ԿարևորՀասարակություն

Հայ–ադրբեջանական «պատերազմ» Google-ում

Որոտան գետը, Սիսիանի զբոսայգին, Սյունիքի մարզպետարանը այս պահին ինտերնետային ամենամեծ որոնողական համակարգի՝ Google–ի քարտեզներում հայկական անվանումների կողքին նաև ադրբեջանական տարբերակներն ունեն։ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ում պատմել էր, որ այդ հարցով «Թաթոյան» հիմնադրամին է դիմել  Սիսիանի բնակիչներից մեկը։ Թաթոյանը գրել է, որ իրենք ուսումնասիրել են հարցը և այժմ կապի մեջ են Google ընկերության հետ Google Map և Google Earth հավելվածներում ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները հեռացնելու համար։

«Ակնհայտ է, որ տեղի ունեցածն ադրբեջանական իշխանությունների միջամտությամբ է: Սրանով, նախ, փորձ է արվում հոգեբանական ճնշումների ենթարկել Հայաստանի ժողովրդին ու հատկապես կոնկրետ բնակավայրի բնակիչներին: Այդ կերպ փորձ է արվում կեղծիքներով աշխարհին ներկայացնել, թե իբր Սյունիքն ադրբեջանական է: Ի վերջո, փորձ է արվում լեգիտիմացնել ադրբեջանական հարձակումները և հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,– ասված է Թաթոյանի գրառման մեջ:

Նույն կերպ ադրբեջաներեն են նշված նաև մի շարք տեղանուններ Մեղրիում, Կապանում։ CyHub նախագծի տեխնիկական փորձագետ Ալեքսեյ Չալաբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ սա առաջին հերթին ոչ թե Հայաստանի, այլ հենց Google ընկերության խնդիրն է։

«Սա նշանակում է, որ Google-ի հարթակում սխալ ներկայացված տեղեկություն կա, որը խափանում է հենց ընկերության աշխատանքը․ ստացվում է, որ իրենք չեն կարողանում պատշաճ ծառայություն մատուցել իրենց հաճախորդներին։ Առաջին հերթին իրենք պետք է շահագրգռված լինեն խնդիրը լուծել, եթե, իհարկե, դա պատշաճ ներկայացվի իրենց»։

Իսկ առհասարակ ինչ մեխանիզմով է Google–ի քարտեզներում հայտնվում, անհետանում, կամ խմբագրվում այս կամ այն տեղանունը, տերմին և այլն։ Փորձագետը բացատրում է՝ Google–ը հսկայական ընկերություն է, ուստի քարտեզներով ու դրանց խմբագրամբ կարող է զբաղվել մի քանի հարյուր մարդ։ Իսկ փոփոխությունները կատարվում են առաջին հերթին օգտատետերի դիմումների հիման վրա։

«Google–ը ունի որոշակի մեխանիզմ, հայերեն ասված՝ «տեղացի գիտակ»․ դրանք մարդիկ են, որոնք հաճախ ուղարկում են ինչ–որ ուղղումներ, կամ ավելացնում են նոր տեղանուններ, լուսանկարներ և այլն։ Բացի այդ կա նաև մոդերատորների խումբ, որոնք այդ խմբագրումները վերահսկում ու ընդունում են, բայց թե գործընթացն ինչպես է տեղի ունենում, այնքան էլ հայտնի չէ։ Հավանաբար մոդերատորները իրենք էլ չեն հասկանում՝ իրականում ինչ է կատարվում, նրանք չեն հասկանում, որ Հայաստանի տարածքում նման տեղանուններ չեն կարող լինել։ Հավանաբար, մոդերատորները մի քանի նման առաջարկներ տեսնելուց հետո, մտածում են, որ իրոք դրանք օբեկտիվ ուղղումներ են»։

Չալաբյանն ասում է, որ 10 տարի առաջ Google ընկերությունն ավելի թափանցիկ էր աշխատում, փոփոխություններն ու խմբագրումները ավելի հեշտ էին կատարվում, սակայն մի քանի միջազգային սկանդալներից հետո ընկերությունը վերանայել է իր գործելաոճը։ Ըստ փորձագետի՝ ավելի բարդ է Google–ի հսկայական քարտեզում ադրբեջանական կեղծիքները գտնելը, քան ընկերության հետ բանակցելը ու ուղղումներ անելը։

«Եթե մենք ունենանք սխալ տեղանունների ցանկ, կարող ենք դա ուղարկել Google–ին․ գուցե ոչ օրերի, բայց շաբաթների ընթացքում դա կուղղվի։ Բայց բուն խնդիրն այն է, թե ինչպես լուծել խնդիրը արմատապես։ Ադրբեջանցիները կարող են նույնիսկ ամենափոքր, օրինակ, ավտոլվացման կետի անվանումը փոփոխել, և մենք պետք է անընդհատ նայենք, մոտեցնենք, փնտրենք, գտնենք այդ կեղծիքները։ Կրկնում եմ՝ սա իրականում հենց ընկերության խնդիրն է, քանի որ իրենց հարթակը չարաշահվում, օգտագործվում է ինչ–որ քաղաքական նկատառումներով»։

Ալեքսեյ Չալաբյանը նկատում է, որ Google–ը և մյուս նմանատիպ հարթակները վիճելի տարածքներում, աշխարհաքաղաքական տարակուսելի իրավիճակներում որպես կանոն առաջնորդվում են ՄԱԿ–ի որոշումներով, հենց սա է պատճառը,  որ տարիներ շարունակ Արցախն, օրինակ, Google–ի քարտեզում Ադրբեջանի մաս էր ներկայացվում։

«Օրինակ Ղրիմը կամ Օսեթիան որոշակի պետություններից անջատվում էին, քանի որ ՄԱԿ–ը կամ դրա անդամ ինչ-որ պետություններ գոնե դա համարում են այլ երկրի տարածք։ Արցախի դեպքում ՄԱԿ–ի անդամ որևէ երկիր չի ճանաչել Արցախը անկախ կամ Հայաստանի մաս, մենք բանակցային փուլում ենք, և Google–ի մոտեցումն այն է, քանի դեռ ՄԱԿ–ը չի ճանաչել՝ դա ներկայացնել Ադրբեջանի մաս»,– ասում է Չալաբյանը։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը նաև այս հարթակում կազմակերպված ու հետևողական աշխատանք է տանում՝ նկատում է մասնագետը։ Նա գտնում է, որ Խնդիրը լուծելու համար պետք է թե պետական թե մասնավոր մոտեցում և որ ամենակարևորն է ճիշտ մշակած քաղաքականություն ։

«Մենք շատ հաճախ բավարար չենք պարզաբանում իրավիճակը, մենք, չգիտես ինչու, ենթադրում ենք, որ ամբողջ աշխարհը գիտի հայերի, հայ–թուրքական հարաբերությունների մասին և այլն․ դա մեղմ ասած այդպես չէ։ Մենք պետք է խնդիրը ներկայացնենք առանց էմոցիաների և օբեկտիվ՝ արդյունքի հասնելու համար»։

«Թաթոյան» հիմնադրամը տեղեկացնում է, որ «Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի»  հետ համատեղ կարողացել է հասնել նրան, որ որոշ կեղծ անուններ քարտեզներում արդեն փոխված են: Մարդու իրավունքների նախկին պաշտպանն ընդգծել էր՝ բանակցությունների միջոցով խնդիրը չլուծելու դեպքում ամերիկյան գործընկեր հայ փաստաբանների հետ քայլեր կարվեն ադրբեջանական կեղծիքները վերացնելու պահանջով նաև դատական գործընթացներ սկսելու ուղղությամբ:

Back to top button