ԿարևորՔաղաքական

Դիվանագիտական ակտիվություն ԱՄՆ-ից, իմիտացիա ՀԱՊԿ-ից, ի՞նչ սպասել գերտերություններից

Միջազգային հանրության ուշադրությունն այս շաբաթ հատկապես սևեռված էր մեր տարածաշրջանին։ Շաբաթվա մեկնարկին քննարկումների առանցքում  դեռ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայաստանյան այցն ու նրա հայտարություններ էին, շաբաթվա վերջին՝  ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից հնչած գնահատականներն ու բարձրաստիճան հանդիպումները։  Նույն ընթացքում շարունակվում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ու նրա ղեկավարած պատվիրակության այցը Հայաստան, որի նպատակը ադրբեջանական ագրեսիայից հետո սահմանային իրավիճակը դիտարկելն ու գնահատելն էր։

Իրավիճակի բարդությունը խախտեց անգամ Հայաստանի  նախկին արտգործնախարարների լռությունը։ Վարդան Օսկանյանն ու Զոհրաբ Մնացականյանը խոսեցին հանգուցալուծման իրենց պատկերացումների մասին։

Ռազմական ագրեսիան բացառելու, նոր էսկալացիա թույլ չտալու և հարցերը բանակցությունների միջոցով կարգավորելու ամերիկյան հայտարարությունների կողքին նաև աջակցության ուղերձներ են, հայանպաստ ձևակերպումներ ու գնահատականներ։  Սա նշանակում է արդյո՞ք, որ Միացյալ Նահանգները կկանխի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր նոր  ռազմական ագրեսիան։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարեւորում է Միացյալ Նահանգների դիվանագիտական ակտիվությունը, բայց կարծում է, որ Բաքվի դեմ իրական ճնշումներ գործադրելու կարիք կա․

«Հատկապես ԱՄՆ ներգրավվածությունը կարեւոր դեր ունի այս փուլում՝ լարվածությունը զսպելու հարցում, բայց դժվար է ասել, թե որքան կարող է դա շարունակվել, քանի որ դիվանագիտական աշխատանքից բացի ճնշման իրական մեխանիզմներ պետք է կիրառվեն Բաքվի նկատմամբ, որպեսզի Ալիեւի ագրեսիվ քաղաքականությունը զսպվի։ Այս փուլում հասկանալի չէ, թե որքաքնով է ԱՄՆ հակված իրական ճնշում գործադրել եւ հասկացնել Բաքվին, որ լուրջ հետեւանքներ կլինեն նրանց համար։

ԱՄՆ ակտիվությանն զուգահեռ ջերմության դրսեւորումներ են  նկատվում ռուսական կողմից։  ՀՀ անկախության օրվան ընդառաջ ՌԴ նախագահ Պուտինը շտապեց հիշեցնել հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները ։  Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն է՝ նշեց ՌԴ ղեկավարը, նրա հայտարարությունից մեկ օր անցՀայաստան այցելեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Ի՞նչ սպասելիքներ կան այն ռազմաքաղաքական կառույցից, որի անդամ է Հայաստանը  եւ ի՞նչ ակնկալել այս բարդ փուլում ռազմավարական դաշնակցից․

«Չեմ կարծում, թե ինչ-որ ճնշում լինելու է։ Պարզ է, որ ՀԱՊԿ-ն ընտրել է իմիտացիայի ճանապարհը , ոչ թե իրական գործողությունների։ Տեսնում ենք, որ ՌԴ-ն  եւս փորձում է պահպանել չեզոքություն այս գործընթացում։ Դրա համար մի շարք պատճառներ կան՝ ռուս-ուկրաինական պատերազմը, պատժամիջոցների պատճառով կախվածության մեծացումը Թուրիքայից ու Ադրբեջանից։ Մի խոսքով ՝այդ ուղղությամբ որեւէ առարկայական քայլ չեմ ակնկալում»։

Քաղաքագետի համոզմամբ՝ Բաքուն հակված չէ խաղաղության  և շարունակում է Հայաստանին ինչ-որ գործընթացներ պարտադրելու փորձերը։

«Դիվանագիտական ճանապարհով միգուցե հնարավոր լինի մի քիչ հանդարտեցնել իրավիճակը տարածաշրջանում,սակայն  օրինակ միջանցքի հարցում Ադրբեջանի պահանջները այնքան առավելապաշտական են, որ օրինակ դժվար է պատկերացնել, որ ՀՀ իշխանությունները կհամաձայնեն գնալ նման լուծման կամ, որ Բաքուն հետ կկանգնի նման մաքսիմալիստական դիրքորոշումներից։ Խաղաղության պայմանագրի օրակարգում իրավիճակը եւս բարդ է։ Այնտեղ նաեւ արտաքին խաղացողների դիրքորոշումներում տարբերություններ կան։ Մի խոսքով բարդ է ակնկալել լուծում մոտ ապագայում։ Կարծում եմ մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանը կդիմի ռազմական էսկալցիայի։ Դժվար է կանխատեսել թե ինչպիսի ծավալների է այն լինելու, բայց այո դա ամենահավանական տարբերակն է այս փուլում»։

Իրավիճակը բարդությունը ստիպեց  լռությունը խախտել նաեւ Հայաստանի  նախկին արտգործնոխարարներից։ Վարդան Օսկանյանը կարծում է, որ Ալիեւն ուզում է ռազմական ճանապարհով հասնել սահմանազատման ու  անկլավների հարցում  իր հետապնդած նպատականերին։ Իրավիճակից ելքը համարում է նոր բանակցողի առկայությունը,  որը կարող է հրաժարվել պայմանագիր կնքելու հեռանկարից եւ փոխել համատեքստը։ Ըստ նրա՝ հայկական կողմից ներկայացվող փաստաթղթում անհրաժեշտ է ներառել այն դրույթները, որոնց շուրջ կլինի իրական բանակցությունների անհրաժեշտություն՝ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերում ՀՀ տարաքից, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի խնդիր, գերիների վերադարձ, սահմանազատման բանակցված, ոչ թե հապշտապ իրականացում։

Արձագանք կա նաեւ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանից։  Նա EVNreport-ում հրապարակված հոդվածում գրում է, որ պետք է վերանալ ազգի միջազգային փրկիչների մասին պատրանքներից, դադարել  ազգային պետությանը պարտադրել ազգային ազատագրական շարժման մտածելակերպ։ Մեջբերում է Չերչիլի խոսքերը․«Անհրաժեշտ է պայքարել, երբ հաղթանակի հույս չկա, քանի որ ավելի լավ է կործանվել, քան ապրել որպես ստրուկ»:

Նախկին արտգործնախարարի կարծիքով՝ հրադադարը մոլորեցնող է, քանի որ օկուպացիայի փաստը պահպանվում է, իսկ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը զգալի են:  Ըստ Մնացականյանի՝ խաղաղության ձգտումը պահանջում է ազգային ռեսուրսների ամուր հիմք և ազգային կարողությունների մոբիլիզացում: Ահա թե ինչու սեփական շահերը, սեփական ուժերի վրա ապավինելը, ինքնավստահությունը և համախմբումն այլընտրանք չունեն՝ գրում է նա:

Back to top button