ԿարևորՔաղաքական

Պրահայում կքննարկվի Արցախի հարցը. Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպումը հոկտեմբերի 6-ին է

Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կկայանա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի առաջնորդները։ Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթնաժողովի շրջանակում պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նման հնարավորությունը նախ չէր բացառել Հայաստանի ԱԳՆ-ն, ապա նաև վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը Հանրայինին տված հարցազրույցում նշել է, որ հնարավոր հանդիպման օրակարգում կլինեն սահմանների բացման, հարաբերությունների կարգավորման հարցերը։ Վարչապետը չէր բացառել նաև Արցախի հարցի քննարկումը։

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կարծում է, որ օրակարգային հիմնական հարցը հենց Արցախի խնդիրն է:

«Հայ-թուրքական բանակցությունները ընթանում են փակ ձևաչափով, և որքան հայտնի է, կողմերը դեռևս համաձայնության չեն եկել ղարաբաղյան հարցի շուրջ: Ադրբեջանը պնդում է, որ ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի տարածքային մաս, որից հետո միայն ինքը կճանաչի ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը»,-ասում է թուրքագետը: Ըստ Խուրշուդյանի՝ ադրբեջանական կողմին ձեռնտու չէ ռուս խաղաղապահների տեղակայումը: Հենց այդ նպատակով է Ադրբեջանը շտապեցնում, որ հայկական կողմը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Իսկ Թուրքիան մշտապես է հայտարարել՝ եթե Երևանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Անկարայի հետ, ապա նախ պետք է հարաբերությունները կարգավորի Բաքվի հետ:  «Այս քաղաքականությունը չի փոխվել»,- ասում է թուրքագետը:

Մյուս կողմից էլ ՝ այս հանդիպումները պետք է դիտարկել  դրական տեսանկյունից, քանի որ դրանց ժամանակ կողմերը կարող են ուղիղ բարձրացնել հուզող հարցերը և ստանալ պատասխաններ: «Իսկ բանակցություններից հրաժարումը նշանակում է մեծացնել պատերազմի վտանգը»,- ասում է թուրքագետը։

Back to top button