ԿարևորՔաղաքական

Զրկել ագրեսորին զենքի մատակարարումից եւ սպառազինել պաշտպանվելու համար․ ԱՄՆ կոնգրեսում երկու հայանպաստ նախաձեռնություն է շրջանառվում

ԱՄՆ կոնգրեսում լուրջ աշխատանքներ են տարվում Ադրբեջանին ամերիկյան զենքի մատակարարումներից զրկելու եւ Հայաստանին զենք մատակարարելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։  

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) թվիթերյան միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկացի քաղաքական գործիչները, Կոնգրեսի ճնշման ներքո, դիտարկում են Հայաստանի պաշտպանության նպատակով ամերիկյան զենքի վաճառքի հնարավորությունը։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում  մեծ է գնահատել նաև Ադրբեջանին զենքի մատակարարումները կասեցնելու հավանականությունը։ Երկու բանաձեւերն էլ  ընդունվելու մեծ հնարավորություններ ունեն՝ ասելՂուկասյանը։

Մեծ է հավանականությունը, որ կասեցվի Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։ ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններն ու հայկական լոբբին, նրա խոսքով,  այս փուլում աշխատում են երկու ուղղությամբ։ Սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հիմքեր է ստեղծել, որ ԱՄՆ կոնգրեսականների ճնշման ներքո դիտարկվի Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հնարավորությունը։ Նախաձեռնությունն ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ Հայաստան այցելած ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիեինն է.

«Ջեքի Սփիերը երեկ սկսել է մի նոր նախաձեռնություն, որը ենթադրում է Ադրբեջանի նկատմամբ կիրառել կոնկրետ պատժամիջոցներ, հետաքննել ադրբեջանական վերջին պատերազմական հանցագործությունները եւ դիմել միջազգային տրիբունալներին, որպեսզի Ադրբեջանը ենթարկվի քրեական պատասխանատվության՝ կատարած պատերազմական հանցագործությունների համար»։

«1991 թվականին Հայաստանի վերածննդից հետո առաջին անգամ ամերիկացի քաղաքական գործիչները, Կոնգրեսի ճնշման ներքո, դիտարկում են ամերիկյան զենք վաճառելու հարցը՝ Հայաստանին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի շարունակվող  ագրեսիայից եւ էթնիկ զտումներից պաշտպանելու նպատակով»,- ասվում է Ամերիկայի Հայ դատի տարածած հայտարարության մեջ։

Այս նախաձեռնությունից բացի ԱՄՆ կոնգրեսում  մեկ այլ  օրինագիծ էլ է շրջանառվում։ Սեպտեմբերի կեսերին Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով խմբի փոխնախագահ, Ներկայացուցիչների պալատի Հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը  բանաձեւի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում է դատապարտել ադրբեջանական վերջին ագրեսիան եւ Բաքվին զրկել ամերիկյան ռազմական օգնությունից, ինչը ենթադրում է 907-րդ բանաձեւի վերականգնում.

«Ադամ Շիֆի ներկայացրած բանաձեւն արդեն ունի 44 կոնգրեսականի աջակցություն եւ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը համայնքային բավական մեծ մոբիլիզացիայով փորձում է ճնշում ապահովել կոնգրեսականների վրա, որ հնարավորինս մեծ լինի երկու նախաձեռնությունների աջակցությունը»։

Գեւորգ Ղուկասյանը հիշեցնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Հայաստան այցի նախօրեին, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նրան կոչ էր արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը դադարեցնելու համար։

2001 թվականից  ԱՄՆ նախագահն իրավունք ունի չեղարկել  Ազատության աջակցության 907-րդ ակտի որոշ հոդվածներ, եւ ԱՄՆ  բոլոր նախագահները յուրաքանչյուր տարվա գարնանը օգտվել են այդ հնարավորությունից, ինչն ԱՄՆ գործադիր իշխանությանը թույլ է տալիս Ադրբեջանին ռազմական օժանդակություն հատկացնել։ 907-րդ բանաձեւի վերականգնումը առաջնահերթություն է հայկական լոբբիի համար։

Այն, ինչ ասաց Փելոսին Հայաստանում, պետք է հիմք դառնա գործնական քայլերի համար ՝  ասում է միջազգայնագետ  Գրիգոր Բալասանյանը.

«Մեր կոնսուլտացիաները ԱՄՆ–ի հետ պետք է հասցնել այն կետին, որ վերագործարկվի Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղումը,  որի մասին մենք մոռացել ենք, որովհետեւ այդ հղմամբ էր արգելվում Ադրբեջանին զենք մատակարարել ԱՄՆ-ի կողմից»։

Մինչ ԱՄՆ կոնգրեսում շրջանառվում են  հայամետ երկու նախաձեռնությունները, Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը թվիթերյան միկրոբլոգում գրել է․  «ԱՄՆ-ն ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին՝ պաշտպանվելու ադրբեջանաթուրքերից, որոնք սպառնում են ռազմական նոր ագրեսիայով։ Իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն»,- հարց է բարձրացնում ֆրանսիացի լրագրողը։

Back to top button