ԿարևորՔաղաքական

Ցյուրիխից Պրահա. hայ-թուրքական բանակցությունների հին ու նոր թեզերը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը հեռակա բանավեճ է հարուցել նախկին նախագահների միջև։ Բանավեճը սկսել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ արձագանքելով «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված նյութերից մեկին և կանխատեսելով, որ հայ-թուրքական հաշտության  պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009 թ. հոկտեմբերի 10-ին կնքված ցյուրիխյան արձանագրություններից: 

Համեմատությունը տեղին չի համարել երկրորդ նախագահը՝ նշելով, որ դրանում բոլորը կհամոզվեն, երբ պաշտոնապես կհրապարակվի բանակցվող փաստաթուղթը:

Ի՞նչ  թեզերով են ընթացել նախկին բանակցությունները և  ի՞նչ է փոխվել  գործընթացի ներկա փուլում։ 

Անկախ Հայաստանի պատմության էջերը փաստում են, որ Հայաստանի բոլոր ղեկավարներն իրենց պաշտոնավարման ժամանակ թուրք  գործընկերների հետ առնվազն մի քանի շփում ունեցել են՝ հարաբերությունների կարգավորման հարցով։ Որևէ բացառություն չի եղել։  

Թուրքիայի հետ սահմանի բացման շուրջ բանակցություններ տեղի են  ունեցել  դեռ 1991 թվականին՝ Հայաստանի անկախացումից անմիջապես հետո։ Դրանց արդյունքում  սահմանը բացվել է, սակայն  1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակել է այն՝ քայլը  պայմանավորելով Ղարաբաղյան խնդրով։ Տեր-Պետրոսյանը Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ  հանդիպել է երկու անգամ․ նախ՝  Ռիո դե Ժանեյրոում՝ բնապահպանական ֆորումի, ապա    2 շաբաթ անց Ստամբուլում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության եզրափակիչ հռչակագրի ստորագրման ժամանակ։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես  իր թուրք պաշտոնակցի  հետ երկու հանդիպում է ունեցել։ Հարաբերությունների կարգավորման, այսպես ասենք,  ավելի պաշտոնական փուլը մեկնարկել է Հայաստանի երրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում։

Սերժ Սարգսյանն առաջին նախագահն էր, որն ընտրվելու կապակցությամբ 2008-ին շնորհավորական ուղերձ ստացավ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլից։ Նույն տարվա ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը պաշտոնական նամակով հայկական կողմին հայտնեց՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Նամակագրությունը  սահուն թևակոխեց հաջորդ՝  «Ֆուտբոլային դիվանագիտության» փուլ։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նկատում է, որ Հայաստանի հետ ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտել են Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները, մասնավորապես՝ Արցախյան հակամարտության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ:  Կարգավորման նախկին փորձերը տապալվել են հենց այդ պատճառով՝ ասում է թուրքագետը։

«Քանի որ մեր նախկին երեք նախագահները չէին ընդունում այդ նախապայմանները եւ այն կարծիքին էին, որ նախ պետք է դիվանագիտական հարաբերություններ ստեղծենք, դրանից հետո խոսել ամեն ինչի մասին։ Իսկ Թուրքիան միշտ չի ցանկացել դա։ Նա ուզել է, որ նախ մենք կատարենք իր նախապայմանները, հետո խոսենք դիվանագիտական հարաբերությունների մասին»։

2020-ին՝ Թուրքիայի էական ներգրավվածությամբ Արցախյան պատերազմից հետո, երկկողմ հարաբերությունները կարգավորելու  առաջին քայլն արեց Թուրքիան։ Այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանում հերթական տարվա բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Երևան-Ստամբուլ չարթերային թռիչքների գործարկման մասին։

Այսպես մեկնարկեց հարաբերությունների կարգավորման նոր՝ հետհեղափոխական փուլը։

Գործընթացն առաջ մղելու համար Հայաստանն ու  Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպեցին այս տարվա հունվարի 14-ին՝ Մոսկվայում, որից հետո հայտարարեցին՝ շարունակելու են լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների: Երկրորդ  հանդիպումը կայացավ փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Հաջորդ  հանդիպումը նախատեսված էր սեպտեմբերի 14-ին, որը չկայացավ՝ ադրբեջանական հերթական ագրեսիայի պատճառով։

Գործընթացի ներկա փուլի վերաբերյալ հեռակա բանավեճ է սկսվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ։ Առաջին նախագահը, արձագանքելով «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պահանջների մասին նյութին, նշել  էր։

«Հայ-թուրքական հաշտության  պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009 թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»:  

Տեր-Պետրոսյանի այս համեմատությանը հակադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը։ Հաղորդագրությամբ, մասնավորապես, շեշտվում էր։

«Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ: Դրանում բոլորը կհամոզվեն, երբ պաշտոնապես կհրապարակվի թուրքական կողմի հետ ՀՀ գործող կառավարիչների բանակցած փաստաթուղթը»: 

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նկատում է՝ ցյուրիխյան արձանագրությունների վիժեցնողը թուրքական կողմն էր իր նախապայմաններով։ Կարծում է, որ  եթե հանդիպում է նախատեսվում առաջնորդների մակարդակով, ուրեմն որոշ համաձայնություններ արդեն կայացել են։

«Սա հանդիպում կլինի ամենաբարձր մակարդակով։ Իսկ դիվանագիտության մեջ ամենաբարձր մակարդակով հանդիպում լինում է, երբ ներքին օղակներն ինչ-որ բան համաձայնեցրել են»։  

Որոշ փորձագետների  գնահատմամբ՝ հայ-թուրքական  հարաբերությունների կարգավորումից  շահեր ունեն երկու կողմերն էլ։ Ոմանք ամենեւին չեն կիսում այս լավատեսությունը՝ նկատելով, որ 2020 թ․ պատերազմում վիթխարի կորուստ կրելուց հետո Հայաստանը բանակցում է թուլացած դիրքերից։ Այս տեսակետը կիսում է նաեւ Տիրան Լոքմագյոզյանը։

«Այս չորս տարվա ընթացքը դա է ցույց տալիս՝ մենք շարունակ զիջողի դերում ենք։ Թուրքիան գործում է սինխրոն Ադրբեջանի հետ մինչեւ Հայաստանը ծնկի բերելը և դրանից հետո էլ»։    

Ի դեպ, թուրքական մամուլը գրում է, որ Թուրքիայում ցանկություն կա հայ-թուրքական հանդիպումները կազմակերպել ոչ թե երրորդ երկրում, այլ հենց Երևանում կամ Անկարայում։

Back to top button