ԿարևորՎերլուծական

Հակաօդային ինտելեկտի զարգացումը՝ ԱԹՍ-ներին հակազդելու միջոց

Թռիչք թռչնի բարձրությամբ, փոքր եւ անաղմուկ, հազիվ նկատելի հակառակորդի համար, բայց պատերազմների ելք որոշող ու գերտերությունների առեւտրային գործարքների կարեւոր ապրանք, կարելի է նաեւ ասել՝ հեղափոխություն ռազմական ոլորտում․ խոսքը ժամանակակից ռազմական անօդաչուների մասին է՝ դրոնների։

Վերջին տարիներին դրանք փոխել են կյանքը ողջ աշխարհում ու որոշիչ դարձել անգամ քաղաքականության մեջ։ Փորձագետներն այս հարցին նաեւ այլ դիտանկյունից են նայում` ներկայիս մրցավազքում այն պետություններն են հաղթում, որոնք համակարգի վերաբերյալ ունեն պատկերացում և դրա ուղղությամբ հատուկ ռազմավարություն են մշակում։

Եթե մի քանի տարի առաջ ռազմական անօդաչու սարքեր արտադրողների առաջատար եռյակում ԱՄՆ-ը, Իսրայելն ու Կանադան էին, ապա այսօր համաշխարհային շուկայում մրցունակ են նաեւ Հնդկաստանը, Կորեան, Չինաստանը․ վերջինը նաեւ գնով է առաջատար սպառազինությունների մրցավազքում։ Բավական ակտիվ է նաեւ Թուրքիան, որն իր ագրեսիվ քաղաքականությամբ «Բայրաքթար» անօդաչուն դարձրեց «թրենդային»։ Հակամարտող շատ երկրներ են պատերազմի ընթացքը բեկելու նպատակով շտապում են ձեռք բերել հարվածային, հետախուզական դրոններ։ Սակայն ամեն զինատեսակ ունի նաեւ իր հակազդման միջոցը․ ԱԹՍ որսող համակարգերն էլ օրեցօր զարգանում են։

Հետախուզական եւ հարվածային անօդաչու սարքեր արտադրող «Դավարո» ընկերության տնօրեն Դավիթ Գալոյանը, նկատում է․

«Մոտ ապագայում նոր պատերազմները գնալով մեծացնում են անօդաչուների մասնաբաժինը, մարդկանց անմիջական միջամտությունը նվազելու է, մեխանիկական ու տրամաբանական գործողությունների շղթան դրվելու է անօդաչուների վրա, միայն ստեղծագործական, իմպրովիզային լուծումներն են թողնվելու մարդկանց որոշմանը։ Խնդիրը իրական ժամանակում ինֆորմացիայի հավաքագրման եւ իրական ժամանակում դրանց համարժեք լուծումներ գտնելու հնարավորության մեջ է։ Ով կարողացավ ավելի արագ կողմնորոշվել կազմակերպել, նա էլ հաղթելու է։ Այսօրվա դրությամբ անօդաչու համակարգերի առավելությունը հենց դրանում է, որոշում կայացնողը սարքերի մեջ ներդրված համակարգիչն է, իսկ մարդու միջամտությունը ուղղակի հրամաններ տալն է եւ սարքերից ինֆորմացիա ստանալն է։ Մարդու կողմից կառավարվող համակարգերը փոխարինվելու են հեռավար ռոբոտիզացված կառավարվող համակարգերով, նվազեցվելու են մարդկանց կորուստները։ Մեխանիկական սարքերն են կորուստերը վերցնելու իրենց վրա»։

Արագություն, թիրախը խոցելու ճշգրտություն. «Ինստիգեյթ ռոբոտիքս» ընկերության տնօրեն, ինժեներ Հրանտ Մանասյանի համար ԱԹՍ-ն զինվորի հերթական գործիքն է, ինչպես, օրինակ, ինքնաձիգը, հրետանին։ Եթե չկա զինվոր, զորատեսակ, որը կարող է կիրառել այդ դրոնը, ապա դա անիմաստ գույք է՝ ասում է Մանասյանը։

«Ռազմական անօդաչուն հերթական զինատեսակն է եւ հաղթում է ոչ թե այն պետությունը, որն ունի ավելի շատ անօդաչու, այլ այն պետությունը, որը այդ շատին համարժեք ստեղծել է համակարգ կամ զորքի տեսակ, որն էլ կարողանում է բարձր արդյունավետությամբ գործել եւ ճշգրիտ կիրառել գործիքները։ Իսկ էլ ավելի ուժեղ պետությունները՝ այդ երկուսը` եւ զորքը, եւ ԱԹՍ-ները ինտեգրում են իրավիճակային կառավարման կենտրոններում, հավաքագրում են ամբողջական տեղեկատվությունը, ինչն էլ ապահովում է տվյալ զինատեսակի արդյունավետ կիրառությունը։ Ամեն ինչ գնի մեջ է, պատերազմը տնտեսություն է, որ պետությունը նույն խնդիրը լուծող էժան միջոց կկարողանա ստեղծել, նա էլ կհաղթի, միեւնույն է՝ ներկայիս տնտեսական մոդելում եւ հակաօդային պաշտպանական համակարգերի առկայության պարագայում ՀՕՊ համակարգերը մի քանի կարգով անգամ ավելի թանկ են, քան ՀՕՊ խոցող անօդաչուները»։

«Ռադիոլուր»-ի մյուս զրուցակցի` տեխնոլոգիական ոլորտի փորձագետ Ավետիք Քերոբյանի կարծիքով` ռազմական անօդաչուներն այսօր մեծ գլխացավանք են հակաօդային պաշտպանական համակարգերի համար։

«Այս պայմաններում նույնիսկ ամենազարգացած հակաօդային պաշտպանության համակարգն անզոր է պայքարել անօդաչուների զանգվածային կիրառման դեմ։ Բայց պետք է նշել, որ դրանք անխոցելի չեն։ Վերջին տարիներին զարգանում են ռազմական դրոնների դեմ պայքարի ռադիոտեխնիկական միջոցները, ԱԹՍ-ների հայտնաբերումը դարձել է առավել բազմազան, իսկ խոցումը, կրակային միջոցներից բացի, կատարում են նաեւ ռադիոէլեկտրոնային միջոցների օգնությամբ, որոնք խափանում կամ դժվարացնում են դրոնների կառավարման համակարգերը։ Հակաօդային պաշտպանության միջոցների շերտային կիրառմամբ հնարավոր է չեզոքացնել կամ նվազեցնել ԱԹՍ վտանգը»։   

Տեխնոլոգիական ոլորտի փորձագետ Ավետիք Քերոբյանն ասում է, որ ռազմական անօդաչուները միանշանակ փոխել են պատերազմների բնույթը․ կենդանի ուժը դուրս է բերվել անմիջական կրակային ներգործության գոտուց, եւ այսօր զինվորն իր առաջադրանքը կարող է կատարել մարտական թատերաբեմից զգալի հեռավորության վրա` չվտանգելով կյանքը։

«Դա հետախուզական տվյալների օպերատիվ ստացումն է, այսինքն հետախուզությունը դարձել է արագ, իսկ ԱԹՍ-ների, որպես կրակային խոցման միջոց օգտագործումը դարձել է ասիմետրիկ։ Մեկ օպերատորի կամ մեկ ստորաբաժանման միջոցով հնարավոր է զանգվածային կրակային խոցում իրականացնել, այդ թվում նաեւ խորը թիկունքում»։

«Օրինակ՝ Ուկրաինայում, չնայած բազմապիսի ԱԹՍ-ների կիրառմանը, դրանց արդյունավետությունը բավականին փոքր է, պատճառը նաեւ փորձառության պակասի մեջ է։ ԱՄՆ-ում հակառակ պատկերն է՝ կա հստակ մշակված ռազմավարություն, հատուկ ստորաբաժանում»։

 «Դավարո» ընկերության տնօրեն Դավիթ Գալոյանը հավելում է՝ մեզ նման երկրները նախ պետք է շեշտը դնեն ռազմավարության վրա․ ուզո՞ւմ ենք ունենալ նման զորատեսակ, թե ոչ։ Տրված խնդրից ելնելով՝ անօդաչուների վերաբերյալ պետք է ձեւավորել այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է ԶՈՒ-ին։ Ռազմական անօդաչու արտադրող երկրները վաղուց այդ ռազմավարությամբ աշխատում են։

«Այսօրվա դրությամբ Հայաստանի ռազմարդյունաբերությունը ֆանտաստիկ արդյունքներ է ցույց տալիս, սա նաեւ հաստատում են միջազգային փորձագիտական խմբերը։ Նախկինում նման դպրոց չենք ունեցել, չենք ունեցել դրսից ներկրված տեխնոլոգիաներ, որոնց հնարավորությունն ունեն արտադրող մյուս երկրները, չենք ունեցել բաղադրիչներ արտադրող բազա։ Մենք ստիպված ենք եղել տեխնոլոգիաների մշակումը զրոյից ստեղծել, կրթել մասնագետների, ստեղծել արտադրական հզորություններ։ Այսօր կան բավականին դրական արդյունքներ»։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցները շեշտում են`դեռ «բերքահավաքի» ժամանակը չէ, սա դեռ «ցանքի» փուլն է․ ռազմարդյունաբերությանը պետք են մեծ ներդրումներ` նաեւ սփյուռքի գիտական փորձով։ Անօդաչու արտադրողները լիահույս են` ներդրումները հարյուրապատիկ վերադարձվելու են։

Back to top button