ԿարևորՀասարակություն

Ռազմագերիները ժնևյան կոնվենցիաների պաշտպանության ներքո են

Ադրբեջանը խոստացել, սակայն, չի վերադարձրել 17 հայ ռազմագերիներին․ այս մասին թվիվթերյան իր էջում գրել էր Հայաստանի վարչապետը։  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր ֆեյսբուքյան էջում էր արձանագրել, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած՝  մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակելու պարտավորությունը։ Փոխարենն այս երկիրը պարբերաբար հրապարակում է հայ ռազմագերիների սպանության կադրեր։ Հերթական նմանատիպ տեսանյութը թելեգրամյան ալիքներում  նախօրեին էր հայտնվել։ Հայկական կողմն արդեն պարզել է, որ սոցցանցերում տարածված տեսանյութը, որում արձանագրված է հայ ռազմագերիների գնդակահարությունը, նկարահանվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում: Միջազգային իրավական  հարցերով ներկայացուցչի գրասենյակից «Ռադիոլուր»–ին փոխանցել են, որ  երեկ նամակով դիմել են Հաագայի դատարան, իսկ ՄԻԵԴ  կդիմեն մինչև օրվա վերջը։

Ռազմական հանցագործություն․ միջազգային իրավունքի մասնագետները, պատկան կառույցներն այսպես են բնորոշում երեկվանից թելեգրամյան ալիքներում շրջանառվող տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ ռազմագերիներին։ Հայաստանի ԱԳՆ–ն, ՄԻՊ–ը շատ արագ արձագանքեցին։ ՄԻՊ–ը հայտարարեց՝ տեսանյութը նոր է։  Քրիստինե Գրիգորյանը հանրային հեռուստաընկերության եթերում մանրամասնել է իրենց եզրակացությունը․

«Տեսանյութի բովանդակությունը վերլուծելիս՝ ակնհայտ է, որ հայ զինծառայողներն անզեն են. չեն դիմադրում։ Մենք գործ ունենք կոնկրետ ռազմագերու կարգավիճակի հետ, և կա ուղղակիորեն ադրբեջանական զինծառայողների կողմից մտադրված, կանխամտածված սպանություն»։

Տեսանյութի վերաբերյալ Պաշտպանի վերլուծություններն արդեն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու  այլ դերակատարների. ՄԻՊ–ը խոստանում է՝   հետամուտ են լինելու, որ սա իր գնահատականը ստանա։   

Արձագանք կա նաև միջազգային իրավական  հարցերով ներկայացուցչի գրասենյակից․  գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը պարզաբանում է․ ընդհանրապես գրասենյակում  աշխատանքներ են ընթանում՝ ՄԻԵԴ–ին հրատապ  միջոց  կիրառելու պահանջ ներկայացնելու ուղղությամբ, սակայն, այս դեպքում պատկերն այլ է․

«Տեսանյութում երևում է, որ անձինք ուղղակի սպանվում են,  այս պահին իրավական գործիքները մեզ թույլ չեն տալիս, որպեսզի միջանկյալ միջոցի մասով որպես առանձին պահանջ ներկայացնենք։ Բայց փաստը կօգտագործվի, որպեսզի հայ ռազմագերիների պաշտպանության հարցը ևս մեկ անգամ եվրոպական դատարանում բարձրացվի, և եվրոպական դատարանին ավելի քան համոզիչ ապացույցներ են ներկայացվում, որպեսզի այդ միջանկյալ միջոցները ի վերջո ներկայացվեն»։

Հայկական պաշտոնական կողմում  հայտարարում են՝ տարածքը նույնականացվել է, սակայն, մանրամասներ չեն ներկայացվում։ Հստակ է, որ  հայ զինծառայողները սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում էին հայտնվել ռազմագերու կարգավիճակում։ Սոցցանցերում տարածված տեսանյութը, որում պատկերված է ռազմագերիների գնդակահարությունը, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում: Այս մասին հայտնել է ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն է  վերհանել  որոշ  տվյալներ։ Պարզվել է, որ  հայ զինծառայողներին գնդակահարողները  նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։   

«Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին այդ ջոկատի ակտիվ ներգրավվածությունը փաստվում է նաև տելեգրամյան ալիքներով հրապարակված բազմաթիվ տեսանյութերում նրանց կրած համազգեստի արտաքին հատկանիշներով, նմանություններով, համադրությամբ: Դրանից բացի, առկա են տեսանյութեր 2022թ. սեպտեմբերի 13-15-ից հետո «Կոմանդո» ջոկատի զորացրումների վերաբերյալ, որտեղ նույնպես նրանք նույն համազգեստով են, ինչ հիշատակված տեսանյութում»։

Այս ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։ Հիմնադրամում այս պնդումն անում են՝  օբյեկտիվ ապացույցների հիման վրա: Ադրբեջանական պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցների մանրամասն ուսումնասիրման գործընթացը շարունակվում է և դրանք պատշաճ կամրագրվեն և կուղարկվեն նաև միջազգային գործընկերներին։

Միջազգային իրավական  հարցերով ներկայացուցչի  գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը արձանագրում է՝ այն որ ռազմագերիներն այդ պահին գտնվելիս են եղել ժնևյան կոնվենցիաների պաշտպանության ներքո, անհերքելի փաստ է․

«Տեսանյութից ակնհայտ երևում է, որ իրենք անպաշտպան վիճակում են։ Լայն ու նեղ իմաստներով գտնվում են ռազմագերու կարգավիճակում։ Նրանց կյանքի իրավունքը ուղղակիորեն, այդ թվում՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմից պաշտպանվում  է։ Նման պահանջներ անպայման եվրոպական դատարան կներկայացվի։ Լիահույս ենք, որ եվրոպական  դատարանը կարձանագրի մարդու իրավունքների խախտում ու կպաշտպանի»։

Փորձագիտական դաշտում վստահ են՝ Հայաստանը անհապաղ պետք է դիմի Միջազգային քրեական դատարան։ Թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը` առանց վավերացնելու այն՝ արձանագրում են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում։ Ըստ հիմնադրամի փորձագետների՝  առաջնահերթն Ադրբեջանի իշխանությունների, բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարների միջազգային քրեական պատասխանատվության հարցն է: Այս անձանց միջազգային քրեական հետապնդումը, անգամ առնվազն այդ գործընթացի նախաձեռնումը, կարող է ունենալ կանխարգելող նշանակություն:

Միջազգային իրավական  հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը պարզաբանում է՝ մի քանի դատարաններում, մասնավորապես ՄԻԵԴ–ում և արդարադատության միջազգային  դատարաններում, իրավական գործընթացներ են նախաձեռնված։ Հանրային հեռուստաընկերության եթերում Եղիշե Կիրակոսյանը պարզաբանել է՝ ՀՀ չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի մասին կանոնադրությունը։

«Միջազգային քրեական դատարանի մասին Հռոմի կանոնադրությունը՝ Ստատուտը, ՀՀ–ն ստորագրել է 1999թ, 2004 թվականին սահմանադրական դատարանը այն հակասահմանադրական է ճանաչել։ Դրանից հետո գործընթացը կասեցվել է։ 2004 թվականից հետո մենք երկու անգամ Սահմանադրական փոփոխություններ ենք կատարել, կարծում եմ, միգուցե արժի այս հարցին անդրադառնալ»։  

Միջազգային իրավունքի մասնագետները վստահ են, որ այն, ինչ անում է Ադրբեջանը,  պատերազմական հանցագործություն է, և այս մասով Հայաստանն ունի բոլոր հիմքերը՝ միջազգային իրավական հարթակներում հաջողության հասնելու համար ։

Back to top button