ԿարևորՀասարակություն

44-օրյայի քննիչ հանձնաժողովը կաշխատի ևս 6 ամիս

Ազգային ժողովի հոկտեմբերի 4-ին մեկնարկած նիստերի օրակարգում 21 հարց է։ Խորհրդարանն այսօր քննարկել է դրանց շուրջ կեսը։  Ընդդիմադիր երկու խմբակցությունները շարունակում են բոյոկոտել  օրենսդրական աշխատանքը։  Իշխող խմբակցությունն առանց ընդդիմադիրների երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ նախատեսող  փաթեթը։ երկարաձգել է 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը:  

Խորհրդարանում առաջարկվեց  6 ամսով երկարաձգել 6 ամիս առաջ ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեությունը։ Առաջարկի հեղինակը քննիչ հանձնաժողողի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր։ Ներկայացնելով անցած 6 ամսվա աշխատանքը՝ Քոչարյանն ասաց, որ 2022 թվականի մարտին հանձնաժողովը  մշակել է և Պաշտպանության նախարարություն է ներկայացրել  16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու համար։

 «Նշված ցանկի համաձայն՝ պաշտպանության նախարարությունը շուրջ երկու ամիս ձևավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը, և այն ներկայացրել է հանձնաժողովի ուսումնասիրմանը։ Այն ներառում է օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական շուրջ 3500 նմուշ փաստաթղթեր, ընդհանուր տասը հազարից ավելի էջի ծավալով, որը դեռ վերջանական չէ»։

Հանձնաժողովն օրերս դարձյալ բազմաթիվ փաստաթղթեր է ստացել նախարարությունից։ Դրանք նույնպես այժմ գտնվում են ուսումնասիրության փուլում։ 

 «Փաստաթղթերի ստացման օրվանից հանձնաժողովի անդամները, փորձագիտական խումբը մանրակրկիտ ուսումնասիրում են դրանց բովանդակությունը, կազմման որակը, համապատասխանությունը ղեկավար փաստաթղերի պահանջներին և պատերազմում ստեղծված իրավիճակներին։ Փաստաթղթի ուսումնասիրմամբ բացահայտված նոր փաստերից և տեղեկություններից կարիք է առաջանում Պաշտպանության նախարարությունից և պետական այլ մարմիններից  ստանալ դրանցից բխող կամ փոխկապակցված բազմաթիվ այլ նոր փաստաթղթեր և տվյալներ»։  

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այս պահին հանձնաժողովը զբաղված է նոր փաստաթղթերի ուսումնասիրությամբ և դրանցից ստացված բազմաթիվ տվյալների և տեղեկությունների համադրմամբ։ Դա, նրա գնահատմամբ, բավականին բարդ, ծավալուն, ժամանակատար և պատասխանատու աշխատանք է։ Դրա հիման վրա է հնարավոր կազմել հանձնաժողովի կողմից  քննման ենթակա անձանց ցանկն ու նրանց հրավիրելու մոտավոր ժամկետները։

 «Հանձնաժողովն արդեն կազմել է հրավիրյալների ցանկը, երկու անձի նամակ ուղարկել ենք։ Տեղյակ եք, որ Վարդան Օսկանյանը հեռավար ճանապարհով իր դժգոհությունն է արտահայտել, որը որևէ ձև չի արտացոլում հանձնաժողովի աշխատանքների չմասնակցության անհրաժեշտությունը։ Նա պետք է գա, և բոլորը պետք է գան։ Իսկ եթե խնդիր կա սահմանադրական օրենքի հետ կապված, նախագծերը նույնպես մշակված են և կներկայացվեն Ազգային ժողովի քննարկման»։

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ նախատեսող  նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է տարկետման իրավունք տալ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով սովորող ուսանողներին: Բուհերի և մասնագիտությունների ցանկը հաստատելու է կառավարությունը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկցրեց, որ  արտոնությունից կարող են օգտվել բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողները: Ըստ առաջարկվող փոփոխության՝ տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից բարձրացվում է 28-ի:

«Այս խնդիրը առաջացել է այն հանգամանքից, որ  այսօր հանրակրթության տևողությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ: Այդ սահմանափակումը 27 տարի էր այն ժամանակ, երբ հանրակրթությունը 10 տարի տևողություն ուներ»։

Ըստ նախարարի՝ այդ փոփոխությամբ կլուծվի խնդիրը, և ուսանողները ստիպված չեն լինի ասպիրանտուրայում ուսանելու երկրորդ տարում ամեն կերպ ավարտել գիտական թեզն ու պաշտպանել այն: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։  

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Վահագն Հովակիմյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Եթե մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը հետ չվերցնի  դիմումը, ապա նրա լիազորությունները դադարեցնելու մասին կկազմվի արձանագրություն, որի հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված:

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Վահագն Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նախագահի պաշտոնում։  ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 11-ին:

Ի դեպ, մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել՝ պահանջելով վերանայել Վահագն Հովակիմյանի առաջադրումն այդ պաշտոնին։ Հայտարարությամբ, մասնավորապես, շեշտվում է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնին ՔՊ ներկայացուցչի նշանակումը խիստ անընդունելի է, քանի որ դա ստվերում է ժողովրդավարական առաջընթացը, ի սկզբանե կասկածի տակ է դնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախությունը և քաղաքական չեզոքությունը։

Back to top button