ԿարևորՄշակույթ

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը Երևանում է

Եվրոպական հեռարձակողների միության «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդն այս օրերին Երևանում է: Հանրային հեռուստաընկերությունում նրանք հանդիպել են գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպչական թիմի հետ, քննարկել ստեղծագործական և տեխնիկական հարցեր:

Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ նման հանդիպումներն օգնում են թիմին առավել ճիշտ կազմակերպել մրցույթի նախապատրաստական աշխատանքները.

«Դեկտեմբերին կայանալիք «Մանկական Եվրատեսիլին» մենք սկսել ենք պատրաստվել Մալենայի հաղթանակի հենց հաջորդ օրվանից: Հիմա աշխատանքներն արդեն գործնական փուլ են մտել, մենք ունենք մրցույթի կոնցեպտի և շոուի նախնական տարբերակները: Նաև ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունում ձևավորվել է մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով: Վստահ ենք, որ ԵՀՄ-ի և Հայաստանի կառավարության հետ համագործակցելով այս տարի կունենանք շատ տպավորիչ շոու»:

Երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը և Հանրային հեռուստաընկերությունը համաձայնեցրել են հոբելյանական 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» նախնական կոնցեպտը և համերգային ծրագրի որոշ մանրամասներ:

Եվրոպական հեռարձակողների միության պատվիրակությունն այցելել է նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, տեղում ծանոթացել կառույցի հնարավորություններին և սպասվող փոփոխություններին:

Back to top button