ԿարևորՀասարակություն

Կադրերի պակաս մանկապարտեզներում. ծանրաբեռնվածությունը շատ է, վարձատրությունը՝ քիչ

Նախակրթական ոլորտի խնդիրներն ու հեռանկարներն են շոշափվել «Երեխաներին՝ընդառաջ. ի՞նչ խնդիրներ ունեն մանկապարտեզները» թեմայով քննարկմանը, որին անդրադարձ է եղել մանկապարտեզների՝ որպես 1-ին կրթական օղակի կարևորությանն ու համապատասխան կադրերով համալրվածությանը: Ի՞նչն է այսօր պակասում մեր մանկապարտեզներին ու ի՞նչ է պետք անել ոլորտում ավելի մոտիվացված ու ստեղծարար աշխատողներ ունենալու համար:  

Նախադպրոցական կրթության խնդիրներն ու երեխաների կարիքները․մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներն այս հարցերը քննարկելիս չեն մոռանում հիշատակել ամենակարևորի՝ նախադպրոցական հաստատությունների հիմնական փաստաթուղթ չափորոշիչների մասին: Նոր չափորոշիչները հանձնվել են ոլորտի մասնագետների դատին, թեև քննարկումները դրանց շուրջ չեն դադարում՝ասում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը։

«Ներկայում գործող չափորոշիչը 0-6 տարեկան երեխաների զարգացման և կրթության չափորոշիչներն են: Նոր չափորոշիչներին դեռևս լայն առումով մասնագետները ծանոթ չեն: Պետք է տեղի ունենան վերապատրաստումներ, փորձարկումներ, հետո արդեն կիրառվեն որպես շատ կարևոր փաստաթուղթ»:

Դպրոցին պատրաստ ու կրթված սերունդ տալու առաջին օղակ նախակրթարաններն այսօր մասնագետների պակաս ունեն, նաև՝ վերապատրաստված մասնագետների: Նախադպրոցական կրթության ոլորտը գրավիչ չէ երիտասարդ կադրերի համար: Համակարգում անգամ փորձառու մասնագետները չեն ուզում մնալ: Նախադպրոցական կրթության մասնագետներ պատրաստող ԲՈւՀ-երում տարեցտարի նվազում են դիմորդները. դիտարկումը «Ուսուցիչների ուսումնափորձարարական համայնք» հարթակի և «Լուսե տնակ» ստեղծարար կենտրոնի համահիմնադիր Քրիստինե Երիցյանինն է: Մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա բաժին այս տարի ընդամենը 10 մարդ է ընդունվել, ասում է,  2021-ին այդ թիվը կրկնակի մեծ էր՝25:

«Խնդիրը շատ սուր է, մասնագետների պակաս կա: Կարծիքներ են հնչում, թե ոլորտը հրապուրիչ չէ մասնագետների համար: Ցավով պետք է նշել, որ մասնագետներն ընտրում են այլ ոլորտներ, շատ հաճախ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո փոխում են մասնագիտությունը, բայց մեր ոլորտը պատասխանատուներից է»:

Քրիստինե Երիցյանի կարծիքով՝ լրջագույն ջանքեր են պետք ոլորտն իրապես հրապուրիչ դարձնելու և մասնագետներով համալրելու համար: Նախակրթության ոլորտում երկարամյա փորձ ունեցող Փառանձեմ Խանգելդյանը խնդիրներին զուգահեռ նաև լուծումներ է առաջարկում: Խնդիրները թե՛օրենսդրական, թե՛համայնքային մակարդակում են,  ամենակարևորը՝ դաստիարակն է, առաջին մարդը ծնողից հետո, որը շփվում է երեխայի հետ: Ազատե՛ք դաստիարակին ավելորդ թղթաբանությունից, տվե՛ք թևեր և կտեսնե՛ք, թե ինչ ազատ մտածողությամբ երեխաներ են դուրս գալիս մանկապարտեզից: Այսօր դաստիարակը ոչ միայն արժանապատիվ աշխատավարձ չի ստանում, այլև բուն աշխատաժամանակը ծախսում է անհասկանալի ու մասնագիտական վերլուծության տեսանկյունից ոչինչ չտվող գրագրության վրա, մինչդեռ կարևոր է, թե ի՞նչ է սովորեցնում դաստիարակը երեխային։

Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյան․«Մենք պետք է կարողանանք բռնել այն գնդակը, որը մեզ նետում  է երեխան և այնպես վերադարձնել նրան, որ նա նորից ցանկանա խաղալ մեզ հետ՝ ընթացքում նոր խաղեր հորինելով: Պետք է հիմնովին փոխենք մեր վերաբերմունքը դաստիարակի նկատմամբ: Մեկ դրույքի համար դաստիարակն ստանում  է  նվազագույն՝  72. 000 դրամ: Դա, իհարկե, ծիծաղելի թիվ  է,  համոզված եմ, որ ներքին մոտիվացիա ունեցող դաստիարակներն են մնում համակարգում: Ե՞րբ է պատշաճ աշխատավարձ լինելու դաստիարակների համար»:

Մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահ, «Ինդիգամի» մանկապարտեզի համահիմնադիր Նելլի Խաչատրյանն էլ է համակարծիք, որ  նախադպրոցական կրթության ոլորտում խնդիրները բազմազան են ու բազմաշերտ: Կիսվում է մասնավոր մանկապարտեզի իրենց փորձով. առաջնորդվում են երեխայի կարիքով, ազատություն տալիս երեխային՝ իր հետաքրքրությունների հարցում: Խորհուրդ է տալիս կիրառել իրենց փորձը նաև պետական մանկապարտեզներում: Բացի սրանից՝ իրենք հիմնականում կենտրոնանում են մասնագետների վերապատրաստման խնդրի վրա, որովհետև մեր երկրում նոր որակի ուսուցիչ ստանալու հնարավորությունները շատ չեն:

Back to top button