ԿարևորՀասարակություն

Դիլիջանցիները քննարկեցին կենտրոնական քաղաքային այգու զարգացման տեսլականը

Դիլիջանում տեղի է ունեցել համաքաղաքային քննարկում, որի ընթացքում համայնքի բնակիչները ներկայացրել են Դիլիջանի կենտրոնական քաղաքային այգու զարգացման իրենց տեսլականը։ Քաղաքացիների առաջարկները և ցանկությունները հիմք կհանդիսանան քաղաքի համալիր զարգացման ծրագրի համար` նախաձեռնված Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից:

Հանրային քննարկմանը մասնակցել են հասարակական ակտիվիստներ, ձեռներեցներ, քաղաքապետարանի և համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիլիջանի բնակիչները և քաղաքի հյուրերը։ Այս միջոցառմամբ մեկնարկել է քաղաքացիների հետ ծրագրի ընթացքում նախատեսվող հանդիպումների շարքը։

Քննարկումներն անցնել են դիզայն-խաղի ձևաչափով. մասնակիցները բաժանվել են նախագծային թիմերի։ Յուրաքանչյուր թիմ առաջարկել է այգու տարածքի արդյունավետ ֆունկցիոնալ գոտիավորման իր տարբերակը, անհրաժեշտ ենթակառուցվածքային օբյեկտների ցանկը, ինչպես նաև ներկայացրել է, թե ինչ քաղաքային խնդիրներ պետք է լուծի ապագա այգին, և ինչպես այն կարող է կոչվել։ Քննարկումների արդյունքում յուրաքանչյուր թիմ ներկայացրել է այգու զարգացման սեփական տեսլականը:

Վերանորոգված կենտրոնական քաղաքային այգին կհանդիսանա Դիլիջանի քաղաքային վերափոխումների շարժիչ ուժը և կդառնա դիլիջանցիների ու քաղաքի հյուրերի ժամանցի նոր կենտրոն։

Այգին արդեն իսկ բազմաֆունկցիոնալ հանրային տարածք է: Այստեղ են գտնվում Verev rope park-ը՝ Հայաստանի ամենամեծ պարանայգին, սոցիալական ուղղվածություն ունեցող Cafe#2 սրճարանը, արհեստական ​​լիճը, ատրակցիոնների գոտին, մարզահրապարակներն ու մարզումների համար նախատեսված workout գոտին։

Այն քաղաքացիներին, որոնք չեն մասնակցել հանդիպմանը, նախագծի թիմը հրավիրում է հարցաթերթիկը լրացնել Cafe#2 սրճարանում կամ Դիլիջանի զբոսաշրջական ​​տեղեկատվական կենտրոնում: Ցանկացողները կարող են թողնել իրենց կոնտակտային տվյալները և կիսվել նախագծի վերաբերյալ սեփական պատկերացումներով ծրագրի կայքում՝ նախապես գրանցվելով: Բացի այդ, կայքում կարող եք տեղեկանալ առաջիկա իրադարձությունների մասին:

Համաքաղաքային քննարկման կազմակերպիչներն են՝ «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերությունը, Դիլիջանի քաղաքային այգին և նախագիծը մշակող «Project Group 8» ընկերությունը:

Back to top button