ԿարևորՀասարակություն

Դիտահորերի կափարիչները զանգվածաբար գողանում են՝ ահազանգում են վանաձորցիները

Վանաձորում վերջին շրջանում դիտահորերի կափարիչները համատարած գողանում են։ Օրական 15-20 կափարիչ է անհետանում: «Վեոլիա Ջուր»-ը չի հասցնում փակել դիտահորերը.1-85 թեժ գծին նման ահազանգեր ամեն օր է ստանում։ Վանաձորի համայնքապետարանն ու «Վեոլիա Ջուր»-ն ասում են՝դիմել են ոստիկանություն: Ոստիկանությունն էլ հակադարձում՝ որևէ նման գրություն չեն ստացել: Մինչ այս կառույցները կկարգավորեն տեխնիկական հարցերը, բաց դիտահորերը վտանգ ու անհարմարություն են ստեղծում թե՛ քաղաքացիների, թե՛ մեքենաների համար:

Վանաձորում դիտահորերի կափարիչները զանգվածաբար գողանում են։ Հուլիսի 22-ին հերթական դեպքը Տարոն 1-ում էր. թաղամասի բնակիչը նկատել է, որ շենքերի շրջակա 7 դիտահոր բաց է, հարևանի թանկարժեք մեքենայի անիվը՝ դրանցից մեկում։ Մեքենայի վնասը մեծ չէ, փոխարենը վտանգն է մեծ։

«Վտանգավոր է, առաջին հերթին մեքենա ընկավ, հետո երեխեք են խաղում, մարդիկ են քայլում, մեքենաներ են գնում գալիս, շատ վտանգավոր է, մանավանդ երեխեքի համար,խաղում են, նայում են փոս է, իրար հրելով կընկնեն մեջը»:

Բնակիչներից մեկն էլ նկատում է՝ տեղեկացրել են համատիրության ղեկավարին, խոստացել է 2 օրում լուծում տալ խնդրին, բայց՝

«Բայց ոնց որ թե հարցի լուծումը չկա: Բնակիչներն իրենց ուժերով մետաղյա կտորներ են բերել, մեծ քարեր են դրել, խոտեր, ճյուղեր, որ մեքենաները զգուշանան, երեխաներն էլ վազելիս չըկնեն դիտահորը»:

Թաղամասերում բաց դիտահորերը խնդիր են ոչ միայն բնակիչների, այլև երթուղայինների համար: Մի կերպ են շրջանցում։ Թաղամասի բնակիչներն իրենց ջանքերով մի քանիսը փակել են, բայց դա լուծում չէ՝ ասում է մոտակա խանութի սեփականատերը: Իրենց մոտիկ դիտահորերը չեն «մերկացել», երևի տեսահսկման սարքերից են զգուշացել՝ ասում է։

Հարևան Տարոն 4 թաղամասում ևս ավելացել են դիտահորերի կափարիչների գողությունները՝ ասում է «Տարոն 4» համատիրության նախագահ Վահագն Ավագյանը:

«Անընդհատ բոլոր թաղամասերում միշտ լինում ա: Որը ջրմուղինն է լինում, ջրմուղին ենք ասում, համայնքին շատ քիչ է լինում դիտահորի խնդիր»:

Խնդրին Վանաձորի համայնքապետարանում տեղյակ են: Համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Բենիկ Նազարյանի խոսքով՝ հստակ թիվ չգիտեն: Հաշվառում են քաղաքի բոլոր բաց դիտահորերը: Անգամ անձրևաջրատարների մետաղական ծածկերն են կտրել-տարել՝ ասում է։

«Ոստիկանություն գրություն ենք ուղարկել, հետևողական ենք: Ներկա պահին աշխատակիցները հաշվառում ենողջ քաղաքի տարածքով՝ վերականգնելու համար: Որը անձրևաջրատար է՝ համայնքինն է, որը կոյուղի ու ջրինը՝ «Վեոլիա Ջրինը»»:

Վանաձորի վարորդների ակումբի հիմնադիր Անդրանիկ Հովհաննիսյանն էլ է դժգոհում՝ օրեր առաջ մթին բաց դիտահորն ընկած քաղաքացին երջանիկ պատահականությամբ լուրջ վնասվածքներ չի ստացել:

«Երկաթուղայինների այգու մոտ մի քանի օր առաջ դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Մի քաղաքացի երեկոյան ժամի, չնկատելով բաց դիտահորը, ընկել է մեջը, բարեբախտաբար, կոտրվածքներ չուներ, ուղղակի կապտուկներ, բարեհաջող ավարտ ունեցավ, բայց կարար ցավալի ավարտ ունենար»։

Դիտահորերի կափարիչների գողության նման զանգվածային դեպքեր «Վեոլիա Ջուր» ընկերության «Լոռի» շահագործման տեղամասի պետ Ալիկ Բաղդասարյանը չի հիշում: Աշխատող դիտահորեր են, ասում է: Որևէ կերպ ամրացնելու տարբերակ չունենք, մարդիկ էլ օգտվում են իրավիճակից: Անգամ Մ6 միջպետական ճանապարհի անձրևաջրատարերի մետաղյա ցանցերն են տարել: Ծանր սոցիալական վիճակով է պայմանավորում, ստիպված են գողանում՝ ասում է:

« Հա, եղել ա հատուկենտ շաբաթվա մեջ, կամ ամսվա մեջ 1 հատ, բայց սենց բան դեռ չէր եղել, համատարած է, նույն տեղը դրել ենք, հաջորդ օրը նորից չկա: Փող չկա ժողովրդի ձեռը, տանում են, հանձնում են: Անձրևաջրատարերի սետկեքն են հանել տարել: Էն ժամանակ հանձնման կետերում զգուշացրել էին ոստիկանությունից, հիմա էլ հանձնման կետերում հարցնում ենք, ասում են՝ մենք չենք ընդունում»:

Կասկածներ ունեն, որ այդ գործի մեջ «մասնագիտացածները» խմբով են աշխատում: Չուգունե կափարիչները միջինում 20-35 կգ են։ Մետաղի ջարդոնի կետերում կիլոգրամը 40-45 դրամով են հանձնում: Նոր կափարիչը շուկայում 15-20000 դրամ է, օգտագործածը՝ 10-15.000 դրամ: Նոր կափարիչներ ձեռք բերելու համար ձուլարան են դիմել, գողոնը հայտնաբերելու համար՝ ոստիկանություն՝ Բաղդասարյանն է ասում:

«Օրական 15-20 հատ, մենք էլ ձուլարան չունենք էլի: Իսահակյանում 5 հատ տարել դրել ենք, առավոտը 1-85-ով գրել են՝ գողացել են: Զակազ ենք տվել, ձուլարանն էլ ասում է՝ մենք չենք կարա էդքան արտադրենք, ոստիկանություն ենք դիմել, ասում ենք՝ զբաղվեք էս հարցով: Դեպք եղել է, ոստիկանությունը հայտնաբերել է, գնացել ենք մի 7-8 հատ իրենց մոտից բերել»:

Ոստիկանությունից, սակայն, «Ռադիոլուր»-ին փոխանցեցին՝ Գուգարքի և Վանաձորն սպասարկող 2 բաժիններում «Վեոլիա Ջրից» վերջին 2 ամսում նման դեպքով որևէ ահազանգ չի ստացվել:

Back to top button