ԿարևորՔաղաքական

Ինչպես է կոչվում այսօրվա դեռ չավարտված պատերազմը

Ինչպես է կոչվում այն պատերազմը, որ դեռ ընթանում է հանուն Արցախի, Արցախի շուրջ։ 44-օյայից հետո միջազգային հանրության մոտ տպավորություն կա, թե պատերազմն ավարտվել է, կողմերն այժմ բանակցում են։ Փորձագիտական շրջանակներում, սակայն, ընթացող այս լարվածությունն ու պարբերաբար գրանցվող միջադեպերն ու բախումները տարբեր անուններով են կոչում` սողացող պատերազմ, դիվանագիտական պայքար, ինքնորոշման հիմնախնդիր և ոչ միայն։

44-օրյա բախումներից հետո պատերազմն իրականում չդադարեց. այն, ինչ կատարվում է հիմա, հայկական վերլուծական դաշտում տարբեր անուններով է բնորոշվում` սողացող, ագրեսիվ կամ հյուծող պատերազմ, հաճախ նաև` էթնիկ զտումների քաղաքականություն, ավելի ընդհանուր բնորոշմամբ` ինքնորոշման պայքար:

Արցախում իր սադրիչ և ապակայունացնող գործողություններին Ադրբեջանը տվել է «հատուցում» անվանումը, իսկ միջազգային հանրությունը, ինչպես միշտ, օգտագործում է ցավալի դեպքեր, լարվածության սրում և միջադեպեր ձևակերպումները: Քառօրյա, քառասունչորսօրյա, տավուշյան, հետո նաև մեկօրյա… Արցախյան առաջին, երկրորդ, գուցե նաև երրորդ…Ինչպես է կոչվում այսօր դեռ ընթացող պատերազմը, որը պարբերաբար բախումներով ու լարվածությամբ է ուղեկցվում. խնդիրը տարածքային չէ, ազգային է ու ազատագրական մեր ազգի համար, միջազգային հանրության աչքին սա դիվանագիտական ու տարածաշրջանում ազդեցության պատերազմ է։

Անվանումների փոփոխությունից, սակայն, Ադրբեջանի մշտական նպատակների իմաստը չի փոխում, կարծում է Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Ստրատեգիան այս պահին հետևյալն է, քանի դեռ աշխարհի հզորները կամ անտարբերության չեն մատնում իր ռազմական ավանտյուրայի փորձերը, կամ չեն թույլատրում այն, գնալ սողացող անեքսիայի ճանապարհով, այսինքն, անընդհատ դիրքային առաջխաղացումներ ունենալ գոնե մաս-մաս, Փառուխ առ Փառուխ նվաճել ու փորձել դիրքավորվել Արցախի հայկական բնակավայրերի համար ստրատեգիական նշանակության դիրքերում, կրակոցներով կամ իրենց այլ մեթոդներով հասնել տարածաշրջանի բնակչության սարսափեցմանը, որպեսզի նրանք լքեն իրենց բնակավայրերը»:

Այն ինչ վերջին շրջանում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ. Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կարծիքն է: Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է: Այն վաղթե ուշ պատասխանատվության առջև է կանգնեցնելու Ադրբեջանի ղեկավարությանը: Մարուքյանը սոցցանցում գրել է, որ միջազգային կառույցների գործընկերները պետք է հստակ տարբերակեն իրավիճակի զոհին և էթնիկ զտում իրականացնողին: Միայն այդ պարագայում է, որ մշուշոտ, երկու կողմերին ուղղված անատամ հայտարարությունները կփոխվեն հստակ թիրախայինով, պատասխանատվության հարցի բարձրացմամբ և էթնիկ զտումների քաղաքականության դադարեցմամբ:

«Այս ամբողջ կոնֆլիկտը ԼՂ կարգավիճակի մասին է, ԼՂ ժողովրդի կյանքի իրավունքը ապահովելու, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանելու մասին է: Հիմա ի՞նչ է անում Ադրբեջանը. չի խոսում մարդկանց մասին, որովհետև իմարդիկ իր համար հետաքրքիր չեն, ինքը խոսում է տարածքի մասին, հողի մասին, ճանապարհի մասին, միջանցքի մասին, բայց ոչ մարդկանց մասին: Վերջին դեպքերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը չի կարող երաշխավորել ԼՂ ժողովրդի անվտանգությունը: Իրենք փորձում են այս ահաբեկչական գործընթացների, էթնիկ զտումների քաղաքականության վարման միջոցով ճնշում գործադրել ՀՀ նկատմամբ»:

Ուժի և սադրանքի գործիքը Ադրբեջանը նոր չէ յուրացրել, և այդ քաղաքականությունը ծանոթ է վաղուց: Առնվազն վերջին տասնամյակում այն շանտաժի գործիք է դարձել տարբեր հարցերում և ոչ միայն Հայաստանի, այլև երրորդ կողմի հետ բանակցելու ժամանակ:

Սեղանին այժմ հայտնվում են նոր ձևակերպումներ: Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը վտանգավոր է համարում ԼՂ կարգավիճակի հարցը բնակչության իրավունքների ձևակերպումներով փոխելու քաղաքականությունը:

«Արտահայտությունները, որ մեզ համար դա իրավունքների խնդիր է, խնդիրն ավտոմատ տեղափոխում է Արցախի կարգավիճակից դեպի Ադրբեջանի տարածքում ապրող Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող հայազգի անձանց իրավունքների պաշտպանության ոլորտ: Դա նաև միջազգային հանրությանը կարող է ձեռնտու լինել, որովհետև էականորեն խնդրի սրությունը փոխվում է: Իսկ արդեն որ իրավունքները պետք է պաշտպանվեն, ինչպես, ով դա կերշխավորի, մեկ տարի կպաշտպանվեն, հաջորդ տարի չեն պաշտպանվի, դա արդեն դառնում է բավականաչափ առաձգական և լղոզված ինչ-որ գործընթաց»:

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը չի թաքցնում` երբ պատգամավոր էր և ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, բազմիցս հանդիպել է դեպքերի, երբ ադրբեջանական հայելային մեղադրանքների քաղաքականության և հայկական կողմից ձևակերպումների փոփոխությունների պատճառով եվրոպացի պատվիրակները շատ հաճախ կորցրել են ղարաբաղյան հակամարտության իրական իմաստը: Տեղեկատվական մոլորեցնող պատերազմը շարունակվում է նաև 2020-ի նոյեմբերի 9-ից հետո՝ ասում է.

«Ադրբեջանն էլ ասում է՝ խաղաղություն եմ ուզում ու գալիս այդ բովանդակությունը դնում է այդ սեղանին: Ընդ որում, սեղանի շուրջ շարունակաբար նոր թեզեր են հնչեցվում: Խոսվեց Արցախյան առաջին պատերազմի կորածների մասին, ընդ որում մինչ այդ քարոզչադաշտում խոսում էին, իբրև կան զանգվածային գերեզմաններ, այսինքն՝ մեզ նաև այդ ցեղասպանի պիտակն է հստակ կպցվում տարբեր ձևերով: Մինչ այդ, եթե հիշեք ռազմագերիներին հակադրվում էր ականազերծման քարտեզների մասին թեզը: Շատ կարևոր է, որ մենք իմանանք՝ այս քարոզչաթեզերին ինչպես արձագանքենք և ինչպես մենք օրակարգ ստեղծենք: Մինչ օրս Հայաստանը որևէ օրակարգ այդ բանակցային սեղանի շուրջ չի ստեղծում: Եվ ինչն է այստեղ հետաքրքիր՝ ԵՄ-ՌԴ միջնորդական առաքելությունների պայքարի շրջանակներում բարձրացավ Ադրբեջանի գինը»:

Սխալ շեշտադրումների և իրադարձությունները սխալ անվամբ «փաթեթավորելու» պատճառով արցախյան ազատագրական շարժումը և գոյաբանական պայքարն այսօր միջազգային հանրության համար անհասկանալի ձևակերպումներ են: Սակայն մի բան փաստ է. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կան հստակ ուղերձներ:

Էդմոն Մարուքյան. «Եռակողմ հայտարարությամբ, եթե չեմ սխալվում, 3 անգամ արձանագրված է ԼՂ ձևակերպումը: Ի՞նչ է սա նշանակում, որ ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի մակադակում ստորագրված փաստաթղթով արձանագրվել է, որ կա ԼՂ տարածք և էթնիկ միավոր, չտեսնել սա, փորձել ասել, որ գոյություն չունի, իրենք ասում են, որ չկա ԼՂ, հետևաբար նման խնդիր գոյություն չունի, հետևաբար ԼՂ կարգավիճակի հարց չենք քննարկելու և խնդիրը լուծել են պատերազմով: Սա իրենց հռետորաբանությունն է»:

Վերլուծաբանների կարծիքով` եկել է ճշմարտության հետ առերեսվելու, ճշմարտությունից չխուսափելու և ճիշտ հետևություններ անելու պահը: Միայն այդ դեպքում խնդիրները կարող են ստանալ ճիշտ ախտորոշում և ստանալ ճիշտ լուծումների հնարավորություն: Եվ ի վերջո, լուծում տալու համար պետք է հստակ ձևակերպել խնդիրը` ինչպես է կոչվում այսօր դեռ ընթացողը` թերևս խաղաղության պատերազմ…

Back to top button