ԿարևորՀասարակություն

Գրականության նոր ձեռնարկների դեմքերը․ հեղինակներին փնտրել միայն անցյալի՞ց

2020 թվականին ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրեց գրականության նոր չափորոշիչներ, որոնք լուրջ քննարկումների առիթ դարձան։ Հիմնական քննադատությունը մի քանի ուղղությամբ էր՝ ինչո՞ւ է «հայ» բառը հանվել «Հայ Գրականություն» վերնագրից, ինչո՞ւ  են բացակայում միջնադարյան և ոսկեդարի հեղինակները, ինչո՞ւ ներառված չեն ռուս գրականության ներկայացուցիչներ։ Արդյոք դպրոցականի համար «մարսելի՞ են» արտասահմանյան այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Կաֆկան, Բոդլերը և այլն։ Խնդրահարույց էր նաև 14 ժամանակակից հեղինակների ներառումը․ համացանցում սկսեցին թիրախավորել ոչ միայն այդ հեղինակների գործերը, այլև հենց իրենց։  Շրջանցելով քննարկումների մանրամասները, որոնք հաճախ զերծ չէին վիրավորական ձևակերպումներից, նշենք, որ 2021թ-ի օգոստոսի 4-ի ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ուսումնական պլան, որով 2021-22 ուստարում առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական ներդրվել են  Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում:

Սևագիր, լրամշակվող(2020թ-ի հուլիս 24-ի դրությամբ) և վերջնական տարբերակները։

Արտաշես Թորոսյան Քննադատությունները նաև առաջարկ էին

Մեկնարկած գործընթացից երկու տարի անց Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի(ԿԶՆԱԿ) տնօրեն Արտաշես Թորոսյանը նշում է, որ քննադատությունները նաև առաջարկներ էին, որոնք հաշվի են առնվել ուսումնական պլանը վերջանական տեսքի բերելիս։ Մեկ տարվա ուսումնական փորձից հետո եզրակացրել են, որ ծրագիրը բեռնաթափելու կարիք ունի։ Սահմանված ժամանակում, այսինքն՝ մեկ ուսումնական տարում նյութը աշակերտներին հասցնելու համար նախարարությունն առաջարկել է ուսուցումը կազմակերպել և դասերի ընթացքում, և ուսումնական նախագծերով։ Աշակերտը տարեկան առնվազն մեկ ուսումնական նախագիծ է իրականացնում։

«Ուսումնական նախագծերը ֆինանսավորվում են պետության կողմից, այսինքն, ուսուցիչը դրա համար լրացուցիչ վարձատրվում է։ Դրանք դասերից հետո իրականացվող աշխատանքներ են, որի ընթացքում աշակերտները հետազոտական աշխատանք են կատարում։ Եթե հետազոտական աշխատանքը նվիրված է այս կամ այն հեղինակի ստեղծագործությունների ուսումնասիրությանը և որոշակի հետազոտական նպատակներով օգտագործելուն, ապա աշակերտները ծանոթանում են մեծ թվով հեղինակների, և այդ գերխնդիրը, որ չէինք կարողանում տեղավորրվել նշված ժամանակահատվածում, կարողանում ենք լուծել»։ 

Հանրապետական հանրակրթական չափորոշիչը ուսուցչին լայն հնարավորություն է տալիս ինքնուրույն մշակել թեմատիկ պլանը և որոշելու դրա  ծանրաբեռնվածությունը։ Այսինքն, ուսուցիչները որոշակի փոփոխությունների  ազատություն ունեն թեմատիկ պլանում որոշում կայացնելու, թե ինչ նյութ և ինչ խորությամբ պետք է ուսումնասիրել։ Ուսուցիչները մեթոդական ցուցումներ են ստանում և դրա հիման վրա որոշում են՝ տվյալ հեղինակի որ ստեղծագործությունն է անհրաժեշտ մանրամասն ներկայացնել, և որին՝ ուղղակի ծանոթացնել։  

«Սովորելու համար նպաստավոր պայմանները ոչ միայն դասարանական պայմաններն են, այլեւ հենց ուսուցիչն է իր շատ լուրջ կարողություններով, որի վրա պետությունն այսօր բավականին ներդրում է կատարում, շարունակական զրագացման համար աշխատանքներ են կատարվում։ Ուսուցիչն իր մասնագիտական-մեթոդական զինանոցով կարողանալու է մեր երեխաներին անհրաժեշտ գիտելիքը տալ, որ այնպես չստացվի՝ աշակերտն իմանա գրողին, բայց ստեղծագործությունը չկարդա կամ կարդա միայն դասի ընթացքում նախատեսված մեկ-երկուսը։ Մենք հիմա մեծ ծրագիր ենք իրականացնում սովորողների մոտ ընթերցելու ունակությունների զարգացման համար։ Ընթերցանության նկատմամբ դպրոցական մակարդակում, նաև հասարակության մեջ վերաբերմունքը փոխելու համար, որ ժողովուրդը սկսի կարդալ այնպես, ինչպես նախկինում»։  

Նոր հանրակրթական պետական չափորոշիչով և առարկայական չափորոշիչով հստակ ներկայացվում է առաջարկություն ու պահանջ ուսուցչին, որ ուսուցման ընթացքում չբավարարվի միայն դասագրքով, այլեւ օգտագործի ցանկացած այլ ռեսուրս։

Այս ռեսուրսների թիվը վերջերս ավելացել է մեկով ևս։ 75 ժամանակակից հեղինակ ներառվել է «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա» ձեռնարկում։ Շնորհանդեսը նախատեսվում է սեպտեմբերին։ Ձեռնարկը հեղինակել են գրող Դավիթ Սամվելյանն և Երեւանի թիվ 33 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Նաիրա Աբրահամյանը։ Ձեռնարկը երաշխավորվել է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Արտաշես Թորոսյան․

«Նախարարությունը փորձաքննության է տալիս այդ աշխատանքը տարբեր կազմակերպությունների՝ ԿԶՆԱԿ-ին, բուհերից, օրինակ, ԵՊՄՀ-ին, ստանում է կարծիքներ, որոնց հիման վրա որոշում է կայացնում՝ երաշխավորել կամ չերաշխավորել մշակված նախագիծը։ Նույնիսկ եթե այդ գիրքը երաշխավորված չէ նախարարության կողմից, հնարավորություն ունեն դրանք վերցնել, ադապտացնել և օգտագործել դասի ընթացքում»։

Դավիթ Սամվելյան․ Գրականությունը լիցենզիայով չէ

Նախաձեռնությունը սկսվեց խնդրի գիտակցումից․ տարբեր շփումները ցույց տվեցին, որ դպրոցում չեն ճանաչում կամ ճանաչում են միայն մի քանի ժամանակակից հեղինակի։  Դավիթ Սամվելյանի խոսքով՝ ձեռնարկը կազմելու համար խորհրդակցություններ են անցկացրել ոլորտի մասնագետների հետ՝ մանկավարժներից մինչև գրականագետներ,  գործակցել են տարբեր կառույցների հետ։ Հրատարակչությունը պաշտոնական նամակով գրողին է ուղարկել չափանիշերը, որոնց համապատասխանող ստեղծագործությունները հեղինակներն ուղարկել են։ Այդտեղից էլ կատարվել է ընտրությունը։ Սա այդ հեղինակների լավագույն ստեղծագործությունների ժողովածուն չէ՝ ասում է Սամվելյանը։ Հիմնականում հաշվի են առնվել տվյալ տարիքի աշխարհայացքը, մտածողությունը։

«Գրողների հայտնի ստեղծագործությունները չեն, որ ընդգրկվել են։ Սա պետք չի դիտարկել որպես գրողների լավագույն ստեղծագործությունների ժողովածու։ Ընդգրկվել են այն գործերը, որոնք համապատասխանում են տվյալ տարիքի մտածողությանը, տվյալ դասարանում դասավանդվող հիմնական նյութին»։

Հայտի մեջ նշված է եղել, որ անհրաժեշտ է ուղարկել գեղարվեստական ստեղծագործություն և ոչ թե պարզապես տեքստ։ Ուշադրություն են դարձրել լեզվի անաղարտության պահպանմանը և ստեղծագործության համապատասխանությանը դպրոցական տարիքին։ Ուղարկված հայտերը շատ ավելի մեծաթիվ են եղել, քան այն հեղինակների քանակն է, որոնք ներառվել են քրեստոմատիայում։ Եղել են հեղինակներ, գրական գործակալություններ, որոնք անպատասխան են թողել նամակը։ Իսկ արդեն ձեռնարկում թեմատիկ բազմազանության (չափածո, վեպ, վիպակ, պոեմ) և զուգահեռականության սկզբունքներն են կիրառվել։ Այսինքն՝ ներառվել է նույն թեմայի վերաբերյալ թե ավագ սերնդի, թե երիտասարդ հեղինակի ստեղծագործությունը։ Այդպիսով՝ պահպանվել է նաև տարբեր սերունդների գրողների համամասնությունը։

«Միտում չի եղել որևէ մեկին ներառելու, մյուսին՝ անպայման չներառելու։ Քանակը, որ ներառվել են 75 գրողի գործեր , ի սկզբանե ասում էին, «Վայ, էս ինչքան շատ գրող եք ընդգրկել, այդքան գրող կա՞ Հայաստանում», բայց երբ  նայում ես ավագ սերնդի  դիտարկումներին, տեսնում ես՝ տողատակով նեղվում է՝ ինչու ինքը չի ընդգրկվել,  որ այդ ցուցակներն էլ հավաքեին՝ կրկնակի կամ եռակի շատ կլինեին։ Միտում չկա Պողոս Պողոսյանին դնելու, մյուսին չդնելու։ Հետո ազատ գործ  է, սա պետպատվեր չի եղել, յուրաքանչյուրն իր ճիշտ գտած հեղինակին կարող էր ընդգրկել ու քրեստոմատիա կազմել»,-նշում է Սամվելյանը։

Յուրաքանչյուր Քրեստոմատիայում 10-15 գրող է ընդգրկված, ծավալն ամենաշատը 140 էջ է: Ձեռնարկում ներառված հեղինակներն են Ռուբեն Հովսեփյան, Սուսաննա Հարությունյան, Գուրգեն Խանջյան, Դավիթ Սամվելյան, Անուշ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, Արմինե Բոյաջյան,  Նարինե Կռոյան, Աղավնի Գրիգորյան, Էդուարդ Խաչիկյան, Ռոլանդ Շառոյան, Ալիս Հովհաննիսյան, Անուշ Ասլիբեկյան, Հովհաննես Երանյան, Վրեժ Իսրայելյան, Մհեր Իսրայելյան, Օֆելի Դալաքյան, Գրիգ, Հովիկ Վարդումյան, Նաիրա Աբրահամյան, Լևոն Նես, Լևոն Խեչոյան, Հրաչ Սարիբեկյան, Գրիշ Սարդարյան, Համբարձում Համբարձումյան, Էլֆիք Զոհրաբյան, Նորայր Ադալյան, Վրեժ Սարուխանյան, Արամ Ավետիս, Հովիկ Աֆյան, Մարգարետ Դերանց, Վահան Տեր-Ղազարյան, Արամ Ալավերդյան, Արմինե Գաբրիելյան, Արփի Ոսկանյան, Հրաչ Բեգլարյան, Նարեկ Թոփուզյան, Սմբատ Բունիաթյան, Հուսիկ Արա, Ներսես Աթաբեկյան, Հովհաննես Գրիգորյան, Դավիթ Մշեցի, Գոռ Հարությունյան, Թադևոս Տոնոյան, Հենրիկ Էդոյան, Նշան Աբասյան, Արմեն Շեկոյան, Էդուարդ Հարենց, Մարգարետ Ասլանյան, Եր Կար, Հասմիկ Սիմոնյան, Էդվարդ Միլիտոնյան, Ղուկաս Սիրունյան, Աննա Դավթյան, Կարեն Անտաշյան, Հաս Չախալյան, Հրաչյա Թամրազյան, Յարութիւն ՊԷրպէրեան, Վեհանոյշ Թեքեան, Ռազմիկ Դավոյան, Զավեն Բեկյան, Գագիկ Դավթյան, Դիանա Մելիք-Սարգսյան, Հայկ Սիրունյան, Սլավի-Ավիկ Հարությունյան, Վարդան Սմբատյան, Կարօ Արմենեան, Սլավիկ Չիլոյան, Ավագ Եփրեմյան, Նոնա Պողոսյան, Նարեկ Կիրակոսյան, Ծով Ալիզե, Լևոն Բլբուլյան, Գագիկ Սարոյան, Անատոլի Հովհաննիսյան:

Հեղինակները հայտնի են, իսկ ստեղծագործությունները պարզ կդառնան սեպտեմբերին։ Թաքցնելու միտում չունեն՝ ասում է Սամվելյանը, ընդամենը մեկ ամսից՝ շնորհանդեսի օրը, նաև ձեռնարկի բովանդակությունը պարզ կդառնա։ Կա՞ն գրական դաշտում գրաքննադատներ, գրախոսություններ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ որոշել՝ ձեռնարկում ներառե՞լ տվյալ հեղինակին, թե ոչ՝ հարցին Սամվելյանը պատասխանում է․

«Իրականում դաշտում գրախոսություններն այնքան քիչ են, որ եթե սկսես միայն գրախոսություններով առաջնորդվել ՝ կամ շատ սուբյեկտիվ է լինելու, որովհետև միշտ չէ, որ գրախոսականները օբյեկտիվ են, կամ այնքան քիչ են, որ շատերը հաստատ դուրս էին մնալու։ Գրականությունը լիցենզիա ստանալով չի, էլի, որ գրախոսություն գրվի տվյալ գրողի ստեղծագործությունների մասին, և եթե գրված է՝ այդ դեպքում նոր ներառվի։ Եթե դաշտին ծանոթ ես, ինքդ էլ ընթերցում ես՝ շատ բարդ չէ հեղինակներին ընտրելու հարցը»։

Գոհար Մկրտումյան․ Լավ գրողը մեռած գրողը չէ

Իջևանի համար 4 դպրոցի ուսուցչուհի Գոհար Մկրտումյանը, հաշվի առնելով մեկ տարվա փորձառությունը, նշում է, որ կրթական ծրագիրը բեռնաթափման կարիք ունի։ Ասում է՝ խնդիրը շատ հեղինակներ ուսումնասիրելը չէ, այն, ինչ մենք անում ենք 15 հեղինակի հետ, մենք կարող ենք անել հինգ հեղինակով։ Փոփոխության համար առաջարկներ են ներկայացրել նախարարությանը։

«Առաջարկել եմ բեռնաթափել 5-րդ դասարանի մայրենիի դասագիրքը, որ հետաքրքիր լինի, հոգու հետ խոսող, երեխան ինքը չցանկանա գիրքը ձեռքից ցած դնել։ Անցել են այդ ժամանակները, որ ուսուցիչն իր հեղինակությամբ ճնշում է սովորողին, իսկ աշակերտը պարզապես սպառելու կամ գնահատականի համար սովորի, որը ևս երկրորդ պլան է մղվում։ Առաջարկել ենք հանել այն, ինչ երեխան այնքան էլ սիրով չի սովորում, բառամթերքը ծանր է նրա համար։ Օրինակ՝ Գևորգ Էմինի «Մեր այբուբենը» ասելիք ունեցող, սակայն 5-րդ դասարանցու համար ոչ հասկանալի է։ Ի վերջո, ամենակարևորը մեզ համար շատ գիտելիք տալը չէ, այլ ճիշտ արժեքներ ձևավորելը և այդ ճանապարհին գիտելիքներ մատուցելը։ Գիտելիքն ինքնանպատակ չէ, մենք ձևավորում ենք արժեքային համակարգ»։

Հաջորդը փոփոխությունն, ըստ Մկրտումյանի, նվազագույն մակարդակի համար սահմանված վերջնարդյունքի հետ է կապված։ Դրանք միշտ չէ, որ հասանելի են բոլոր աշակերտներին։  

Ժամանակակից հեղինակներին աշակերտներն անդրադառնում են նախագծային աշխատանքների շրջանակում։ Աշակերտին է ներկայացվում լրացուցիչ գրականության հաստատված ցանկը, որտեղից էլ վերջինս իր հայեցողությամբ ընտրում և ուսումնասիրում է որևէ հեղինակի։ 

«Մենք անդրադարձել ենք ժամանակակից հեղինակներին, ճիշտ է արվել, որ թողնվել է աշակերտի և ուսուցչի ընտրությանը, որովհետև տարբեր հետաքրքրությունների տեր աշակերտներ կան։ Ժամանակակից հեղինակներից  սիրով անդրադարձել ենք Նարինե Աբգարյանի ստեղծագործություններին  7-րդ դասարանում։ Այնտեղ կար նաև Զապել Եսայան, որը շատ հարուստ է, շատ գեղեցիկ է, բայց դարձյալ, որպես նոր նյութ, բարդ է աշակերտի համար, այդ թվում՝ լեզվի առումով, արևմտահայերեն է։ Մենք փորձեցինք ինչ-որ ձևով տեղ հասցնել, բայց բավականին բարդ էր»։

Նախագծային աշխատանքների համար սահմանված հստակ ժամկետ չկա։ Այս դեպքում երկու ամիս են տրամադրել ծրագրերին։ Աշակերտները հեղինակի դիմանկարն են նկարել, երգ գրել և նոտագրել, բեմադրություն արել և նամակ գրել հեղինակին։
Դասական հեղինակներին զուգահեռ ժամանակակիցներին ընգրկելն անհրաժեշտ քայլ է համարում Գոհար Մկրտումյանը։ Նրա խոսքով՝ սա կարևոր է, քանի որ փոխվում են ժամանակները, մոտեցումները, ասելիքը, և միայն դասական հեղինակների վրա ծանրանալը բավարար չէ։Գուցե ժամանակաից գրողը բարձրացնի հարցեր, որոնք ավելի կխոսեն աշակերտի հոգու հետ՝ ասում է։  Մկրտումյանի խոսքով՝ կարևոր չէ՝ աշակերտը  Սարոյան կկարդա, թե Կաֆկա, կարևորն այն է, որ  ընթերցող աշակերտ ունենանք։

«Ես հարգանքով եմ վերաբերում  թե մեր հեղինակավոր գրականագետներին, թե երիտասարդ, մեր կողքին ապրող գրողներին։ Դեմ եմ այն կարծիքին, որ լավագույն գրողը մեռած գրողն է։ Մենք չպետք է նրանց դարձնենք անցյալ, հետո նոր փնտրենք, փորձենք ինչ-որ բան գտնել և այդպես հասկանալ ու ընկալել։ Մենք հիմա էլ կարող ենք կարդալ, փնտրել, եթե տվյալ ստեղծագործության մեջ չենք գտնում մեր հարցերի պատասխանը, այլ հեղինակի այլ ստեղծագործության մեջ փորձել փնտրել։ Ի վերջո, պետք է փորձենք դուրս գալ մեծ աշխարհ, կաղապարվելը երբեք լավ տեղ չի տանում։ Պետք է նաև համամարդկային արժեքներին հաղորդակից լինենք․ ինչո՞ւ պետք է մերժենք ժամանակակից հեղինակներին։ Կարդանք և իմանանք երկուսն էլ, իսկ աշակերտին մտորելու, հասկանալու, ճանաչելու դաշտ տանք։ Ոչ թե կանխակալ ձևով ասեն՝ սա լավ է, ընդունելի է, սա ոչ և դռներ փակեն նրա մտածողության առաջ»։

Back to top button