ԿարևորՔաղաքական

Արցախը պատրաստ է սպասել․ կարգավիճակի հարցը՝ աշխարհաքաղաքական շահերի հատման կետում

Վերջին օրերին Արցախին վերաբերող  հայտարարությունների հերթական չափաբաժինն են փոխանակել Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Բոլորն էլ խոսել են Ղարաբաղյան հակամարտության մասին՝ առաջնորդվելով սեփական շահերով։ Ռուսաստանը խոսել է ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին, Թուրքիան և Ադրբեջանը՝ «Զանգեզուրի միջանցքի» և միայն Հայաստանն է կրկին հայտարարել, որ հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Վերլուծաբանները կարծում են, որ այս փուլում ցանկացած կանխատեսում կարճաժամկետ է՝ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված։

Թուրք–ադրբեջանական տանդեմը այլևս չի թաքցնում, որ 44–օրյա պատերազմի ժամանակ կողմերը գործել են միասին ու համակարգված։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն է հայտարարել, թե Ղարաբաղի հարցը լուծել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնական ջանքերով։ Այս համատեքստում է խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջ շարժվելու մասին, որին արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը․

«Թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի, այնուամենայնիվ, մենք պարբերաբար կապ ենք տեսնում Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացի և Հայաստան–Ադրբեջան գործընթացների միջև։ Կապ, որը Թուրքիայի իշխանության ներկայացուցիչներն են փորձում գտնել կամ ընդգծում են յուրաքանչյուր առիթով։ Մենք չենք կարծում, որ սա կառուցողական է»։

Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանել է նաև Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարություններին, ըստ որոնց՝ նա ԵԱՀԿ ՄԽ լուծարված էր համարել։

Հայաստանի արտգործնախարարությունը ընդգծում է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի` ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որտեղ ասվում է. 

«Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։

Անցած 6 օրերի ընթացքում արցախյան կողմի մոտեցումները կրկին ներկայացվել են Ռուսաստանում․ հունիսի 21-27-ը աշխատանքային այցով այնտեղ էր Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում նա հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ 

Թեև պատերազմից հետո հատկապես տարբեր հարթակներոււմ ընթացող բանակցություններում առկախված է Արցախի կարգավիճակի հարցը, բայց պաշտոնական Ստեփանակերտի հստակ ձևակերպումը աշխարհի համար ներկայացնում է Դավիթ Բաբայանը․

«Կարգավիճակի խնդիրը շատ բարդ է, և ակնկալել շուտ կարգավորում՝ չի ստացվելու։ Հետևաբար, մենք պետք է նաև իրատես լինենք և հասկանանք, որ վերջնական և համապարփակ կարգավորումը դեռևս հեռավոր ապագայի խնդիր է։ Դրա համար պետք է պահենք և պահպանենք Արցախը բոլոր միջոցներով։ Հնարավորությունները կան։ Հետևաբար, եթե նույնիսկ չկա համապարփակ կարգավորում, Արցախը կպահպանի իր կարգավիճակը որպես դե ֆակտո անկախ, ինքնիշխան երկիր, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու հետագայում։ Կարմիր գիծ է, որ Ադրբեջանի հետ մենք որևէ ձևով չենք կարող լինել նրանց կազմում կամ ինչ–որ տեղ նրանցից կախված»։

Սա հենց այն կետն է, որի շուրջ նախկին և ներկա իշխանությունների մոտեցումները հակադրվում են։ Վիճաբանման կիզակետը կարգավորման որևէ փուլում նոր հանրաքվե կազմակերպելու գաղափարն է։ Բանակցային փուլերում միջնորդներից տարբեր  առաջարկներ են եղել։ Սկզբում քննարկվել է ընդհանուր պետության գաղափարը, երկրորդ փուլում տարածքների փոխանակման տարբերակն էր, երրորդը՝ 2007–ի Մադրիդյան առաջարկներն էին։ Հենց դրանցում աստիճանաբար ամրագրվեց Ղարաբաղում նոր հանրաքվե անցկացնելու կետը։ Բոլոր առաջարկներում էլ Ղարաբաղը դիտարկվել է որպես Ադրբեջանի մաս, անգամ Մադրիդյան սկզբունքներում և նոր հանրաքվեի առաջարկում, պնդում է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանը վետոյի իրավունք է ստացել ԼՂ ապագա կարգավիճակի որոշման հարցում։

«Նախատեսվում էր, որ ԼՂ կարգավիճակի որոշման հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում։ Ադրբեջանն ասում էր, որ հանրաքվեն պետք է տեղի ուենանա ոչ շուտ, քան 50 տարի անց, Հայաստանն ասում էր՝ 5 տարի անց։ Սա նշանակում է, որ հանրաքվեն տեղի չէր ունենա։ Այսինքն՝ ԼՂ–ն երբեք չէր ունենա վերջնական կարգավիճակ։ ԼՂ–ն երբեք չէր ունենա նաև միջանկյալ կարգավիճակ, որովհետև միջանկյալ կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ։ Հայաստանի ամբողջ ասելիքը եղել է այն, որ ԼՂ–ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ահա, 2000–ականների կեսին մադրիդյան սկզբունքները ընդունելով ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Դաշնակցություն եռյակը փաստորեն ԼՂ–ն վերադարձրել են Ադրբեջանի կազմ։ Այսինքն՝ ասել, որ 1991 թվականի դեկտեմբերի 10–ին տեղի ունեցած հանրաքվեն Արցախի կարգավիճակը չի որոշել»։

Մադրիդյանի սկզբունքներն այլ կերպ է մեկնաբանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա ամենաշատն է աշխատել և բանակցել հենց այդ փաստաթղթի շուրջ։ Իր պարզաբանումներից մեկում նա ասել է․

«Հանրաքվեի մանրամասները երբեք չեն քննարկվել, թողնվել են հիմնական պայմանագրին։ Ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Ադրբեջանը նույնիսկ կարող էր երբեք չհամաձայնել հանրաքվեի։ Բայց փաթեթային լուծումը հնարավորություն չի տալիս կողմերից մեկին ստանալ՝ ինչ ցանկանում է, այնուհետև ասել՝ այսպես այս մնացած պայմաններով։ Հենց դրա համար էր հանձնվում 5 շրջան, երկուսը մնում էր։ Մինչև հանրաքվեն չանցներ, այն երկուսը պետք է մնային՝ Լաչինն ու Քելբաջարը։ Այնպես որ, ադրբեջանցիներն ընտրություն ունեին՝ կամ անցկացնել Հանրաքվե, Ղարաբաղը շատ լեգիտիմ թողնել իր կազմից դուրս, կամ Լաչինն ու Քելբաջարը թողնել այնտեղ։ Եթե իրենց ձեռնտու էր դա, թող այդպես անեին։ Կապրեին այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները կցանկանային Հանրաքվե անցկացնել»։

44–օրյա պատերազմից հետո փոփոխված ստատուս–քվոն փոխել է նաև ձևակերպումները, այս փուլում անհրաժեշտ է հասկանալ բանակցային գործընթացում կիրառվող անգամ ամենապարզ բառի իրական իմաստը։ Տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյան․

«Երբ խոսվում է իրավունքների և անվտանգության մասին, դա բնավ չի ենթադրում որևէ կարգավիճակ։ Այս պահին խոսքն ավելի շատ գնում է Ադրբեջանի կազմում հնարավոր կարգավիճակի մասին, բայց մենք գործ ունենք հստակ երրորդ կողմերի հետ, որոնք ունեն իրենց շահերը»։

Վերլուծաբանը նկատի ունի միջնորդներին, որոնք այս դեպքում առաջնորդվում են իրենց շահերով։ Կոնկրետ Ռուսաստանի դեպքում ակնհայտ է նրանց ցանկությունը երկար մնալ տարածաշրջանում․ դա պատճառներից մեկն է, որ Արցախի կարգավիճակի հարցը կարող է թողնվել ապագային․

«Մեր քայլերը խիստ սահմանափակ են՝ փորձել համադրել երրորդ դերակատարների շահերի հետ, որոնք կոնկրետ հետաքրքրություն ունեն այս տարածաշրջանում ներկայություն ապահովելու համար։ Այս պահին թիվ մեկ նման դերակատարը, չնայած անընդհատ նվազող ռեսուրսներին, ՌԴ–ն է։ Արցախի հարցի լուծումը ենթադրում է նոր համաձայնագիր, որն ի չիք է դարձնում նոյեմբերի 9–ի համաձայնագիրը, հետևաբար՝ Ռուսաստանն այլ տարբերակ  չունի, քան  զորքերը դուրս բերելը։ Երկրորդը, ինչն այս պահին ես ևս չեմ բացառում, Արևմուտքի համար որևէ լծակի հնարավորության պահպանումն է այս տարածաշրջանում, արդեն Ադրբեջանի և ինչու ոչ՝ Թուրքիայի վրա ներազդելու համար։ Եվ այդ անվտանգության երաշխիքների տրամադրումը ես ևս դիտարկում եմ ինչ–որ ժամանակավոր կոնտինգենտի ներկայություն, և դա կարող է անգամ ռազմական էլ չլինել»։

Վերլուծաբանի կարծիքով՝ այժմ Հայաստանը փորձում է նվազեցնել հնարավոր էսկալացիայի վտանգը և ընթացքում փորձում է համադրել շահերը։ Վերլուծական շրջանակներում  գիտակցում են, որ աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումները խիստ կարճաժամկետ են դարձնում ցանկացած կանխատեսում։

Back to top button