ԿարևորՀասարակություն

Սենյակ, որ 10000 անգամ մաքուր է ամենամաքուրից․ բացառիկ լաբորատորիա Ֆիզիկայի ինստիտուտում

Երևանի Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտում եզակի, տեսակի մեջ բացառիկ լաբորատորիա է բացվել, ֆիզիկոսների ձևակերպմամբ՝ «Մաքուր սենյակ»։ Ինչո՞ւ, քանի որ այն 10000 անգամ ավելի մաքուր է մեր պատկերացրած ամենամաքուր սենյակից, օդը գրեթե կատարյալ է։ Սենյակ-լաբորատորիայում հնարավոր է ուսումնասիրել նանոնյութեր, որոնք 1 միլիոն անգամ փոքր են 1 մմ-ից։ Ֆիզիկայի ինստիտուտում վստահ են՝ սա թույլ կտա նոր միջազգային ծրագրեր բերել Հայաստան, նաև նոր որակի ուսումնասիրություններ անել ֆիզիկայի ոլորտում։

Սենյակ, որը շուրջ 10000 անգամ մաքուր է մեր պատկերացրած ամենակոկիկից, սենյակ, որտեղ փոշու նույնիսկ անտեսանելի մասնիկներ չկան, սենյակ, որտեղ մուտքը միայն հատուկ համազգեստով է, և վերջապես սենյակ, որն ինքնամաքրվում է։ Երևանի՝ Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտում տեղակայված սենյակը մի քանի օրական է։ Ինստիտուտում սա նվաճում են համարում, նոր էջ՝ ժամանակակից հետազոտությունների համար։ «Մաքուր սենյակ» կոչվող լաբորատորիայում աշխատում են այնպիսի «մարմինների» ու մասնիկների հետ, որոնք փոշու անգամ անտեսանելի մասնիկներից 1000 անգամ փոքր են։

«Մենք հաճախ ենք լսում, որ տեխնիկայի զարգացումը կախված է նանոտեխնիկայի զարգացումից․ նանոնյութերը մարմիններ են, որոնց չափերը նանոմետրական են, այսինքն՝ 1մմ-ից 1 միլիոն անգամ փոքր։ Դե հիմա պատկերացրեք այսպիսի փոքր մասնիկի վրա նստի, օրինակ, փոշի, որի չափերը 1000 անգամ ավելի մեծ են, կստացվի, որ մի ահռելի օբեկտ նստել է բարակ թաղանթի վրա, և արդյունքում այդ թաղանթը չի կարող դրսևորել իր իրական ֆունկցիաները, հետևաբար անհրաժեշտ է այս «մաքուր սենյակ» լաբորատորիան՝ դրանք անսխալ ուսումնասիրելու համար»,– մանրամասնում է Ֆիզիկայի ինստիտուտի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի նանոկառուցվածքների և նանոնյութերի հետազոտության խմբի ղեկավար Նարեկ Մարգարյանը։

Ֆիզիկայի ինստիտուտի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի նանոկառուցվածքների և նանոնյութերի հետազոտության խմբի ղեկավար Նարեկ Մարգարյան

Սենյակ-լաբորատորիայում օդը կատարյալ մաքուր է, տարածքի մաքրության պատասխանատուն 6 հատուկ ֆիլտրեր են։

«Մենք ունենք սարք, որը ցույց է տալիս, թե սենյակում որ մասնիկների քանակը որքան է։ Մեր սենյակը 1000 դասի մաքուր սենյակ է, այսինքն՝ մեկ ոտնաչափ խորանարդ ծավալի մեջ 0.5 միկրոմետրը գերազանցող մասնիկների քանակը չպետք է գերազանցի 1000-ը։ Մեր սարքերը ցույց են տալիս, որ մեր սենյակը ապահովում է անհրաժեշտ մաքրությունը»,– ասում է Մարգարյանը։

Նախկինում ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողները չէին կարող միջազգային որոշ ծրագրերի մասնակցել լաբորատորիայի բացակայության պատճառով․ հիմա արդեն նոր համագործակցության սկիզբը դրված է՝ ասում է հետազոտության խմբի ղեկավար Նարեկ Մարգարյանը։

«Առաջին հերթին նախատեսում ենք իրականացնել մեր գիտահետազոտական նախագծերը, այսինքն՝ մեր պլանները վերաբերում են հիմնականում գիտությանը, բայց մեր գիտական ծրագրերն ունեն նաև կիրառական  նշանակություն»։

Լաբորատորիան առաջինն է Հայաստանում, տեսակի մեջ՝ բացառիկ։ Մարգարյանը պատմում է՝ նախագծման փուլում անգամ մասնագետներ չէին կարողանում գտնել․ աջակցել է ամերիկյան ԱՐՓԱ ընկերությունը՝ ֆինանսավորել և «Մաքուր սենյակ» պատրաստողների ուղարկել Հայաստան։

«Ունենք արդեն մեկնարկած դրամաշնորհային ծրագրեր, որոնք վերաբերում են նոր սերնդի արեգակնային էլեմենտների պլանավորմանը, այսինքն՝ ֆոտովոլտային կերպափոխիչների նոր սերնդի մոդելավորմանը և պատրաստմանը, որոնք վերաբերում են ջերմային ճառագայթների ֆոնը քողարկող նանոթաղանթների պատրաստմանը, որոնք վերաբերում են տարատեսակ տվիչների պատրաստմանը և այս բոլոր ծրագրերն իրականացվելու են հենց մաքուր սենյակում»։

Այսպիսի սենյակներն աշխարհում տարբեր նպատակներով է կիրառվում․ դեղագիտական ընկերություններն ու հիվանդանոցները դրանք օգտագործում են խիստ ստերիլ վիրահատությունների համար։ Ֆիզիկայի ինստիտուտում դրա հետ գիտական ծրագրեր են կապում։ Առանցքային ծրագրերից մեկը վերաբերում է նանոնյութերի կիրառությամբ նոր սերնդի արևային վահանակների մշակմանը, և այդ ուղղությամբ ուսումնասիրությունները նախատեսվում են հենց մաքուր սենյակում։

Back to top button