ԿարևորՀասարակություն

Աստղաթափը՝ « Զորաց քարերում»․ «Հայկ» համաստեղության հետ նաև նոր երազանքներ են ծնվում

««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը, ավանդույթի համաձայն, հավաքվել էին աստղասերներ, զբոսաշրջիկներ և բոլոր նրանք, ովքեր նշում են Նավասարդն ու ականատես լինում Հայկ կամ Օրիոն համաստեղության «ծննդին»։ Սա ոչ միայն աստղային երազանքներ պահելու առիթ է եղել։  

Գիշեր, աստղեր, Նավասարդն ու «Հայկ-Օրիոն» համաստեղության «ծնունդը»․ սրանք միավորել էին բոլորին մեկ հարկի տակ՝ երկնքի հարկի։ Մեկ բառով աստղաթափ կոչվող տիեզերական այս հրաշքը դիտելու լավագույն վայրը «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցն է։ Ավանդույթի համաձայն` աստղադիտումն անցկացվում է օգոստոսի 10-ի լույս 11-ին գիշերը՝ Քարահունջում։

Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյան․  ««Հայկի» ծնունդը կարծես աստղային զարթոնքի վերածնունդ լինի։ Մենք «Զորաց քարեր բնակատեղի» արգելոցում մի շարք միջոցառումներ ենք իրականացնում, և սա դրանց մի մասն է»,- ասաց Զաքյանը։

Ինչպես հայտնի մուլտֆիլմում է ասվում՝ աստղ ընկնելու դեպքում թե երազանք պահես, անպայման կկատարվի։ Զբոսաշրջիկներից շատերն էլ Աստղաթափին եկել էին հենց այդ հույսով։

«Ես շատ եմ սիրում Հայաստանը, շատ հյուրասեր եք։ Մենք եկել ենք Ռուսաստանից։ Ամուսնուս հետ այս օրերին հանգստանում էինք և, իմանալով աստղաթափի մասին, ցանկացանք անպայման այցելել Քարահունջ ու մեր աչքով տեսնել այս ամենը։ Հուսամ՝ կհասցնենք աստղերից մեկի ընկնելու ժամանակ երազանք պահել»։

Բայց մինչ աստղաթափն ու աստղային երազանքները՝ նախ զրույցներ աստղագիտության ու հուշարձանի մասին, և ցուցադրվեց ֆիլմ տիեզերքի մասին։

Ի դեպ՝ «Զորաց քարեր» հուշարձան մուտքի համար արդեն սահմանվել է վճար։ Շատերի համար դա անկանկալ էր։ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը բացատրեց՝ ինչու են սահմանել մուտքավճար, և այդ գումարներն ինչ նպատակով են օգտագործելու։

«Երբ կարգավիճակը հուշարձանից փոխվում է արգելոցի, նոր հաստիքների անհրաժեշտություն է առաջանում։ Բնականաբար, այնպես է ստացվում, որ անհրաժեշտ է լինում նաև ենթակառուցվածքները զարգացնել։ Այստեղ մուտքը վճարովի է դարձել մոտ 2 ամիս առաջվանից, ու այսօր արդեն բոլորը կարող են այստեղ փոփոխություններ նկատել։ Լուսավորությունն է փոփոխվել, ցանկապատում է իրականացվել՝ մոտ 44 հա, տեղադրվել են ժամանակավոր սանհանգույցներ, նստարաններ ու աղբամաններ, ճանապարհի որոշակի հատված էլ վերանորոգվել է»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն ասում է, որ պետք է հասնել նրան, որ Հայաստանում գործող պատմամշակութային հուշարձանների մուտքը լինի վճարովի, գումարն էլ ուղղվի դրանց պահպանմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը։ Ըստ նրա՝ տարածքում առկա են նաև ջրագծերի, էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրներ։

Back to top button