ԿարևորՀասարակություն

Տրվեց Ապագա Հայկականի Համաժողովի պաշտոնական մեկնարկը 

2022թ. նոյեմբերին 11-13-ին Երևանում կայանալու է Ապագա Հայկականի առաջին Համաժողովը՝ «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա։ Համաժողովի մասնակիցները Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից քննարկելու են առկա խնդիրները, մարտահրավերները և ընդունելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։ Համաժողովին նախորդելու են թեմատիկ փորձագիտական հանձնախմբերի աշխատանքը, որոնց մասնակցությունը բաց է լինելու բոլոր մասնագետների համար։

Առաջին Համաժողովում քննարկման առարկա են դառնալու «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականությունը», «Պատմական պատասխանատվությունը» և «Բնակչության աճը»։

Հուլիսի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Ապագա Հայկականի Համաժողովի մեկնարկի ազդարարման միջոցառումը, որով տրվեց համաժողովին մասնակցության հայտերի ներկայացման և փորձագիտական խմբերի ձևավորման մեկնարկը:

Միջոցառմանը ներկայացվեցին Համաժողովի նպատակները և դրա հիմքում ընկած քաղաքացիական ասամբլեայի մոդելի առանձնահատկությունները, մասնակցության հայտերի ներկայացման գործընթացը, ինչպես նաև հատուկ անդրադարձ է կատարվել մայիսին Ստեփանակերտում կայացած Արցախյան ֆորումի արդյունքներին։

«Հանրային քննարկումները և Արցախյան ֆորումը» պանելային քննարկման բանախոսներ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Արցախյան ֆորումի մասնակից Անահիտ Մխիթարյանը, ինչպես նաև «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը և Արամ Բեկչյանը անդրադարձան Արցախյան ֆորումի արդյունքներին և կարծիքներ փոխանակեցին հանրային քննարկումների ձևաչափի և դրա արդյունքների իրականացման կարևորության շուրջ:

«Ապագա Հայկականի առաջին Համաժողովը և քննարկվելիք թեմաները» պանելի բանախոսներն էին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն, Armenian Society of Fellows կազմակերպության խորհրդի նախագահ Անի Ապրահամյանը և «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը, որոնք անդրադարձան Համաժողովի թեմաների կարևորությանը և այդ ոլորտում առկա խնդիրներին:

Քննարկումները վարում էր EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը: Միջոցառման հյուրերը նաև հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսներին։

Back to top button