ԿարևորՀասարակություն

Ամենաշատը մարդկանց սիրտն է ցավում․ սիրտանոթային հիվանդություններն աճման միտում ունեն

Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից ամենաշատ կյանքեր խլողը սիրտանոթային հիվանդություններն են։ Դրանք կազմում են մահաբեր հիվանդությունների 48.3 տոկոսը։ Եթե մինչև 2019 թվականը այդ հիվանդություններով պայմանավորված մահերը նվազման միտում ունեին, ապա 2020-21 թվականներին՝ կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքով դրանց թիվը կրկին աճում է։  Մասնագետները պատմել են՝ ինչպես պաշտպանել և բուժել կենսական օրգանը։

Աշխարհում ամենաշատը մարդկանց սիրտն է ցավում։ Սիրտանոթային հիվանդությունների տարածվածությունը առողջապահական համակարգի գերակա խնդիրներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում։ ԱՀԿ-ի տվյալներով՝ ամեն տարի սիրտանոթային հիվանդություններից 16 միլիոն 600 հազար մարդ է մահանում։ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Դիանա Անդրեասյանը ասում է, որ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում 48.3 տոկոսը կազմում են սիրտանոթային հիվանդությունները․

«Մինչև 70 տարեկան տղամարդկանց շրջանում, կանանց համեմատ, մահացությունը 2 անգամ բարձր է։ Տղամարդկանց 35-65 տարիքային խումբը հատկապես ռիսկային է, իրենց շրջանում մահացության ցուցանիշն ավելի բարձր է»։

Հիմնական պատճառները մի քանիսն են՝ սթրես, ծխախոտ, ավելորդ քաշ, ճարպակալում, աղի չարաշահում, զարկերակային բարձր ճնշում։ Անդրեասյանն ասում է՝ մինչև 2019 թվականը ցուցանիշը նվազման միտում է ունեցել, բայց 2020, 2021 թվականներին սիրտը կրկին հայերիս թույլ տեղն է դարձել։ Նախորդ տարի Հայաստանում սրտի հիվանդություններից մահացել է ավելի քան 16 500 մարդ։

Մասնագետներն ասում են, որ սիրտն ամուր ու առողջ պահելու համար Հայաստանում կանխարգելիչ և բուժող միջոցառումներ են իրականացվում։ Դրանցից ամենամասշտաբայինը 2015-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրն է։ Մանրամասները Առողջապահության նախարարության hիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանն է ներկայացնում․

«Ծրագրի մեկնարկից մինչև այս տարվա հուլիսը ներառյալ իրականացվել է 14 338 ծառայություն։ Միայն այս տարի մինչև հուլիսը իրականացվել է 1500 վիրահատություն։ 2015-ին բյուջեն կազմել է 950 միլիոն դրամ, իսկ 2022-ի բյուջեն՝ 1 միլիարդ 650 միլիոն  դրամ»։

Անվճար վիրահատական միջամտություն ստանալու հնարավորություն ունեցող՝ սոցիալապես անապահով կամ հատուկ խմբերում ներառված մարդկանց ցանկը վերջին անգամ թարմացվել է 2019 թվականին։

«400 000 քաղաքացի արդեն կարող է անվճար օգտվել սրտի բաց, փակ վիրահատություններից, խոշոր անոթների վրա վիրահատությունից, գլխուղեղի անոթների վրա հիվանդություններից։ Այդ ամբողջը էլի սիրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառուների շրջանակներում»։

Բժիշկները պնդում են, սակայն, որ միայն բուժվելը  բավարար չէ։ Առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանի խոսքով՝ ներհիվանդանոցային մահացությունների մակարդակն իջել է, սակայն այդ ամենը անարդյունք է, եթե հիվանդը հետագայում հետևողական չի լինում․

«Սա այնպիսի հիվանդություն է, որ պետք է պացիենտը հետևողականորեն շարունակի և՛ դեղորայքային բուժումը, և՛ իրականացնի երկրորդային պրոֆիլակտիկա։ Այսինքն՝ բոլոր անհրաժեշտ դեղորայքային ու ոչ դեղորայքային միջոցառումները պետք է իրականացնի, որ հիվանդությունը չսրվի նորից, չկրկնվի։ Բայց մեր բնակչության շրջանում, ցավոք սրտի, այդ հետևողականությունը, առողջապահական մշակույթը բարձր մակարդակի վրա չի։ Բազմաթիվ դեպքեր կան, որ հիվանդությունը կրկնվում է հիվանդի ոչ հետևողական պահվաքով պայմանավորված»։

Մասնագետները նշում են՝ Հայաստանի առողջապահական համակարգը հատուկ ուշադրություն է դարձնում նաև սիրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը։ Այդ նպատակով իրականացվում է, օրինակ՝ սկրինինգային ծրագիրը, որի շրջանակում 35-68 տարեկան անձինք կարող են այցելել պոլիկլինիկաներ և հետազոտվել՝ զարկերակային գերճնշումը բացահայտելու համար։

Back to top button