ԿարևորՔաղաքական

Անվտանգային նոր մեխանիզմներ գտնելու Երևանի ձգտումն օբյեկտիվ է․ փորձագետներ

Ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու Երևանի  առաջարկը  արձագանքներ է ստացել Արևմուտքից ու Մոսկվայից։ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ասել է, որ Փարիզը պաշտպանում է այդ առաջարկն ու աշխատում է այդ ուղղությամբ։

Մեկ այլ հայտարարություն էլ հնչել է Մոսկվայից։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը։ Քաղաքագետների դիտարկմամբ՝ Մոսկվայի արձագանքը խանդի դրսեւորում է, իսկ անվտանգային նոր մեխանիզմներ գտնելու Երևանի ձգտումն օբյեկտիվ հիմքեր ունի։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն արձագանքել է  ՀՀ վարչապետի՝ ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու մասին առաջարկին։ «Մենք պաշտպանում ենք այդ գաղափարը, աշխատում ենք այդ ուղղությամբ, բանակցում ենք այլ երկրների հետ»,– ասել է Ֆրանսիայի դեսպանն, ըստ էության, հստակեցնելով, որ առաջարկն ընդունելի է Փարիզի  համար:

Դիտորդներ տեղակայելու առաջարկին արձագանքել է նաև Մոսկվան։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը:

Ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում միջազգային դիտորդական առաքելության տեղակայուման «բացարձակ անհրաժեշտությունն» օրերս թվիթերյան գրառմամբ պնդել էր Հայաստանի վարչապետը։ Ավելի վաղ նույն պնդումը  Նիկոլ Փաշինյանն արել էր ՄԱԿ–ի ամբիոնից։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ Մոսկվան պետք է ըմբռնումով մոտենա Երեւանի՝ անվտանգային մեխանիզմների փնտրտուքին։

«Ռուսաստանում խանդով են վերաբերվում այն հարցին, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից բացի այլ անվտանգային մեխանիզմներ է փորձում կիրառել, բայց դրա պատճառները օբյեկտիվ են։ Եթե ՌԴ-Արեւմուտք գլոբալ առճակատումը չլիներ, կարելի էր շատ հստակ լուծում գտնել, օրինակ՝ ՀԱՊԿ դիտորդները կարող էին միջազգային մանդատով աշխատել հայ-ադրբեջանական սահմանին, բայց քանի որ այս պահին դա հնարավոր չէ, ՀԱՊԿ-ից էլ շատ մեծ հիասթափություն կա Հայաստանում, ապա կարծում եմ Ռուսաստանը պետք է ըմբռնումով մոտենա դրան և ոչ թե խանդի տեսարաններ ցույց տա, որովհետեւ մեզ համար կարեւոր է անվտանգության յուրաքանչյուր հավելյալ մեխանիզմ»։

Քաղաքական վերլուծաբան Հրաչյա Արզումանյանը պատահական չի համարում Լավրովի հայտարարությունը։ Ասում է ՝ այն բխում է Ռուսաստանի շահերից։ 

 «ՌԴ–ն  անում է քայլեր՝ ելնելով իր ազգային շահերից, իսկ Ռուսաստանի շահերը հաճախ չեն համընկնում կամ  հակասում են Հայաստանի շահերին։ Հայաստանին պետք է իրական օգնություն Ռուսաստանից՝ և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում և՛ ռուս-հայկական համաձայնությունների շրջանակներում, իսկ մենք ոչինչ չենք ստացել և դա տրամաբանական է։ Երբ Հայաստանը փնտրում է և փորձում է գտնել այլ լուծումներ՝ Ռուսաստանից դուրս, Ռուսաստանը ուղղակի ուզում է վերցնել Հայաստանի ձևավորված պրոցեսները իր վերահսկողության տակ, դրա համար է, որ հիմա է ուզում ՀԱՊԿ-ի զորքերը մտցնի»։ 

Հայաստանին անվտանգության նոր երաշխիքներ են պետք, իսկ դրա համար քայլեր են հարկավոր առաջին հերթին Երևանի կողմից՝ ասում է Արզումանյանը։

«Եւ ՛ԱՄՆ–ն,  և՛ Ֆրանսիան տվել են երաշխիքներ,  դրանից ավելի մեծ երաշխիքներ Արևմուտքը չի կարող տալ , քանի որ Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմական դաշնակիցը, ավելին, Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համակարգերը միավորված են, մենք ունենք միավորված ռազմական ուժեր Ռուսաստանի հետ, նման պայմաններում Արևմուտքը չի կարող անել քայլեր՝ օգնելու Հայաստանին, մինչև Հայաստանը չհայտարարի հարաբերությունները ձևափոխելու մասին։ Մինչև չհայտարարի, որ կտրում է շատ մտերիմ կապերը ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ»։

Հայաստանը նախ պետք է քայլ անի, հետո ստանա օժանդակություն Արեւմուտքից՝  կարծում է զրուցակիցս։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը եւս համամիտ է, որ Արևմուտքը չի կարող  աջակցել Հայաստանին, քանի որ մեր երկիրն  ընկալվում է որպես ՀԱՊԿ անդամ։

«Մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակում Արևմուտքը որևէ կերպ աջակցություն չի ցուցաբերի Հայաստանին, քանի որ որքան էլ շահագրգռված լինի տարածաշրջանում տևական խաղաղությամբ, այդուհանդերձ Հայաստանին ընկալում է որպես ՀԱՊԿ անդամ և Ռուսաստանի դաշնակից պետություն։ Արևմուտքը ՀԱՊԿ անդամ երկրին՝ Հայաստանին երբեք չի զինի, եթե պոտենցիալ հակառակորդը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանն է։ Այսինքն` կլինեն հայտարարություններ, գուցե կոշտ, անգամ օգնության խոստումներ, հումանիտար հարցերի բարձրացում, բայց դրանից ավելին ակնկալել պետք չէ»։

Արմեն Բաղդասարյանը,  սակայն, պնդում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան անհաշտ պայքար են մղում, բայց  համամիտ են մեկ ՝ Արևմուտքին մեր տարածաշրջան չթողնելու հարցում։

Back to top button