ԿարևորՄիջազգային

Փախուստ պատերազմից Լարսով

Լարսը փակելու Վրաստանի ընդդիմության պահանջը թեժ քննարկումների առիթ է դարձել՝  երկում հակառուսական մեծ ալիք բարձրացնելով։

Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքն արգելելու պահանջը ներկայացվում է որպես Վրաստանի ազգային անվտանգությանը լուրջ սպառնալիք։

Ընդդիմադիր գործիչ Գիորգի Վաշաձեն ասում է, որ սահմանն անհապաղ պետք է փակել՝ Վրաստանի բռնակցումը թույլ չտալու համար․

«Վրաստանը լրջագույն մարտահրավերի առջև է կանգնել․ այն ինչ կատարվում է հիմա,  անեքսիա է առանց տանկերի։ Մի քանի շաբաթից, երբ պարզվի կես միլիոն Ռուսաստանի քաղաքացի կա երկրում, որտեղ է լինելու մեր տեղը։ Սա հակավրացական, հակաեվրոպական  գործընթաց է, որ հակասում է մեր երկրի ազգային շահերին»։

Ընդդիմությունը նաև պահանջում է երկիր մուտք գործող ռուսաստանցիներից օկուպացիոն վճար, ինչը կնշանակի՝ ընդունել, որ Ռուսաստանը բռնազավթել է Վրաստանի տարածքի մի մասը, մյուս պահանջը՝ վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար և վերջապես փակել Լարսի անցակետը։  

Շուրջ մեկ շաբաթ է դրամատիկ պատկեր է ռուս վրացական սահմանին․ ռուսական կողմում  օրերով հերթի մեջ գտնվողների նպատակն է հասցնել դուրս գալ Ռուսաստանից, որտեղ զորահավաք է հայտարարվել Ուկրաինայի դեմ ավելի քան կես տարի առաջ սկսած պատերազմի պատճառով: 

«Մոսկվայից մինչև սահման երկու օրում եմ հասել։ Այնտեղ ընտանիքս է։ Այստեղ եմ, որովհետև չեմ ուզում հանցագործության մասնակից դառնալ։ Ռուսաստանում ապրելու հեռանկար այլևս չեմ տեսնում»,-հատելով սահմանը ասում են Ռուսաստանի քաղաքացիները։  

Վրացական կողմում՝ Կազբեգի անցակետի մոտ, սակայն, վրացական ընդդիմության ներկայացուցիչները, որ փորձում են ճեղքել ոստիկանական պատը, Վրաստան ժամանողներին դիմավորում են «Ռուս դասալիքներ, ձեր մուտքն այստեղ ողջունելի չէ», «Վրաստանում դուք տեղ չունեք» վանկարկումներով։ 

Կոնֆլիկտաբան, վերաինտեգրման նախկին նախարար Պաատա Զաքրեիշվիլին «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ հակառուսական արշավի հիմքում փաստարկներ չկան։ Ըստ նրա, հարցը վերաբերում է ոչ միայն Վրաստանին այլև հարևաններին․ Ռուսաստանից հեռանում են նաև ազգությամբ վրացիներ, հայեր և այլն, սահմանը պետք է բաց լինի․ 

«ՌԴ-ի այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում զորակոչվել և մասնակցել Ուկրաինայի դեմ մղվող պատերազմին՝ փախչում են ՌԴ-ից, և նրանց ուղղությունը միայն Վրաստանը չէ»։    

Վրաստանի իշխանությունները հայտարարել են անցակետը փակելու հարց չի քննարկվում։ ՆԳ նախարարը Վախթանգ Գոմելաուրիի խոսքով Վրաստանը չի սահմանափակի Ռուսաստանի քաղաքացիների մուտքը․ 

«Հոսքը գրեթե հասել է գագաթնակետին, մեր կողմում ևս հերթեր են, իիրավիճակը վերահսկելի է։ Մենք ուժեղացրել ենք վերահսկողությունը սահմանին, և ամեն ինչ արվում է անցանկալի անձանց մուտքը թույլ չտալու համար»։

Ռուսական կողմում մեքենաների հերթը մի քանի տասնյակ կիլոմետրի է հասնում, հազարավոր քաղաքացիներ արդեն օրեր շարունակ գիշերում են սահմանի հարակից տարածքում։ Սահմանի հերթերում նաև բեռնատարներ են, այդ թվում՝ հայկական։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ «Վերին Լարս» անցակետում առաջացած խնդիրը գտնվում է գերատեսչության ուշադրության կենտրոնում՝ նշելով, որ ներկայում իրավիճակի վերաբերյալ քննարկումները շարունակվում են և աշխատանքներ են իրականացվում առկա խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

Back to top button