապահ Նորայր Գևորգյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն»-նն էլ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուն Ախթալայի նախկին ղեկավար Սուրեն Թամազյանն էր: Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ապրելու երկիրը» հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել: 2 % ձայն հավաքած ու 1 մանդատի իրավունք ստացած ՀԱԿ-ից էր կախված, թե առաջիկա 5 տարում ով կստանձնի Ալավերդու ղեկավարումը: Մինչ քաղաքական ուժերը կուլիսներում բանակցում էին, «Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների  համատեղ հայտարարությունը չուշացավ:

Կոալիցիոն համագործակցության ձևաչափը հստակ է. համայնքի ղեկավարի թեկնածուն «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Թամազյանն է, համայնքի ղեկավարի տեղակալների պորտֆելներն էլ բաժին են հասնում  «Հայ Ազգային Կոնգրես»-ին:

ՀԱԿ ընտրական ցուցակը գլխավորող Նորայր Գևորգյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ որևէ ճնշում չի եղել, ինքնակամ է ինքնաբացարկ հայտարարել ու հրաժարվել մանդատից: 15 տարի է՝ հաշվապահական գրասենյակի փոխտնօրեն է  աշխատում: Չժխտեց՝ ավելի հակված էր դեպի «Քաղպայմանագիր կուսակցությունը: Սիրում եմ իմ գործը, չուզեցի թողնել՝ ասում է:

 «Ես պատրաստ էի ավագանու կազմում աշխատել, բայց քանի որ իրադարձությունները այս սցենարով գնացին, որ ես պետք է քաղաքապետի տեղակալի պաշտոն զբաղեցնեի, քանի որ օրենքի պարտադիր պայման է, որ  տեղակալը պետք է անպայման ավագանու անդամ լինի, ես իմ գործը չէի ուզում թողնել և ինքնաբացարկ հայտարարեցի, որ մեր կուսակցության հաջորդ անդամը կարողանա այդ պաշտոնը զբաղեցնել: Իմ որոշումը մի քիչ ավելի դեպի ՔՊ-ն էր, բայց այդ դեպքում կուսակցական կարգապահության խնդիր կար, թեև, ինչ էլ լիներ,  կենթարկվեի կուսակցության որոշմանը»:

Տեղական ինքնակառավարման ու խոշորացման գործընթացները մշտադիտարկող «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանն ասում է՝ մեծ հաշվով ո՛չ խոշորացումը, ո՛չ էլ կրկնախոշորացումը համայնքներին ոչինչ չեն տալիս, բերում է Թումանյան փնջի օրինակը, որի բնակիչներն այդպես էլ շոշափելի արդյունքներ չտեսան: Ահավասիկ Մ6-Աթան ճանապարհը, որ մինչ օրս էլ հիմնանորոգված չէ, թեև 2016-ից ի վեր փնջի բնակիչներին վստահեցնում ու խոստանում էին: Մի շարք համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունը Գևորգ Քոթանջյան պայմանավորում է փոքր համայնքներում ընտրական գործընթացները չկարևորելով: Այլ գործոններ էլ է  մատնանշում։

«Շատ տեղերում, որտեղ իշխանությունը պարտվեց, փորձը ցույց է տալիս, որ իրենց ընտրած մարդիկ  այդքան էլ հաջող կադրեր չէին, իսկ այն կուսակցությունները, որոնք առաջադրեցին ավելի լավ վարկանիշ ունեցող մարդկանց, ավելի շատ  քվե ստացան: Իշխանությունների վերաբերմունքն այս ընտրությունների հանդեպ ավելի թույլ էր: Մոտ ժամանակներս Երևանում է լինելու ընտրություն, ու հաստատ սրա ու դրա որակական տարբերությունը ակնհայտ կլինի: Ինչ խոսք, իշխանությունների համար ցանկալի կլիներ և՛ Ալավերդի, և՛ Տաշիր համայնքներում ունենալ սեփական իշխանություն, բայց Հայաստանում փոքր համայնքները մեծ նշանակություն չունեն մեծ քաղաքականության վրա»:

Ընդհանուր թվով 176 խախտում՝ «Անկախ դիտորդ» դաշինք է արձանագրել: Տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, անդրադարձ կա հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության կազմակերպման մասին հանձնաժողովների անդամների գիտելիքներին: 36.2%-ում դրանք անբավարար են գնահատվել: Խնդիրն առավելապես բնորոշ է եղել Տաշիր և Ալավերդի համայնքներին, թեև հարկ է նշել, որ այս ընտրություններից առաջ որևէ հանձնաժողով չի անցել ոչ հատուկ, ոչ էլ ընդհանուր վերապատրաստում՝ բավարարվելով նախորդ տարվա ԱԺ ընտրություններին ընդառաջ իրականացված դասընթացներով,-ասված է հայտարարության մեջ: Ամփոփելով՝ դաշինքը նկատում է՝  2022 թ.սեպտեմբերի 25-ի ընտրություններն արտահայտում են տեղամասերում քվեարկությանը մասնակցած ընտրողների որոշումը: Սակայն այդ որոշումների վրա ազդող հանգամանքների, նաև ոչ իրավաչափ մեթոդների օգտագործման ազդեցության չափի գնահատումը, նաև իրարից էականորեն տարբերվող համայնքներում ընտրությունների գնահատումը պահանջում են երկարաժամկետ դիտորդության վերջնական ամփոփում, ինչպես նաև դիտորդների կողմից արձանագրված խախտումների հանգամանքների և նկարագրությունների ուսումնասիրություն:

Back to top button